Իրանի ցամաքային շրջափակումը կարող է ՀՀ-ի համար լուրջ փորձություն դառնալ

 ԱՄՆ-ում քննարկվում է Իրանի նկատմամբ ցամաքային շրջափակում սահմանելու հնարավորությունը, և եթե այդ սցենարը կյանքի կոչվի, Հայաստանը կարող է կանգնել բարդ աշխարհաքաղաքական ընտրության առաջ։ Նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը՝ մեկնաբանելով ամերիկյան մամուլում շրջանառվող հրապարակումները, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկվել է Իրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու տարբերակներից մեկը՝ երկրի ցամաքային շրջափակումը։

Բալասանյանը հիշեցրել է, որ Իրանը ցամաքային սահման ունի յոթ պետության հետ, որոնց թվում է նաև Հայաստանը, և հենց այդ պատճառով Երևանի դիրքորոշումը, նրա գնահատմամբ, կարող է դառնալ առանցքային հարցերից մեկը։ Միջազգայնագետը նշել է, որ նման զարգացումների դեպքում Հայաստանի իշխանությունները կհայտնվեն լուրջ փորձության առաջ։ Նա հիշեցրել է, որ դեռևս 2019 թվականին, երբ Հայաստան էր այցելել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով այն ժամանակվա խորհրդական Ջոն Բոլթոնը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տեսականորեն հայ-իրանական սահմանը կարող է փակվել։

Բալասանյանի խոսքով՝ այժմ կրկին առաջ է գալիս նույն հարցը՝ արդյոք պաշտոնական Երևանը կկարողանա դիմակայել հնարավոր արտաքին ճնշումներին, եթե Իրանի մեկուսացման ծրագիրը գործնական փուլ մտնի։ Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ն, առաջ մղելով TRIPP նախագիծը, իրականում ձգտում է վերահսկողություն հաստատել հայ-իրանական սահմանի նկատմամբ և շարունակում է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Բալասանյանի խոսքով՝ կան երկրներ, որտեղ արդեն տեղակայված են ամերիկյան ռազմական ստորաբաժանումներ, և դրանք, նրա համոզմամբ, կարող են ներգրավվել նման ծրագրի իրականացման մեջ։

Միջազգայնագետը նշել է, որ Հայաստանի որոշումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ ոչ միայն հայ-ամերիկյան հարաբերությունների, այլև հայ-իրանական համագործակցության վրա։ Նրա կարծիքով՝ բաց է մնում նաև հարցը, թե նման զարգացումների դեպքում արդյոք չի փոխվի Իրանի դիրքորոշումը Հայաստանի և հատկապես Սյունիքի նկատմամբ։

Անդրադառնալով տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին՝ Բալասանյանը նշել է, որ ռազմական գործողությունները վաղ թե ուշ կավարտվեն, հնարավոր է նաև ավարտվեն ԱՄՆ-Իրան բանակցությունները և նույնիսկ խաղաղության համաձայնագիր ստորագրվի։ Սակայն, նրա գնահատմամբ, դրանից հետո էլ տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական գործընթացներ են շարունակվելու։

Նա նաև անդրադարձել է Պարսից ծոցի արաբական պետությունների վարքագծին՝ նշելով, որ դրանք արդեն դիմում են Իրանին՝ խնդրելով չհարվածել իրենց տարածքներին։ Միջազգայնագետի խոսքով՝ հատկապես ակտիվ է Բահրեյնը, որը, նրա պնդմամբ, նախկինում կոշտ քայլեր էր ձեռնարկում Իրանի նկատմամբ համակրանք ցուցաբերող քաղաքական գործիչների և քաղաքացիների դեմ, իսկ այժմ փորձում է խուսափել հնարավոր իրանական պատասխան գործողություններից։

Ամփոփելով՝ Բալասանյանը նշել է, որ նույնիսկ ռազմական բախումների ավարտից հետո Մերձավոր Արևելքում դիմակայությունը չի ավարտվի, իսկ Իրանի շուրջ զարգացումները շարունակելու են էական ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության վրա։


👉 https://vectors.am/category/taratsashrjan/

Scroll to Top