Ի՞նչ կլինի, եթե նոր Սահմանադրությունը չստանա խորհրդարանի 2/3 աջակցությունը

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը մտնում է նոր փուլ․ նոր Սահմանադրության նախագծի ամբողջական տեքստը պատրաստ է, և հաջորդ քայլը դրա հրապարակումն ու լայն հանրային քննարկումների կազմակերպումն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ 

Նախագիծը պատրաստ է, հաջորդ փուլը՝ հանրային քննարկումները

Նախարարի խոսքով՝ երբ նա նշանակվեց նախարար, կայացրեց սկզբունքային որոշում հրաժարվել հայեցակարգային երկար քննարկումներից և անմիջապես անցնել Սահմանադրության տեքստի մշակմանը․

«Երբ նշանակվեցի պաշտոնում, ասացի, որ այլևս մշակելու ենք տեքստը։ Հայեցակարգին չենք անդրադառնալու, նախ որովհետև այն արդեն կար, թեկուզ ոչ բոլոր հարցերին վերաբերող։ Շատ արագ հասկացա, որ որքան էլ հայեցակարգային հարցեր քննարկվեն, սահմանադրական բարեփոխումների խորհրդում կոնսենսուս չի ձևավորվելու։ Այդ պատճառով որոշվեց տեքսի մ՛ակման ամբողջ աշխատանքը անցկացնել Արդարադատության նախարարությունում և արդեն պատրաստի տեքստը ներկայացնել մասնագիտական քննարկման»։

Նրա խոսքով՝ այդ աշխատանքն արդեն ավարտված է։ «Այս պահին տեքստը, ըստ էության, ամբողջական է, և մենք սպասում ենք, որպեսզի այն դնենք հանրային քննարկման։ Մեր սևագիր աշխատանքն արված է, հիմա պետք է այն քննարկենք քաղաքացիների հետ, լսենք արձագանքները, բացատրենք, թե ինչու են առաջարկվում այս կամ այն փոփոխությունները»։ Նախարարը հատուկ ընդգծել է, որ հրապարակվելիք տարբերակը վերջնական չէ։ «Այն, ինչ կհրապարակվի, չի լինելու վերջնական տեքստը։ Այն պետք է անցնի բազմաթիվ հանրային քննարկումների միջով, լրամշակվի, ֆիլտրվի, հաղորդակցվի հանրության հետ, և միայն դրանից հետո դառնա վերջնական նախագիծ»։

Իշխանությունների հավասարակշռությունից մինչև դատական համակարգ

Նախարարը ներկայացրել է նաև նախագծում ներառված հիմնական ինստիտուցիոնալ փոփոխությունները։ Նրա խոսքով՝ նախատեսվում է ուժեղացնել իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների համակարգը, ընդլայնել Ազգային ժողովի վերահսկողական գործառույթները, ինչպես նաև ամրապնդել դատական իշխանության անկախությունը։

Գալյանի խոսքով՝ մասնավորապես նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդին տրամադրել լրացուցիչ լիազորություններ, որպեսզի այն կարողանա ավելի արդյունավետ պաշտպանել դատական իշխանության անկախությունը և ապահովել սեփական գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։

Ազգային ժողովի վերահսկողական գործառույթների ընդլայնման շրջանակում, նրա խոսքով, խոսքը զինված ուժերի լիազորությունները սահմանափակելու մասին չէ։

«Մենք զինված ուժերից որևէ լիազորություն չենք վերցնում, այլ Ազգային ժողովին տալիս ենք վերահսկողության հնարավորություն, օրինակ՝ զինված ուժերի կիրառման հետ կապված որոշ դեպքերում»։

Սահմանադրությունը հնարավորություն կտա ներդնել երդվյալների ինստիտուտը

Սրբուհի Գալյանը անդրադարձել է նաև վարչապետի կողմից բազմիցս բարձրացված երդվյալների ինստիտուտի ներդրման հարցին։

Նրա խոսքով՝ Սահմանադրությունը կսահմանի միայն այդ հնարավորությունը, իսկ ամբողջ կարգավորումը կիրականացվի օրենքներով։

«Օրենքով նախատեսված դեպքերում գործերը կարող են քննվել երդվյալների ներգրավմամբ։ Այդ հարցերը պետք է ավելի մանրամասն կարգավորվեն օրենքներով»։

Նախարարը նաև պարզաբանել է, որ այս փոփոխությունը որևէ առնչություն չունի Սահմանադրական դատարանի գործունեության հետ։

