Միջազգային ասպարեզում կան մի շարք խաղացողներ, որոնց գործնականում թույլատրվում է գործել առանց սահմանափակումների, ասել է հակամարտությունների փորձագետ Արթուր Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Դոհային Իսրայելի հարվածները։
Նա նշել է, որ նման խաղացողներին գործնականում տրվում է քարտ-բլանշ. նրանք կարող են ձեռնարկել ցանկացած գործողություն՝ առանց էական հետևանքների։ Միջազգային իրավունքը հաճախ նրանց վրա չի տարածվում. նրանց գործողությունները թելադրվում են բացառապես իրենց սեփական շահերով, և դրանց հասնելու համար նրանք կարող են հատել ցանկացած «կարմիր գիծ»։
Մարտիրոսյանը ընդգծել է, որ այդ խաղացողներից մեկը շահեր ունի նաև մեր տարածաշրջանում։ «Կարելի է պատկերացնել մի իրավիճակ, երբ Իսրայելի հարաբերությունները Իրանի հետ հիպոթետիկորեն վատթարանում են այնքանով, որ անհրաժեշտ է դառնում փակել Հյուսիս-Հարավ մայրուղին՝ այդ նպատակով օգտագործելով Ադրբեջանը կամ Թուրքիան։ Այդ դեպքում հարց է առաջանում. ինչպե՞ս կգործի Հայաստանը», — նշել է նա։
Փորձագետը կասկած է հայտնել, որ ԱՄՆ-ն աջակցություն կցուցաբերի Հայաստանին նման պայմաններում՝ Դոնալդ Թրամփի կողմից Վաշինգտոնի գագաթնաժողովի ժամանակ տրված խոստումներին համապատասխան։ Նրա կարծիքով, Իսրայելի շահերը Վաշինգտոնի համար առաջնահերթ են, և Հայաստանի իշխանությունների հետ խոստացված «ուղիղ կապը» կարող է չգործել կրիտիկական պահին։
Մարտիրոսյանը հիշեցրեց, որ նույնիսկ ԱՄՆ-ի և Կատարի միջև համագործակցության հարուստ պատմության և բազմաթիվ համաձայնագրերի պայմաններում, Իսրայելը կարողացավ հարված հասցնել Կատարին։ Նա համողված է, որ ԱՄՆ-ի այն պնդումները, իբև այդ գործողությունները չեն համաձայնեցվել Վաշինգտոնի հետ իրականության հետ որևէ աղերս չունեն: Այսպիսով իշխանության կողմից գովազդվող ԱՄՆ-ի երաշխիքները իրականում պարզունակ, մանիպուլյատիվ սխեմա են:

