Կուսակրոնության պատմական արմատները՝ ի հեճուկս բարոյական զրույցների

Եկեղեցու խնդիրների մասին կարող է խոսել միայն նա, ով իր կյանքով հետևում է եկեղեցու կանոններին: Այս մասին նշել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով ՀԱԵ շուրջ ստեղծված իրավիճակը։

Նրա համոզմամբ, եթե որևէ մեկը իրեն համարում է առաքելական եկեղեցու հետևորդ, սակայն ամուսնացած չէ եկեղեցու կանոնով, ապա նա բարոյական իրավունք չունի ընդհանրապես միջամտելու եկեղեցական հարցերին։ «Եկեղեցին ինքնաբավ կառույց է՝ իր ներսում կարգավորվող կանոնակարգով, և խնդիրները նույնպես պետք է լուծվեն ներսում, ոչ թե աշխարհիկ հարթությունում», — նշում է Բոզոյանը։

Հայաստանում կրոնական և աշխարհիկ իշխանությունները սահմանադրորեն տարանջատված են, և ցանկացած փորձ խառնելու այդ դաշտերը՝ հղի է Սահմանադրության խախտմամբ։ «Սա չափազանց կարևոր հարց է, որը դուրս է եկեղեցիների ներքին վեճերի շրջանակից։ Խոսքը արդեն իրավական հարթության մասին է», — շեշտում է նա։

Քաղաքագետը քննադատում է նաև կուսակրոնության շուրջ արվող բարոյական մեկնաբանությունները՝ ներկայացնելով պատմական համատեքստ։ Նրա խոսքով, Գրիգոր Լուսավորիչը, որին հայ եկեղեցին ընդունում է որպես առաջին կաթողիկոս, եղել է ամուսնացած և ունեցել է երկու որդի։ Ավելին՝ այդ որդիներն էլ հետագայում դարձել են կաթողիկոսներ, իսկ նրանց ժառանգներից՝ Ներսես Մեծը, համարվել է ամենահայտնի կաթողիկոսներից մեկը։

«Կուսակրոնության գաղափարը առաջացել է միայն հինգերորդ կամ վեցերորդ դարերում, և դա ոչ թե բարոյական, այլ իրավական անհրաժեշտությունից ելնելով», — ասում է Բոզոյանը։ Ըստ նրա՝ եկեղեցում ցանկացել են խուսափել գույքային ժառանգության հետ կապված խնդիրներից, և ընդունվել է որոշում, ըստ որի կաթողիկոսը չպետք է ամուսնանա, որպեսզի ժառանգության հարց չառաջանա։

Scroll to Top