Հայաստանը ևս մեկ քայլով մոտենում է ՀԱՊԿ-ին հրաժեշտ տալու պահին

Հայաստանը ևս մեկ քայլով մոտենում է ՀԱՊԿ-ին հրաժեշտ տալու պահին

Ռուսաստանը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում անդամակցության հարցի լուծման համար առայժմ ընտրել է միջանկյալ տարբերակը։ Այս մասին նշեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

Քաղաքագետի խոսքով՝  ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցման պայմաններում իրավիճակի կարգավորման երեք հնարավոր տարբերակ ուներ՝ Ռուսաստանը կարող էր ոչինչ չանել և թույլ տալ, որ Հայաստանի դե ֆակտո սառեցված անդամակցությունը շարունակվի, կարող էր զրկել Հայաստանին ձայնի իրավունքից կամ ընդհանրապես բարձրացնել ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը։

Պողոսյանի գնահատմամբ՝ ձայնի իրավունքից զրկելու որոշումը գործնականում էական փոփոխություններ չի առաջացնի, քանի որ վերջին տարիներին Հայաստանը չի մասնակցել կազմակերպության քննարկումներին և չի օգտվել որոշումների ընդունման գործընթացում իր հնարավորություններից։

«Գուցե կարող ենք ենթադրել, որ Հայաստանը ցանկության դեպքում այլևս չի կարողանա, օրինակ, վետո դնել որևէ որոշման վրա, բայց որքանով ես եմ տեղյակ, վերջին տարիներին Հայաստանը նման փորձ չի էլ արել։ Հետևաբար, կարծում եմ՝ գործնական կյանքում ոչինչ չի փոխվի, սակայն մենք կարձանագրենք, որ Հայաստանը ևս մեկ քայլով մոտենում է ՀԱՊԿ-ին հրաժեշտ տալու պահին»,– նշել է նա։

Կողմերը չեն ցանկանում ստանձնել ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման պատասխանատվությունը

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Հայաստանը վերջնական որոշում չի կայացնում և պաշտոնապես դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, քաղաքագետը նկատել է, որ Հայաստանի ղեկավարության հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե Երևանը նախընտրում է, որ կազմակերպությունն ինքը նախաձեռնի այդ գործընթացը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը մի քանի անգամ հայտարարել է, որ ուրախ կլիներ, եթե ՀԱՊԿ-ն ինքն իրեն հեռացներ։ Մյուս կողմից՝ կազմակերպությունն էլ կարծես չի ցանկանում ստանձնել այդ քայլի պատասխանատվությունը։

Պողոսյանի կարծիքով՝ երկու կողմերն էլ կարող են մտահոգված լինել ՀԱՊԿ-ից Հայաստանի դե յուրե դուրս գալուց հետո հնարավոր զարգացումներով և դրանց համար պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտությամբ։

«Եթե Հայաստանն է դուրս գալիս, հետո տեղի է ունենում ինչ-որ գործընթաց, ապա կարող են ասել՝ տեսեք, եթե Հայաստանը դուրս չգար, դա տեղի չէր ունենա։ Եվ հակառակը՝ ՀԱՊԿ-ին կարող են ասել՝ եթե դուք Հայաստանին ՀԱՊԿ-ից չհեռացնեիք, ապա ինչ-որ բաներ կարող էին տեղի չունենալ»,– նշել է քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ կողմերը չեն ցանկանում ամբողջական պատասխանատվություն ստանձնել այն ենթադրյալ հետևանքների համար, որոնք կարող են առաջանալ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից պաշտոնապես դուրս գալու դեպքում։

ՀԱՊԿ-ին դիմելու իրավունքը գործնական նշանակություն չունի

Անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությանը, թե նույնիսկ ձայնի իրավունքից զրկվելու դեպքում Հայաստանը շարունակում է պահպանել կոլեկտիվ անվտանգության մեխանիզմներից օգտվելու իրավունքը՝ Պողոսյանը նշել է, որ անհրաժեշտ է տարբերակել իրավական կարգավորումները և քաղաքական իրողությունները։

Նրա խոսքով՝ իրավական տեսանկյունից Հայաստանը, չնայած ձայնի իրավունքից զրկվելուն, շարունակում է պահպանել ՀԱՊԿ-ին դիմելու հնարավորությունը, եթե ենթարկվի ագրեսիայի։ Մասնավորապես, կազմակերպության կանոնակարգերը նախատեսում են խորհրդակցություններ անցկացնելու և աջակցություն ստանալու համար դիմելու տարբերակներ։

Սակայն, քաղաքագետի գնահատմամբ, այդ իրավունքի պահպանումը ներկայիս պայմաններում գործնական նշանակություն չունի։ Հայաստանի անդամակցությունը ավելի քան երկուսուկես տարի փաստացի սառեցված է, իսկ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ կազմակերպության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է կամ հասել զրոյի։

«Նույնիսկ այնպիսի դեպքում, եթե Հայաստանը կարիք ունենա ինչ-որ աջակցության, պարզ է, որ այս պահի դրությամբ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմի»,– նշել է նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ ներկայումս Հայաստանի նկատմամբ ուղղակի ռազմական ագրեսիայի կամ ռազմական ուժի կիրառման հավանականությունը մոտ է զրոյի։ Իսկ նույնիսկ հակառակ իրավիճակի դեպքում, հաշվի առնելով վերջին տարիների զարգացումները և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, դժվար թե Հայաստանը դիմի կազմակերպությանը։

Պողոսյանի խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը, ըստ էության, պարզապես արձանագրում է, որ Հայաստանը իրավական առումով դեռևս չի զրկվում կոլեկտիվ անվտանգության մեխանիզմներից օգտվելու իրավունքից։

Scroll to Top