Կրիպտո խարդախության նոր սխեմա․ հետքերը տանում են Ուկրաինա

Կրիպտո խարդախության նոր սխեմա․ հետքերը տանում են Ուկրաինա

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ահազանգում է վերջին ամիսներին Հայաստանում լայն տարածում ստացած կրիպտոակտիվների միջոցով իրականացվող խարդախության նոր սխեմայի մասին։

Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ խարդախության այս մեխանիզմը հատկապես ակտիվ է դարձել վերջին երկու ամիսներին։ Գումարների փոխանցումները կատարվում են միջազգային Binance հարթակում բացված մի քանի կրիպտո դրամապանակների միջոցով, իսկ դրանց վերջնական կանխիկացումը տեղի է ունենում Ուկրաինայում։

Նրա խոսքով՝ թեման հայտնվել է իր ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ տեղեկացել է այս սխեմայով իրականացված հերթական, ընդ որում՝ «հաջողված» խարդախության մասին։ Դեպքը վերաբերում է առողջապահական համակարգի մի աշխատակցի, ում հետ խարդախները կապ են հաստատել WhatsApp կամ Viber հավելվածների միջոցով։

Ինչպե՞ս է աշխատում խարդախության սխեման

Հովհաննիսյանի նկարագրությամբ՝ խարդախները ներկայանում են որպես իբր վստահելի անձինք՝ ԱԱԾ աշխատակից, Կենտրոնական բանկի ներկայացուցիչ կամ այլ իրավապահ մարմնի անունից հանդես եկող անձ։ Երբեմն նրանք հանդես են գալիս նաև «հարազատ մարդու» անունից՝ ստեղծելով վստահության մթնոլորտ։

Զանգահարողը կամ գրողը զոհին համոզում է, թե նրա գումարները վտանգի տակ են՝ իբր ահաբեկչության ֆինանսավորման կամ փողերի լվացման դեմ պայքարի շրջանակում իր գումարները կարող են «սառեցվել»։ Այդ «սառեցումից» խուսափելու համար, խարդախների խոսքով, անհրաժեշտ է շտապ կանխիկացնել գումարները և կատարել նրանց կողմից հստակ հրահանգված գործողությունները։

Խարդախները զոհին հրահանգում են կանխիկ գումարը փոխանակել կրիպտոարժույթի և փոխանցել կոնկրետ կրիպտո դրամապանակի։ Միաժամանակ նրանք հատուկ զգուշացնում են՝ որևէ դեպքում չասել, որ հրահանգը ստացել են իրավապահ մարմնից կամ Կենտրոնական բանկից, այլ նշել, թե դա իրենց խորհուրդ է տվել «հարազատ մարդ»։

Սխեման մշտապես «թարմացվում» է

Հովհաննիսյանի խոսքով՝ նախկինում խարդախներն ակտիվորեն օգտագործում էին կրիպտոմատները (կրիպտոարժույթի ավտոմատ փոխանակման սարքերը), սակայն այդ մեխանիզմը մեծ մասամբ կանխարգելվել է՝ սարքերի սեփականատերերի վերահսկողության շնորհիվ։

Այժմ, նրա խոսքով, խարդախները հիմնականում օգտվում են կրիպտո փոխանակման կետերից՝ մշտապես փոփոխելով և կատարելագործելով սխեման, որպեսզի այն ավելի համոզիչ թվա և հնարավոր լինի խաբել մարդկանց։

«Եթե մարդուն ասեին, որ զանգում է ԱԱԾ աշխատակիցը, նա կարող էր կասկածել։ Բայց երբ ասում են՝ քո որդին է ասել կամ դուստրդ է խնդրել, վստահությունը մեծանում է»,- նշում է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հենց այս հոգեբանական ճնշման վրա է հիմնված սխեման։


👉 https://vectors.am/category/orensdrutyun/

Scroll to Top