Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը շատ ավելի լայն է, քան պարզապես հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Այս կարծիքն է հայտնում Միջին Արևելքի հարցերով փորձագետ Տիգրան Եգավյանը։
Նրա խոսքով՝ իրականում խոսքը գնում է մի ամբողջական աշխարհաքաղաքական նախագծի մասին, որում ներգրավված են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ դերակատարներ, և որի մեջ Սյունիքի ճակատագիրը դառնում է մի մեծ ու վտանգավոր խաղի մաս։ Նա ընդգծում է, որ միջանցքի գաղափարի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 2000-ականներից, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում քննարկվում էր այսպես կոչված Գոբլի պլանը։ Այդ ժամանակ արդեն քննարկվում էր Լաչինի և Զանգեզուրի միջանցքների փոխանակման գաղափարը, և Ադրբեջանի նպատակը Նախիջևանի հետ կապ ապահովելն էր։
Բայց Հայաստանի համար հարցը վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը՝ պետական ինքնիշխանության պահպանմամբ (օրինակ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում), իսկ Ադրբեջանը պահանջում է էքստերիտորիալ միջանցք, որն ամբողջությամբ դուրս կբերեր Հայաստանի վերահսկողությունը այդ տարածքից։
Փորձագետի կարծիքով՝ այս ձևաչափին աջակցում է Թուրքիան, ինչպես նաև մի շարք արևմտյան երկրներ՝ մասնավորապես Մեծ Բրիտանիան և Իսրայելը։ «Նրանց համար սա Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու և Կասպյան տարածաշրջանից էներգակիրների արտահանման համար այլընտրանքային երթուղի ստեղծելու գործիք է։ ԱՄՆ-ը ևս հետաքրքրված է, բայց միայն այն պայմանով, եթե կարողանա վերահսկել գործընթացը։ Սա հատկապես ակտուալ դարձավ Ուկրաինայում ունեցած ձախողումներից հետո։ Միջանցքը կարող է դառնալ «հաջող գործարք» և նույնիսկ Նոբելյան խաղաղության մրցանակի արժանի դիվանագիտական հաղթաթուղթ ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար», – նշել է նա։
Սակայն, այն իրավիճակում, երբ Երևանում խոսում են «ապաշրջափակման» իսկ Բաքվում՝ «միջանցքի» մասին, պարզ է դառնում, որ կողմերի մոտեցումների միջև խորը անդունդ կա։ Այս պարագայում Ադրբեջանը շարունակում է իր քայլ առ քայլ ճնշման քաղաքականությունը՝ այսպես կոչված «սալյամիի ռազմավարությունը», երբ Հայաստանի կայունությունը ամսնատվում է՝ դեմոգրաֆիկ, տարածքային, էներգետիկ մակարդակներով։ Եգավյանը մատնանշում է, որ Հայաստանը ունի բազմաշերտ անկայունություններ․ դեմոգրաֆիկ (բնակչության արտահոսք և անհամաչափություն Ադրբեջանի հետ), էներգետիկ (կախվածություն ռուսական գազից), պարենային (կախվածություն ռուսական հացահատիկից), մշակութային և քաղաքական (իշխանության և եկեղեցու հակամարտություն, հասարակության բևեռացում)։
Այս պայմաններում Ադրբեջանն ավելի ինքնավստահ է գործում՝ համոզված լինելով, որ Հայաստանը ունակ չէ ոչ արդյունավետ պաշտպանվելու, ոչ էլ՝ իրական բարեփոխումներ իրականացնելու։
Ըստ Եգավյանի՝ հայ ղեկավարները հմուտ են մարտավարությունում, բայց թույլ են ռազմավարության մեջ:«Հայաստանը լեռնային երկիր է, իսկ լեռներում պետք է նայել շուրջբոլորը։ Ցավոք, այսպիսի համակողմանի մոտեցում ես չեմ տեսնում ոչ Հայաստանի դիվանագիտության, ոչ էլ պաշտպանական քաղաքականության մեջ։ Սա մի պարադոքս է՝ հայերն, լինելով փայլուն շախմատիստներ, չեն ցուցաբերում ռազմավարական մտածողություն», — ասում է Եգավյանը։
Իրանի համար էքստերիտորիալ միջանցքի հայտնվելը աշխարհաքաղաքական մղձավանջ է։ Ադրբեջանում արդեն ներկայություն ունի Իսրայելը, իսկ այժմ ստեղծվում է ԱՄՆ-ի ազդեցության ամրապնդման ռիսկ։ Սա ձևավորում է ամերիկա-իսրայելական դաշինք՝ Իրանի հյուսիսային սահմանի երկայնքով։ Թեհրանը չի կարող վարել դասական պատերազմ Ադրբեջանի դեմ, Լիբանանի կամ Եմենի նման իրանամետ «փրոքսի» կառույցներ այս տարածաշրջանում նույնպես չունի։ Այսօր Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը ոչ թե հանուն Հայաստանի, այլ հանուն սեփական շահերի՝ Ռուսաստանի հետ ցամաքային կապը պահպանելու համար։
Եգավյանի գնահատմամբ՝ Իրանը խաղում է բարդ դիվանագիտական խաղ, բայց թուլացած դիրքերից։ Իր վրա ճնշում է գործադրում Իսրայելը, կորցնում է ազդեցության լծակները Ադրբեջանի նկատմամբ, իսկ Երևանում հուսալի գործընկեր չի տեսնում։ Իրանում Փաշինյանին չեն վստահում, համարում են արևմտամետ տեխնոկրատ, որն առաջնորդվում է առանց հստակ ռազմավարության։ Ըստ Եգավյանի՝ խնդիրը այն է, որ Հայաստանի քաղաքականությունը մնում է արձագանքող, այլ ոչ թե ձևավորող օրակարգ։

