Նիկոլ Փաշինյանի՝ 2026-ին վերարտադրվելու փորձերը ուղիղ կապված են արտաքին քաղաքական հաշվարկների և ներքաղաքական մանիպուլյացիաների հետ։Այս մասին նշել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Մուրճից՝ խաղաղության թուղթ
2021-ին Փաշինյանը հանդես եկավ մուրճով, հայտարարելով, թե վերադարձնելու է «թալանվածը» ժողովրդին։ Սակայն, ըստ Բոզոյանի, այդ մեխանիզմը այլևս չի գործում. Գյումրու ընտրություններում ժողովուրդը գերադասեց նախկինների ներկայացուցչին, քան գործող իշխանության թեկնածուին, ում հակավարկանիշն այնքան սուր չէր, որքան հենց Փաշինյանի։ Սա վկայում է, որ վարչապետի հանրային վարկանիշը լուրջ անկում է ապրել, և նա հարկադրված է գտնել նոր «խաղաթուղթ»՝ մարդկանց վախեցնելու և իր վերարտադրությունը հիմնավորելու համար։ Այդ խաղաթուղթը «խաղաղությունն» է։
Վախի նոր հռետորաբանություն
Բոզոյանի կարծիքով՝ Փաշինյանը պատրաստվում է 2026-ին ներկայանալ հետևյալ ուղերձով. «Եթե ես չլինեմ, պատերազմ կլինի։ Իմ հակառակորդները պատերազմ են ուզում, խաղաղություն կարող է բերել միայն ես»։ Սակայն հասարակությունը նրան այլևս չի հավատում, և այդ թուղթը ստանալու համար նա դիմում է արտաքին ճնշման օգնությանը։
Փաշինյանը փորձում է համոզել Էրդողանին և արևմտյան առաջնորդներին ճնշում գործադրել Ալիևի վրա, որպեսզի վերջինս համաձայնի խաղաղության պայմանագիր ստորագրել՝ թեկուզ՝ Անկարայում, Բրյուսելում կամ Փարիզում։ Այդ թուղթը ձեռքին Փաշինյանը կգնա տուն առ տուն, գյուղ առ գյուղ՝ քարոզելով, թե ինքը կանխել է պատերազմը և արժանի է վերարտադրման։ Բայց Ալիևը, հասկանալով Փաշինյանի կախվածությունը, սկսում է բարձրացնել գինը։
Ալիևի պայմանները՝ Զանգեզուր և վերադարձողներ
Ալիևը պահանջում է երկու առանցքային զիջում՝ Զանգեզուրի միջանցքի բացում և 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Բոզոյանը վստահ է՝ Փաշինյանը փաստացի համաձայնել է, սակայն հրապարակավ չի կարող այդ մասին խոսել։ Ալիևն էլ պահանջում է ապացույցներ, որ Փաշինյանը անկեղծ է։ Մայիսին Ալիևը հայտարարում է, որ առանց ադրբեջանցիների վերադարձի խաղաղություն չի լինելու։ Փաշինյանը ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանի շուրթերով ազդարարում է, թե խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո «ադրբեջանցիները կվերադառնան իրենց գյուղերը՝ խաղաղ ապրելու հայերի հետ»։
Հոգևոր ճակատ՝ Ալիևի նոր գործիքը
Բաքվի հոգևոր առաջնորդը հայտարարում է «Արևմտյան Ադրբեջանի հոգևոր խորհրդի» ստեղծման մասին՝ սպասարկելու այն ադրբեջանցիներին, որոնք վերադառնալու են Հայաստան։ Միաժամանակ, այս խորհուրդը բացահայտ կերպով Էջմիածինը համարում է անօրինական կառույց՝ հիմնված ադրբեջանական հողերի վրա։ Բոզոյանը զգուշացնում է՝ նույնիսկ 100 վերադարձող ադրբեջանցին կարող է դառնալ միջամտության պատրվակ, եթե որևէ միջադեպ լինի։ Դա «պարզ ծուղակ» է, ասում է նա։ Ալիևը, ըստ Բոզոյանի, Փաշինյանից պահանջում է նաև ապացույց՝ եկեղեցու հարցում. փոխել Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակը և հեռացնել Գարեգին երկրորդին։ Սա, քաղաքագետի կարծիքով, արտաքին պատվեր է՝ կոնկրետ Իլհամ Ալիևի, և վեհափառի անձի շուրջ սկիզբ առած արշավը ուղղակիորեն կապված է այդ պայմանով։ Փաշինյանը, ըստ Բոզոյանի, հասկանում է՝ առանց այս զիջումների ինքը «ոչ միայն իշխանությունը կկորցնի, այլև՝ ազատությունը»։ Այդ պատճառով նրա համար հարցն արդեն «կյանքի ու մահի կռիվ է»։

