Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որոշ տեղեկությունների համաձայն, շուտով կարող են կրկին հանդիպել, այս անգամ՝ ԱՄՆ-ում: Չնայած առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, այն արդեն հարցեր է առաջացնում. որքանո՞վ է հնարավոր առաջընթացի հասնել: Դեռևս հուլիսի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին Աբու Դաբիում: Չնայած բարձր ակնկալիքներին, մոտ հինգ ժամ տևած բանակցությունները տեսանելի առաջընթաց չէին բերել: Կողմերի հանրային հայտարարություններում անգամ առաջընթացի մասին որևէ ակնարկ չէր հնչել, ընդամենը ընդգծվել էր երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:
Այս համատեքստում ԱՄՆ-ում հնարավոր հանդիպումը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն: Արդյո՞ք այն կդառնա դիվանագիտական գործընթացի հերթական փուլը, թե՞ առաջընթաց ապահովելու գործնական քայլերի առիթ կհանդիսանա:
Աբու Դաբիում կայացած հանդիպումից առաջ ամերիկյան կողմը հրապարակավ հայտարարել էր բեկման հնարավորության մասին՝ ընդգծելով, որ նման ակնկալիքները «անհիմն չեն»: Թրամփի վարչակազմի մակարդակով արված այս հայտարարությունները տպավորություն էին ստեղծում, որ Վաշինգտոնն ունի կոնկրետ գործիքներ կամ նախաձեռնություններ, որոնք կարող են գործընթացը շարժել մեռյալ կետից:
Հնարավոր է, որ նման նախաձեռնություններից մեկը Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի կողմից ավելի վաղ նշված նախագիծն է: Երկու արևմտյան դիվանագետների վրա հղում անելով՝ նա հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին առաջարկել է լուծում այսպես կոչված զանգեզուրի միջանցքի հարցով: Խոսքը վերաբերում էր Եվրամիության կողմից նախկինում առաջարկված տարբերակին նման մի նախագծի, որի համաձայն՝ ճանապարհը պետք է գտնվեր ամերիկյան մասնավոր ընկերության կառավարման ներքո, ինչը, ենթադրաբար, պետք է ապահովեր չեզոք վերահսկողություն:
Պաշտոնական Երևանը հաստատել է նման առաջարկների առկայությունը: Մասնավորապես, հուլիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, որ հաղորդակցման ոիղիների ապաշրջափակման համատեքստում աութսորսինգի հարցը շարունակում է քննարկվել: Ընդ որում, նա ընդգծել է, որ ցանկացած որոշում պետք է հաշվի առնի Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ նախագծի իրականացման նկատմամբ վերահսկողությունը պետք է մնա Հայաստանի իրավասության շրջանակներում:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ամերիկյան առաջարկները մտել են Փաշինյանի և Ալիևի բանակցությունների օրակարգ, Սաֆարյանը հայտարարել է, որ քննարկման փուլում են գտնվում մի քանի նախաձեռնություններ: Նրա խոսքով, եթե դրանք համապատասխանեն Հայաստանի շահերին և «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգում ամրագրված սկզբունքներին, դրանք կարող են դիտարկվել:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն այս նախագծի կապակցությամբ նշում է. «Հիմնական հարցն այն է, թե ով և ինչպես է ապահովելու անվտանգությունը երթուղու վրա: Դժվարությամբ եմ պատկերացնում, որ վերահսկողությունն իրականացնի մասնավոր պահնորդական ընկերություն», — նկատում է նա: Սարգսյանը նաև հիշեցնում է, որ Իրանը կտրականապես դեմ է նման միջանցքի ստեղծմանը, և առավել դժվար է պատկերացնել, որ Թեհրանը հանգիստ կարձագանքի ամերիկյան ուժերի ներկայությանը, նույնիսկ եթե խոսքը մասնավոր անվտանգության ընկերության մասին է: Այս սցենարը կարող է հանգեցնել տարածաշրջանում լրացուցիչ լարվածության:
Խոսելով վերջին շրջանում Վաշինգտոնի ակտիվացման մասին՝ Սուրեն Սարգսյանը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում դեռևս 1990-ականներից: Նրա խոսքով՝ Ջո Բայդենի վարչակազմը ակտիվորեն մասնակցել է բանակցային գործընթացին և նույնիսկ հրապարակավ կոչ է արել կողմերին ստորագրել համաձայնագիր: Ինչպես պնդում է փորձագետը, որևէ առաջընթացի ապահովումը կարող է Վաշինգտոնի կողմից օգտագործվել որպես դիվանագիտական հաջողություն: Դոնալդ Թրամփի՝ այս գործընթաց վերադառնալուց հետո, Սարգսյանի խոսքով, ԱՄՆ-ն ձգտում է կրկին վերցնել նախաձեռնությունը իր ձեռքերում: «Նա ցանկանում է, որ խաղաղության ստորագրումը դառնա իր ձեռքբերումը, հատկապես հաշվի առնելով, որ փաստաթուղթը, ըստ կողմերի հայտարարությունների, համաձայնեցված է», — ասում է քաղաքագետը՝ նշելով Թրամփի վարչակազմի ձգտումը՝ դիրքավորվել որպես խաղաղաստեղծ թիմ:

