Ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից 2025 թվականի հունիսի 16–25-ը կազմակերպված և «Ազատություն» ռադիոկայանի կողմից հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տալիս մտահոգիչ իրողություն՝ Հայաստանում չկա ոչ մի լիդեր, որը կկարողանա միավորել հասարակությանը։ Ներքաղաքական ցնցումների, արտաքին անորոշությունների ու սոցիալական խորացող դժգոհության պայմաններում նույնիսկ ամենապոպուլյար քաղաքական գործիչը ստացել է հարցվածների ընդամենը 13%-ի համակրանքը՝ թիվ, որ ոչ թե բացահայտում է առաջնորդին, այլ ավելի շուտ ի ցույց է դնում ինստիտուցիոնալ ու բարոյական ճգնաժամի խորությունը։
Այստեղ այլևս խոսքը միայն իշխանություն ընդդեմ ընդդիմության մրցակցության մասին չէ։ Խոսքն ընդհանուր քաղաքական համակարգի նկատմամբ վստահության համակարգային կորստի մասին է։
Եթե ներկայիս քաղաքական օտարացման մակարդակը պահպանվի, ապա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները կարող են անցնել աննախադեպ ցածր մասնակցությամբ ու սահմանափակ ներկայացվածությամբ։ IRI-ի հարցման համաձայն՝ հարցվածների 28 տոկոսը հայտնել է, որ չի պատրաստվում մասնակցել ընտրություններին, 12 տոկոսը մտադիր է փչացնել քվեաթերթիկը, իսկ ևս 22 տոկոսը չի կողմնորոշվել՝ կմասնակցի քվեարկությանը թե ոչ։ Այսինքն՝ ընտրելու իրավունք ունեցող շուրջ 2,573,779 քաղաքացիներից մոտ 1.6 միլիոնը՝ 62 տոկոսը, այս կամ այն կերպ օտարված է ընտրական գործընթացից։
Նույնիսկ եթե ենթադրենք, որ մի մասը վերջին պահին կգնա ընտրատեղամաս, այդուհանդերձ, ներկայիս միտումների պահպանման դեպքում ակնկալվող մասնակցությունը կարող է չգերազանցել 35–40 տոկոսը՝ շուրջ 900–1030 հազար քվեարկող։ Թեև իրավական տեսակետից ընտրությունները կճանաչվեն կայացած (քանի որ Հայաստանում մասնակցության շեմ չկա), սակայն փաստացի կձևավորված իշխանությունը կունենա շատ նեղ հասարակական ներկայացվածություն ու խոցելի լեգիտիմություն։
Ի՞նչ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պահպանի ներկայիս վարկանիշը՝ 17%։ Այս պարագայում այն կարող է ստանալ մոտ 174,000 ձայն՝ ինչը կազմում է ընտրողների ընդհանուր քանակի 7%-ից էլ պակաս ձայն։ Իրավական տեսակետից դա կլինի լեգիտիմ իշխանություն, սակայն ըստ էության՝ մինորիտար իշխանություն, որը ներկայացնում է հասարակության միայն փոքր հատվածի շահերը։ Համեմատության համար՝ 2021 թվականին Փաշինյանի կուսակցությունը ստացել էր մոտ 687,000 ձայն՝ գրեթե չորս անգամ ավելի։
IRI-ի հարցման պատկերացրած քաղաքական պատկերը միայն վարկանիշների անկում չէ, այլ՝ վստահության համակարգային ճգնաժամ։ Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ առաջին տեղում, նրա դիրքերը շարունակաբար թուլանում են. վերջին ինը ամսում նրա վարկանիշը նվազել է 16-ից 13%: Մյուս քաղաքական գործիչները, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, չունեն նույնիսկ 5% աջակցություն։ Ընդդիմադիր որևէ ուժ առայժմ չի առաջարկում համոզիչ այլընտրանք։ Սա հստակ ցույց է տալիս՝ երկրում գոյացել է քաղաքական վակուում, որտեղ որևէ ուժ չի կարող հավակնել լայն հասարակական ներկայացվածության։
Այս իրավիճակն առնվազն երկու հնարավոր սցենարի տեղ է թողնում։ Առաջինը՝ իշխանության պահպանում, երբ գործող վերնախավը՝ չնայած հասարակական աջակցության նվազմանը, շարունակում է կառավարել՝ ընդդիմության մասնատվածության և բնակչության քաղաքական պասիվության հաշվին։ Սակայն այս ուղին հղի է երկարատև անկայունությամբ, բողոքի ալիքներով, կառավարման արդոյունավետության կորուստով և արտաքին ազդեցության ուժեղացմամբ, քանի որ թույլ իշխանությունը դառնում է խոցելի։
Երկրորդ սցենարը՝ նոր քաղաքական ուժի ձևավորումն է, որը կկարողանա արձագանքել ժամանակի պահանջներին։ Վակուումը ոչ միայն առաջնորդող ուժի բացակայություն է, այլ նաև՝ հնարավորություն նոր ուժի ձևավորման համար։ Եվ քանի որ մինչև ընտրությունները գրեթե մեկ տարի կա, ակնհայտ է, որ փոփոխությունների հանրային պահանջը արդեն ձևավորված է։ Հարցը․ ով և ինչպես կարող է առաջարկել այնպիսի օրակարգ, որը կկարողանա գոնե մասնակիորեն գրավել հիասթափված մեծամասնությանը։
Սրա համար անհրաժեշտ է ոչ միայն խարիզմատիկ առաջնորդ, այլ նաև հստակ կառուցվածքային ծրագիր և ճգնաժամից դուրս գալու հասկանալի ռազմավարություն։ Եվ խոսքը միայն քաղաքականության մասին չէ. նույնքան կարևոր են տնտեսական և սոցիալական ուղենիշները, պետական ինստիտուտների հանդեպ վստահության վերականգնումը և արդարության զգացման հաստատումը։
Խոսուն է այն փաստը, որ քաղաքացիների միայն 36% է համարում, թե երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Այդ ցուցանիշը վերջին ինը ամսում նվազել է 10% Մասնավորապես հոռետեսորեն է տրամադրված երիտասարդությունը․ 18-35 տարեկան հարցվածների 54% վստահ է, որ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում։ Մինչդեռ հենց այդ տարիքային խումբն է փոփոխությունների շարժիչ ուժը՝ թե՛ ընտրական ակտիվացման, և թե՛ փողոցային պայքարի իմաստով։ Իշխանությունը, որը չի կարողանում շահել այս սերնդի վստահությունը, վտանգում է սեփական կայունությունը։
Այս իմաստով IRI-ի հարցման արդյունքները նախազգուշացում են քաղաքական համակարգին։ Հայաստանը մտնում է մի փուլ, երբ ֆորմալ գործընթացները կարող են հակասել իրական հանրային տրամադրություններին։ Եթե այդ ճեղքվածքը չհաղթահարվի, ապա 2026 թվականը կարող է դառնալ ոչ թե վերափոխման, այլ խորացող ճգնաժամի տարի՝ բոլոր ուղղություններով։

