Կատարված բյուջե այսօր, դատարկ բյուջե՝ վաղը․

Գեղեցիկ թվերի հետևում թաքնված իրականությունը․ բյուջեն 1 ամսում կդատարկվի՞

ՀՀ իշխանությունների կողմից ներկայացվող պետական բյուջեի կատարողականն ու տնտեսական աճի պատկերն իրականության հետ էական հակասությունների մեջ են։ Նման կարծիքի է փորձագետ  Նաիրի Սարգսյանը։ 

200 միլիարդ դրամի պակասուրդից խուսափել չի հաջողվի

Նրա խոսքով՝ դեռևս 2024 թվականի բյուջեի եկամտային հատվածում շուրջ 223 միլիարդ դրամի խնդիր էր արձանագրվել, իսկ արդեն 2025 թվականի բյուջեի պլանավորման ժամանակ եկամուտների ցուցանիշը լրացուցիչ 190 միլիարդ դրամով ավելացվեց։

«Տարեսկզբին մենք հայտարարում էինք, որ շուրջ 400 միլիարդ դրամի հավաքագրման խնդիր է լինելու, նույնիսկ եթե հաշվի առնենք գնաճը և որոշ ոլորտներում հավաքագրված հարկերի աճը»,- նշում է Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այդ «հավելյալ եկամուտների» մի զգալի մասը ձևավորվել է դեռ երեք-չորս տարի առաջ մեկնարկած շինարարական ծրագրերի հաշվին, որոնք հարկային պարտավորությունները կատարում են միայն իրավական ավարտից հետո։ «Ըստ էության, որոշ չափով այստեղ նաև Նիկոլ Փաշինյանի բախտն է բերել»,- ընդգծում է նա։

Սարգսյանի գնահատմամբ՝ լավագույն դեպքում իշխանությունները կարող են ապահովել հայտարարած 190 միլիարդ դրամի հավաքագրումը, սակայն ևս շուրջ 200 միլիարդ դրամի պակասուրդից խուսափել չի հաջողվի։ 

Բացահայտ մանիպուլյացիա․ Կատարված բյուջե այսօր, դատարկ բյուջե՝ վաղը

Այդուհանդերձ, իշխանությունները հայտարարում են, թե բյուջեն ամբողջությամբ կատարված է։ Տնտեսագետի խոսքով՝ այստեղ գործ ունենք բացահայտ մանիպուլյացիայի հետ։

Նա նշում է, որ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) մի զգալի մաս պետության պարտքն է գործարարներին, քանի որ վերջիններս այն վճարում են կանխավճարի ձևով։ «Պարզ օրինակ բերեմ․ եթե մարդը խանութում 20 հազար դրամ վճարել է, ապա հետագայում այդ գումարը հանվում է հաջորդ հաշվարկներից։ ԱԱՀ-ն հենց այդ տրամաբանությամբ է աշխատում»,- ասում է Սարգսյանը։ Նրա խոսքով՝ հարկային մարմինները գործարարներին առաջարկում են ժամանակավորապես չճշգրտել հաշվետվությունները, որպեսզի պայմանականորեն 100 միլիոն կամ 1 միլիոն դրամը հունվարին երևա որպես բյուջեի եկամուտ, իսկ հետո այն հետ վերադարձվի։ «Ստացվում է խաբկանք․ իբր բյուջեն կատարվել է, բայց հունվարին բյուջեն կրկին դատարկվում է»,- նշում է նա։

ՀՆԱ-ի աճը կասկածելի է

Սարգսյանը կասկածի տակ է դնում նաև տնտեսական աճի վերաբերյալ իշխանությունների ներկայացրած պատկերացումը։ Նրա խոսքով՝ ՀՆԱ-ի աճը պայմանավորված է ներքին և արտաքին առևտրաշրջանառությունների հանրագումարով, մինչդեռ Հայաստանում արտաքին առևտրաշրջանառությունը տարվա վերջում, ըստ նրա գնահատականների, կկրճատվի մոտ 50 տոկոսով։ Սա, նրա խոսքով, պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմով առաջացած վերարտահանման գործընթացներով, որոնք այժմ դադարել են։

Ինչ վերաբերում է ներքին սպառմանը, Սարգսյանը նշում է, որ այն կարող է աճել միայն բնակչության թվի կամ զբոսաշրջային հոսքերի ավելացման դեպքում։ Սակայն պաշտոնական տվյալներով՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմում է շուրջ 1,7 միլիոն՝ գրեթե նույնքան, որքան նախորդ տարի։ «Այսինքն՝ զբոսաշրջային աճ չունենք, բնակչության աճ չունենք, հետևաբար սպառումը չի կարող ավելանալ։ Այդ դեպքում ինչի հաշվին է աճ գրանցվում՝ անհասկանալի է»,- ընդգծում է նա՝ դա նույնպես որակելով որպես պատրանք։

Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանում է՝ միջին խավը վերացվում է

Տնտեսագետը շեշտում է, որ իրականում Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանում է։ Նրա խոսքով՝ պաշտոնական տվյալներով անգամ աղքատությունը գերազանցում է 40 տոկոսը, եթե հաշվի առնենք աղքատության վերին շեմը, որը վերաբերում է ամսական մինչև 63 հազար դրամ եկամուտ ունեցողներին։ Միաժամանակ սպառողական զամբյուղի արժեքը կազմում է շուրջ 80 հազար դրամ։ «Սոցիալական բևեռացումն արդեն խայտառակ մակարդակի է հասել․ մենք միջին խավ պարզապես չունենք»,- ասում է Սարգսյանը։

Նրա գնահատմամբ՝ իշխանությունների քաղաքականությունն էլ ուղղված է հենց միջին խավի վերացմանը։ Չնայած հայտարարություններին՝ փոքր և միջին բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու մասին, իրականում բարձրացվում են հարկերը, խստացվում է վարչարարությունը և ներդրվում է «ագրեսիվ հարկային վարչարարություն»։ 

Սարգսյանի խոսքով՝ բարձր վարկային տոկոսադրույքները, դրանց անհասանելիությունը, առցանց առևտրի աճը և խոշոր բիզնեսի գերակայությունը հանգեցնում են նրան, որ փոքր և միջին ձեռնարկատիրությունը կորցնում է մրցունակությունը։ Խոշոր սուպերմարկետային ցանցերը լայնանում են, դուրս մղում փոքրերին շուկայից և փաստացի սկսում են թելադրել գնային քաղաքականություն՝ ստեղծելով հակամրցակցային պայմաններ։

Խոշոր բիզնեսի կենտրոնացումը սահմանափակ թվով ընտանիքների ձեռքում հնարավորություն է տալիս իշխանություններին վերահսկել աշխատակազմերը և ընտրական գործընթացները։ «Մի կողմից վերացվում է ինքնուրույն մտածող միջին խավը, մյուս կողմից ձևավորվում է իշխանության վերարտադրության նոր մեխանիզմ»,- եզրափակում է նա։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top