«Սահմանադրական դատարանը լրիվ առանձին ինստիտուտ է։ Այն իրականացնում է սահմանադրական արդարադատություն, և երդվյալների մասնակցությունն այնտեղ չի կարող լինել»։

Մարդու հիմնարար իրավունքների շրջանակը կընդլայնվի

Նախարարի խոսքով՝ նախագծի կարևորագույն ուղղություններից մեկը մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումն է։

Նա հայտնել է, որ առաջարկվում է ընդլայնել հիմնարար իրավունքների ցանկը՝ այդ կարգավիճակ տալով նաև առողջապահության և սոցիալական ապահովության իրավունքներին։

«Այսօր դրանք երկրորդ սերնդի իրավունքներ են և պաշտպանվում են այլ մեխանիզմներով։ Մենք բոլոր հիմնարար իրավունքները մեկ գլխում ենք ամրագրում, այսինքն՝ դրանք դասում ենք մարդու հիմնարար իրավունքների շարքին, իսկ պետությունը ստանձնում է ավելի մեծ պարտավորություններ դրանց պաշտպանության հարցում»։

Նոր Սահմանադրությունը կսահմանի նաև քաղաքացիների պարտականությունները

Սրբուհի Գալյանի խոսքով՝ նախագծի առանցքային նորամուծություններից մեկն այն է, որ այն հստակ տարանջատում և դասակարգում է ոչ միայն մարդու իրավունքները, այլև պարտականությունները։

Նախարարը նշել է, որ թեև որոշ մասնագետներ գտնում են, որ Սահմանադրությունը պետք է ամրագրի միայն պետության պարտավորությունները, իրենք այլ մոտեցում են որդեգրել։

«Մենք այդ կարծիքին չենք, որովհետև մարդն ունի նաև պարտականություններ։ Օրինակ՝ պարտավոր է հարգել օրենքներն ու Սահմանադրությունը, ծնողները պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների մասին։ Կան նաև այլ պարտականություններ, որոնք այսօր էլ Սահմանադրությունում կան, սակայն մենք դրանք ավելի համակարգված ենք ներկայացնում, ինչպես նաև խմբավորում ենք պետության և քաղաքացիների համար նախատեսված արգելքները»։

Սահմանադրությունը պետք է դառնա մեր նոր պայմանագիրը հասարակության հոտ 

Ամփոփելով՝ արդարադատության նախարարը նշել է, որ նոր Սահմանադրության հաջողությունը կախված է ոչ միայն բովանդակությունից, այլև հանրության հետ բաց և հասկանալի հաղորդակցությունից։

«Մեր մեծագույն ցանկությունն այն է, որ ժողովուրդը գիտակցի, թե ինչին է կողմ կամ դեմ քվեարկելու։ Սահմանադրությունը պետք է դառնա մեր նոր պայմանագիրը միմյանց միջև և այն ուղղությունը, որով մեր պետությունը առաջ է շարժվելու»։

Ի՞նչ կլինի, եթե խորհրդարանում չապահովվի երկու երրորդ ձայների աջակցությունը

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք սահմանադրական փոփոխությունների ընդունման համար հնարավոր կլինի ապահովել Ազգային ժողովի պատգամավորների երկու երրորդի աջակցությունը, Գալյանը նշել է, որ այս հարցում գոյություն ունի մասնագիտական քննարկում։

Նրա խոսքով՝ քննարկվում է, թե արդյոք ժողովրդի կամարտահայտությունը կարող է սահմանափակվել խորհրդարանի կողմից, հատկապես այն դեպքերում, երբ Սահմանադրությունը նախատեսում է հանրաքվեի միջոցով որոշ հարցերի լուծման հնարավորություն։

«Մենք պետք է պատասխան ստանանք այս հարցերին և չափենք ժողովրդի ցանկությունը։ Երբ չափենք ժողովրդի ցանկությունը, գուցե ընդդիմությունն էլ այն ճիշտ գնահատի և համապատասխան որոշում կայացնի։ Եթե ոչ, այդ ժամանակ կմտածենք, թե ինչ մեխանիզմներ կարող են գործել, որպեսզի ժողովրդավարությունը չտուժի»։

Միաժամանակ նախարարը վերահաստատել է, որ իշխանությունը չի հրաժարվում սահմանադրական բարեփոխումների ծրագրից․ «Մենք մեր օրակարգն ունենք և դրանից չենք շեղվում։ Այս պահին պատրաստի տեքստը լրամշակվում է»։


👉 https://vectors.am/category/orensdrutyun/

Scroll to Top