Սյունիքով միջանցքի տրամադրումը կախված չէ Հայաստանի իշխանություններից

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը և նույնիսկ Հայաստան ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը կախված չէ Հայաստանի իշխանությունների կամքից, անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին: Այսպիսի տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ Իրանը սկզբունքորեն դեմ է ադրբեջանական կողմին ճանապարհ տրամադրել «միջանցքային տրամաբանությամբ», ինչի մասին բազմիցս և բացահայտ հայտարարել է: Բացի այդ, Թեհրանից հնչել են նաև հայտարարություններ, որ Իրանը դեմ է իր սահմանների մոտ էթնիկ փոփոխություններին: «Ավելին, ես խորհուրդ կտայի նրանց, ովքեր պնդում են, թե Բաքուն Հայաստան կուղարկի 300 հազար ադրբեջանցի, ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը չկարողացավ բնակեցնել նույնիսկ օկուպացված Արցախը: Ինչպե՞ս կարելի է խոսել Հայաստան նման զանգվածային վերաբնակեցման մասին, եթե: Արցախի ամբողջ տարածքում հազիվ 25-30 հազար մարդ բնակեցվեց։ Նրանք չունեն այնպիսի ռեսուրս, որ Հայաստան ուղարկեն 300 հազար ադրբեջանցի», — հայտարարել է Բադալյանը:

Նույնիսկ ադրբեջանցիների փոքր խմբի վերաբնակեցումը, ադրբեջանական կողմի պնդմամբ, պետք է ուղեկցվի նրանց անվտանգությունն ապահովող ուժերի ներկայությամբ, ինչը Իրանը չի կարող թույլ տալ: «Իրանում հիանալի հասկանում են, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կուղղվի Իրանի դեմ: Իսկ ադրբեջանցիների վերաբնակեցման դեպքում, այն ձևաչափով, որի մասին խոսում է ադրբեջանական կողմը, Հայաստանի ամբողջ տարածքը կվերածվի Զանգեզուրի միջանցքի», — հայտարարել է Բադալյանը:

Նա վստահ է, որ Թուրքիայում լավ գիտակցում են, որ միջանցքի տրամադրումը կախված չէ Հայաստանի իշխանություններից: Հայաստանի գործող իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի համար անհրաժեշտ են միայն Հայաստանում ազգային իշխանության գալը կանխելու համար և ոչ ավելին: Անկարայում և Բաքվում հասկանում են, որ նրանք այս իշխանություններից ստացել են առավելագույն հնարավորը, և այլևս ստանալու բան չկա:

Scroll to Top