Իրանի թուլացումը կարող է բարձրացնել էսկալացիայի ռիսկը հայ-ադրբեջանական համատեքստում

Եթե տեղի է ունենում Իրանի էական թուլացում կամ ուշադրության շեղում, սա կարող է բարձրացնել էսկալացիայի ռիսկը հենց հայ-ադրբեջանական կոնտեքստում։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

«Մեծ հաշվով, նույնիսկ հիմա Ադրբեջանին զսպող շատ լուրջ գործոններ չկան, և Իրանը այդ քչերից է։ Եթե հանկարծ Իրանի ազդեցությունը նվազի, Իրանը զբաղված լինի այլ հարցերով, իհարկե՝ շատ ավելի լայն հնարավորություններ են բացվելու ռազմական գործիքակազմի կիրառման համար», – նշել է նա։

Գրիգորյանի պնդմամբ՝ սա չի նշանակում, որ Ադրբեջանը անպայման կիրառելու է այդ գործիքակազմը։ Փորձագետի գնահատմամբ՝ լայնամասշտաբ պատերազմի լուրջ հավանականություն այս փուլում այդուհանդերձ չկա։ Սակայն, հաշվի առնելով նաև այլ հարակից խնդիրները, օրինակ՝ կոմունիկացիայի խնդիրը, որի շուրջ այս պահի դրությամբ որևէ լուծում չկա, ինչպես նաև այն փաստը, որ Ադրբեջանը կառուցում է երկաթգծի իր հատվածը սեփական տարածքում և դիտարկում էր Իրանի տարածքով այդ ուղին որպես այլընտրանքային՝ ներկայիս իրավիճակը կարող է ազդել նաև Հայաստանի ուղղությամբ Բաքվի վարած քաղաքականության վրա։

Նա պարզաբանեց, որ Իրանի տարածքով այդ այլընտրանքային ուղին ամբողջական լինելու համար անհրաժեշտ է Իրանի տարածքում մի շարք ենթակառուցվածքների՝ կամուրջների և այլնի կառուցում։ Իսկ ներկայիս գործընթացների պարագայում այդ ամենը հայտնվում է հարցականի տակ։

«Իսկ եթե չկա այդ իրանական այլընտրանքը, իհարկե՝ այսպես կոչված “Զանգեզուրի միջանցք” ստանալու հավակնությունները Բաքվի մոտ մեծանում են», – ասում է Գրիգորյանը։

Հարավային կոմունիկացիայի հարցը պոտենցիալ էսկալացիայի աղբյուր է, նշում է նա՝ հավելելով. «Եվ այստեղ, եթե այս շատ նուրբ տարածաշրջանային բալանսը խախտվում է և, օրինակ, Թեհրանի գործոնը թուլանում է, ուժի կիրառման հավանականությունը մեծանում է»։

Փորձագետի գնահատմամբ՝ այդ էսկալացիայի մասշտաբները ցանկացած պարագայում մեծ չեն լինելու։ «Կարող է, օրինակ, տեղի ունենալ հերթական փոքր էսկալացիա, որի հետևանքը կարող է լինել դիվանագիտական զիջում», – եզրափակել է նա։

Scroll to Top