Կարմիր գծեր այլևս չկան․ Ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները կուժեղանան

Կարմիր գծեր այլևս չկան․ Ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները կուժեղանան

Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ որոշ երկրների հատուկ ծառայություններ փորձում են ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա։  Իշխանական աղբյուրների պնդմամբ՝  ազգությամբ հայ գործարարների նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ նրանց ներքաշելու նախընտրական գործընթացների մեջ, մասնավորապես՝ ֆինանսավորելու որոշ քաղաքական ուժերի գործունեությունը։ 

Նույն թեմայի շրջանակում քննարկվում է նաև այն վարկածը, թե ավտոբուսներով մարդիկ կարող են տեղափոխվել Վրաստանից և Ռուսաստանից՝ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին մասնակցելու նպատակով։ Այս հայտարարություններից հետո իրավապահ մարմինները, այդ թվում՝ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի քննչական կոմիտեն, արդեն սկսել են համապատասխան ուսումնասիրություններ։

Քաղաքագետ, «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյան Բեքարյանի գնահատմամբ՝ այս ամբողջ գործընթացը առաջին հերթին վկայում է այն մասին, որ իշխանությունը իրականում բավականին անհանգստացած է իր քաղաքական դիրքերի համար։ Նրա խոսքով՝ իշխանության կողմից հաճախ հնչող հայտարարությունները, թե նրանք առանց խնդիրների կվերընտրվեն և նույնիսկ ավելի բարձր տոկոս կստանան, քան ստացել էին նախորդ ընտրություններում, իրականում ավելի շատ ուղղված են կողմնակիցների կոնսոլիդացիային։

Քաղաքագետը նշում է, որ վերջին տարիների ընթացքում ձևավորվել է մի իրավիճակ, երբ քաղաքական գործընթացներում «կարմիր գծեր» գրեթե չեն երևում։ Այդ պատճառով նա չի բացառում, որ ներկայում տեղի ունեցող գործընթացները կարող են նաև ազդանշան լինել ավելի լայնածավալ ռեպրեսիվ գործողությունների ընդդիմության նկատմամբ։

Բեքարյանի խոսքով՝ արդեն իսկ կարելի է տեսնել քայլերի և գործողությունների մի շարք, որոնք հարցականի տակ են դնում ընտրությունների ազատությունն ու արդարությունը։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ իրականացվում են տարբեր ճնշումներ։ Քաղաքագետի խոսքով՝ կան մարդիկ, որոնք գտնվում են կալանքի տակ կամ տարբեր խափանման միջոցների ներքո, ինչը, ըստ նրա, չի կարող չազդել ընտրական գործընթացի վրա։ Բեքարյանը նշում է, որ նման պայմաններում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հնարավորությունները էականորեն սահմանափակվում են։ 

Քաղաքագետը նաև ընդգծում է, որ ընտրությունների արդարությունն ու թափանցիկությունը միայն ընտրության օրվա հետ չեն կապված։ Նրա խոսքով՝ երբ խոսվում է ազատ և արդար ընտրությունների մասին, պետք է հասկանալ, որ այդ գործընթացը սկսվում է շատ ավելի վաղ՝ նախընտրական փուլում։ Եթե այդ փուլում արդեն առկա են բռնաճնշումներ կամ սահմանափակումներ, ապա ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահությունը բնականաբար նվազում է։

Բեքարյանի կարծիքով՝ ներկայում արդեն կարելի է տեսնել որոշակի գործիքակազմի կիրառություն, որը լուրջ հարված է հասցնում ընտրական գործընթացի մաքրությանը և ազատությանը։ Բայց դրան զուգահեռ որևէ երաշխիք չկա, որ ներկայիս անընդունելի գործընթացներն այսքանով կսահմանափակվեն։

Նրա գնահատմամբ՝ որքան ավելի մոտենա ընտրությունների օրը, որքան սոցիոլոգիական հարցումները ցույց տան իշխանության համար ոչ նպաստավոր արդյունքներ, որքան արտաքին ուժերը «կարտ-բլանշ» տան գործող իշխանությանը,  այնքան բռնաճնշումներն ու կեղծարարությունները կուժեղանան։ Քաղաքագետի խոսքով՝ ներկայում ձևավորվել է մի իրավիճակ, երբ պետք է պատրաստ լինել տարբեր սցենարների, քանի որ ներքաղաքական գործընթացները կարող են զարգանալ տարբեր ուղղություններով։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top