«Պատիվ ունեմ» և «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների միջև անցկացված բանակցությունների արդյունքում վերջնականապես պարզ դարձավ. վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու վերաբերյալ լիարժեք քաղաքական համաձայնություն չկա: Ձևականորեն երկու կողմերն էլ միակարծիք են նպատակի շուրջ, սակայն առանցքային հարցերում՝ ժամկետներ, մարտավարություն, հայտարարության ներկայացման մեխանիզմներ, տարաձայնությունները պահպանվում են և, ամենայն հավանականությամբ, սկզբունքային են:
Ամառային դադար՝ մարտավարական ռեսուրս
«Պատիվ ունեմ» խմբակցության կողմից փաստացի աջակցվող հետաձգումը օբյեկտիվորեն խաղում է ընդդիմության օգտին: Ամառը քաղաքական ակտիվություն նախաձեռնոլեւ լավագույն ժամանակը չէ․ արձակուրդային տրամադրությունները բերում են քաղաքական ներգրավվածության նվազման՝ բարդացնելով այնքան անհրաժեշտ մոբիլիզացիոն գործողությունները: Նախորդ տարիների փորձը հստակ ցույց է տալիս, որ ամռան ամիսներին ընդդիմադիր ակտիվությունը վերակենդանացնելու փորձերը որևէ նշանակալի արդյունքի չեն հանգեցրել:
Այսպիսով, մինչև աշուն դադարը ձախողում չէ, այլ ավելի շուտ հարկադրված մարտավարական դադար: Ի հակադրություն, սեպտեմբերը շատ ավելի բարենպաստ պայմաններ է ապահովում. քաղաքական օրակարգը ակտիվանում է, և հասարակության ուշադրությունը վերադառնում է ներքին քաղաքականությանը: Մինչ այդ ընդդիմությունը ժամանակ ունի համաձայնեցված սցենար մշակելու և, ինչը ոչ պակաս կարևոր է, «անցումային» վարչապետի թեկնածուի վերագնահատման համար:
Ո՞վ կղեկավարի
Դավիթ Համբարձումյանի առաջադրումը ակնհայտորեն քաղաքականապես թույլ որոշում է: Մասիսի քաղաքապետը չունի այն խարիզման կամ ճանաչելիությունը, որոնք անհրաժեշտ են միավորման առաջնորդ դառնալու համար: Հենց այս պահը կարող է դառնալ կրիտիկական: Քանի որ առանց հզոր հասարակական աջակցության, որը, մասնավորապես, կարտահայտվի նաև փողոցներում, անհնար կլինի համոզել իշխող կուսակցության 20 անդամների վերանայել իրենց հավատարմությունը գործող վարչապետին: Հուսով ենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունում այս գիտակցումը կա: «Անցումային» վարչապետի կերպարը պետք է լինի ոչ միայն փոխզիջումային, այլև ընդունակ՝ գոնե ժամանակավորապես, ոգեշնչելու զանգվածային մոբիլիզացիա:
Իրական թեկնածուն պետք է լինի ոչ միայն իշխանափոխության տեխնիկական կատարող, այլ ժամանակավոր առաջնորդ՝ գոնե կարճ ժամանակով, որը կարող է խորհրդանշել իշխանական վեկտորի փոփոխություն: Եվ այստեղ ընդդիմությունը դեռ հնարավորություն ունի ամեն ինչ վերաիմաստավորելու: Հուսանք այդ ժամանակը ճիշտ կօգտագործվի։
Հեռանկարներ. Իմպիչմենտը որպես թուլության հայելի
Ներկա փուլում իմպիչմենտի նախաձեռնությունը մնում է քաղաքականապես ոչ հասուն: Այն չունի ո՛չ ձև, ո՛չ բովանդակային ռազմավարություն, և չի ամրապնդվում ո՛չ զանգվածային բողոքով, ո՛չ էլ խորհրդարանական միասնությամբ: Առայժմ այն ավելի շուտ ծառայում է որպես ընտրողներին ակտիվության առկայության մասին ազդանշան, քան իշխանափոխության իրատեսական փորձ:
Սակայն կարևոր է հասկանալ. եթե մինչև սեպտեմբեր չլինի ո՛չ առաջնորդի փոփոխություն, ո՛չ ընդհանուր պլանի մշակում, ո՛չ էլ իրական փողոցային մոբիլիզացիայի նախապատրաստում, իմպիչմենտը վտանգված է մնալու որպես անարդյունք քաղաքական արշավների երկար ցանկի ևս մեկ անավարտ գործընթաց: Իսկ հասարակության հիասթափությունը, ինչպես հայտնի է, կարող է հարվածել նախաձեռնողներին ոչ պակաս ուժով, քան նրանց, ում դեմ ուղղված է այս նախաձեռնությունը:

