Քաղաքական օրակարգում էական փոփոխությունների բացակայության պայմաններում իշխանությունները շարունակում են փորձարկել հանրային ուշադրություն գրավելու նոր ձևաչափեր։ Վերջին օրերին ուշադրության կենտրոնում հայտնվեց այսպես կոչված «Վարչաբենդի» դիսկոտեկային միջոցառումը, որին մասնակցում էին իշխող ուժի ներկայացուցիչներ, վարչապետի աշխատակազմի անդամներ, ինչպես նաևվարչապետի տարատեսակ այլ նախաձեռնությունների մշտական մասնակիցներ։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ տեղի ունեցողը հստակ քաղաքական տեխնոլոգիա է։ «Կարծում եմ՝ սա տեխնոլոգիա է, և ոչ միայն սա։ TikTok մտնելը, սրտիկելը նույն տրամաբանության մեջ են։ Այդ ամենը ուղղված է երիտասարդությանը», — նշում է Քոչարյանը։
Երիտասարդությունը՝ իշխանության ամենաթույլ էլեկտորատը
Քաղտեխնոլոգի խոսքով՝ իշխանությունների ձեռքի տակ գտնվող սոցիոլոգիական հարցումները, ամենայն հավանականությամբ, ցույց են տվել, որ երիտասարդությունը ներկայում իրենց ամենաթույլ էլեկտորալ խումբն է։ Հենց դա էլ դարձել է պատճառ, որ իշխանությունները սկսել են ակտիվ աշխատել այդ ուղղությամբ՝ կիրառելով ավելի թեթև, ժամանցային և սոցիալական ցանցերին բնորոշ գործիքներ։
Սակայն Քոչարյանը թերահավատ է այդ ռազմավարության արդյունավետության հարցում։ Նրա գնահատմամբ՝ երիտասարդության վերաբերմունքը քաղաքական գործընթացներին, և հատկապես գործող իշխանությանը, ավելի շուտ հեգնական է, քան աջակցող կամ մերժող։
«Վերաբերմունքը ոչ թե լավ կամ վատ է, այլ ավելի շատ հենց երիտասարդներին բնորոշ մոտեցում է․ ձեռք են առնում, մեմեր են ստեղծում, ծաղրում», — նշում է նա։
Սահմանափակ ազդեցություն
Քաղտեխնոլոգը չի բացառում, որ իշխող թիմի ընտրած ձևաչափերը կարող են որոշակի ազդեցություն ունենալ երիտասարդների փոքր հատվածի վրա։ Սակայն, նրա համոզմամբ, խոսքը լայն ընդգրկման կամ լուրջ քաղաքական արդյունքների մասին չէ։
«Չեմ բացառում, որ ինչ-որ հատվածի վրա դա կարող է ազդել, բայց այդ հատվածը մեծ չի լինելու», — եզրափակում է Քոչարյանը։
Փորձագետի գնահատմամբ՝ ժամանցային ու թվային հարթակներում ակտիվությունը չի կարող փոխարինել բովանդակային քաղաքական օրակարգին, հատկապես այն պայմաններում, երբ երիտասարդության զգալի մասը խորքային անվստահությամբ է մոտենում քաղաքական համակարգին ընդհանրապես։

