Մեղրիով ճանապարհի հարցը չպետք է լինի քննարկման առարկա

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը հայտարարել է, որ Սյունիքով «միջանցքի» մասին հարցի քննարկումն անընդունելի է: Նա իշխանություններին, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կոչ է արել հստակ բացատրություններ տալ.

«Ես պահանջում եմ բացատրություններ գործող ղեկավարությունից. ինչո՞ւ, չնայած Լաչինի միջանցքը փաստացի դադարել է գործել Ադրբեջանի միակողմանի գործողությունների հետևանքով, հայկական կողմը շարունակում է քննարկել Մեղրիով ճանապարհի հարցը: Այս հարցը սկզբունքորեն չպետք է լինի օրակարգում, առավել ևս՝ «աութսորսինգի» որևէ մոդելի համատեքստում»:

Հարությունյանը ընդգծել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները վերաբերում էին բացառապես հրադադարին, այդ թվում տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը, ինչը պետք է նպաստեր տարածաշրջանում վստահության աճին:

«Ապաշրջափակումը նախատեսված էր որպես դե-էսկալացիայի և հրադադարի ամրապնդման քայլ: Սակայն Մեղրիով անցնող 42 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը այդ խնդիրը չի լուծում: Փաստացի, դրա իրականացումը ծառայում է միայն Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարմար տրանսպորտային կապի ապահովմանը: Հայաստանի համար այն տնտեսական օգուտ չի բերում և, ընդհակառակը, կարող է ուժեղացնել երկրի շրջափակումը», — համոզված է Հարությունյանը:

Նախկին վարչապետը նշել է, որ Եռակողմ հայտարարության շրջանակներում հայկական կողմը պետք է հետևողականորեն առաջ տանի սահմանների լիարժեք ապաշրջափակման հարցը, ներառյալ երկաթուղային հաղորդակցությունը Բաքու – Ղազախ – Իջևան – Դիլիջան – Երևան երթուղով:

«Նման մոտեցումը ոչ միայն կհամապատասխաներ Եռակողմ հայտարարության ոգուն և տառին, այլև կթույլատրեր Հայաստանին ինտեգրվել տարածաշրջանային տարանցիկ միջանցքներին, ներառյալ այսպես կոչված «միջին միջանցքը», որն ակտիվորեն խթանում է Թուրքիան», — ընդգծել է նա:

Scroll to Top