Ռուսաստանը և Հայաստանը․ անտարբերությո՞ւն, թե վերահսկվող ներկայություն

Ռուսական սահմանափակումներից հետո. որքանո՞վ է իրատեսական եվրոպական ուղղությունը

Վերջին ժամանակաշրջանում Հայաստանի արտահանողները բախվում են նոր սահմանափակումների ՝ Ռուսաստանը ամենօրյա ռեժիմով նոր արգելքներ է սահմանում հայկական ապրանքների ներմուծման համար։ Խոսքը հիմնականում այն արտադրատեսակների մասին է, որոնց ոլորտում Հայաստանը տարածաշրջանում ունի հարաբերական մրցակցային առավելություններ՝ գյուղմթերք, չիր, ջերմոցային արտադրանք և այլ։  Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացրել ինչպես ֆերմերների, այնպես էլ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող տնտեսությունների շրջանում։

Խնդիրը մեղմելու նպատակով Հայաստանի իշխանությունները սկսել են քայլեր ձեռնարկել՝ արտահանողների համար նոր շուկաներ բացելու ուղղությամբ։ Առավել կարևոր նախաձեռնություններից մեկը վերաբերում է Եվրոպական միության շուկա մուտքի հնարավորությունների ընդլայնմանը. նախատեսվում է, որ հայկական արտադրողները կկարողանան իրենց ապրանքներն արտահանել ԵՄ երկրներ առանց մաքսատուրքերի, իսկ լոգիստիկ ծախսերի մի մասը կսուբսիդավորվի պետության կողմից։  Ի՞նչ տնտեսական հեռանկարներ կարող է ստեղծել այս նախաձեռնությունը, և արդյո՞ք եվրոպական ուղղությունը կարող է դառնալ իրական այլընտրանք ռուսական շուկային։ Ստեղծված իրավիճակն ու դրա հնարավոր հետևանքները վերլուծել է տնտեսագետ Վարդան Արամյանը։

Շատ գործոններ սահմանափակում են դեպի այլ շուկաներ վերակողմնորոշվելու հնարավորությունները 

Տնտեսագետը  հիշեցրեց, որ Հայաստանի արտահանման կառուցվածքը վերջին տարիներին էապես փոխվել է ոչ թե Եվրոպայի, այլ Ռուսաստանի ուղղությամբ։ Եթե 2018 թվականին դեպի Եվրամիություն արտահանումը կազմել է շուրջ 683 միլիոն դոլար, ապա 2025 թվականի վերջի դրությամբ այդ ցուցանիշը նույնիսկ փոքր-ինչ նվազել է՝ հասնելով մոտ 667 միլիոն դոլարի։ Միևնույն ժամանակ դեպի Ռուսաստան արտահանումը նույն ժամանակահատվածում աճել է ավելի քան չորս անգամ՝ մոտ 666 միլիոն դոլարից հասնելով 2,9 միլիարդ դոլարի։ Նույնիսկ եթե այդ ծավալներից հանվի վերաարտահանման բաղադրիչը, որն ըստ Արամյանի կարող է կազմել մոտ մեկ միլիարդ դոլար, ռուսական շուկայի նշանակությունը Հայաստանի տնտեսության համար շարունակում է մնալ չափազանց մեծ։

Արամյանը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ մինչև 2018 թվականը Հայաստանը որոշակի հաջողություններ էր գրանցել արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ 2015 թվականին Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո անգամ դեպի Եվրամիություն արտահանումը երեք տարվա ընթացքում աճել էր մոտ 50 տոկոսով՝ 440 միլիոն դոլարից հասնելով 683 միլիոն դոլարի։ Տնտեսագետը դա կապում է Եվրամիության հետ համագործակցության խորացման և այնպիսի գործընթացների հետ, որոնք տնտեսվարողների մոտ ձևավորում էին երկարաժամկետ սպասումներ եվրոպական շուկաների վերաբերյալ։

Բացի առևտրից, Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից արտահայտվում է նաև այլ ուղղություններով։ Տնտեսագետի գնահատմամբ՝ ոչ առևտրային փոխանցումների՝ տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար, որի գրեթե կեսը գալիս է Ռուսաստանից։ Սա, ըստ նրա, ևս մեկ գործոն է, որը սահմանափակում է Հայաստանի հնարավորությունները կարճ ժամանակում վերակողմնորոշվել դեպի այլ շուկաներ։

Ֆիզիկական և տնտեսական հեռավորություն 

Խոսելով եվրոպական շուկա մուտք գործելու իրական հնարավորությունների մասին՝  տնտեսագետը նշեց, որ  միայն մաքսատուրքերի վերացումը դեռևս չի նշանակում, որ հայկական արտադրողները հեշտությամբ կկարողանան ամրապնդվել եվրոպական շուկաներում։ Տնտեսագետը բացատրեց, որ միջազգային տնտեսագիտության մեջ գոյություն ունեն հատուկ գործիքներ, որոնք գնահատում են, թե որքան հեշտ կամ դժվար է որևէ երկրի համար մուտք գործել այս կամ այն շուկա։

«Տնտեսական տարածք մուտք գործելը միայն սակագների հարց չէ։ Այո, մաքսատուրքերի նվազեցումը կարևոր է, բայց դրանից բացի կան բիզնես կապեր, շուկայի ճանաչելիության խնդիր, մրցակցային միջավայր։ Եվրոպական շուկան շատ ավելի հագեցած է, մրցակցությունն այնտեղ անհամեմատ ավելի կոշտ է, և հայկական արտադրողները ստիպված կլինեն զգալի մարքեթինգային ծախսեր կատարել՝ իրենց տեղը գտնելու համար», — նշում է Արամյանը։

Արամյանը վկայակոչում է միջազգային առևտրի ոլորտում լայնորեն կիրառվող «CAGE Distance» մեթոդաբանությունը, որը մշակվել է Նյու Յորքի համալսարանի Սթերն բիզնես դպրոցի պրոֆեսոր Պանկաջ Գեմավատի կողմից։ Այս մոտեցումը գնահատում է երկրների միջև ոչ միայն աշխարհագրական, այլև մշակութային, վարչաիրավական և տնտեսական հեռավորությունը։

Տնտեսագետի խոսքով՝ հենց այս լրացուցիչ գործոններն են հաճախ որոշում, թե որ շուկա է ավելի հեշտ մուտք գործել։ Ընդհանուր լեզուն, մշակութային ընդհանրությունները, բիզնես միջավայրի ծանոթությունը և իրավական համակարգերի նմանությունները զգալիորեն հեշտացնում են համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Եվրոպական երկրների դեպքում, հակառակը, լեզվական, մշակութային և վարչական տարբերությունները լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում։

Որպես օրինակ՝ Արամյանը նշում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ աշխարհագրական հեռավորությունը կազմում է մոտ 2081 կիլոմետր, սակայն եթե հաշվի են առնվում մշակութային, վարչական և տնտեսական գործոնները,  «տնտեսական հեռավորությունը» կրճատվում է մինչև 1598 կիլոմետր։ Այսինքն՝ նշված գործոնները փաստացի ավելի են մոտեցնում երկու երկրների տնտեսությունները։ Մինչդեռ Գերմանիայի դեպքում պատկերն հակառակն է․ մոտ 2934 կիլոմետր աշխարհագրական հեռավորությունը, նույն գործոնները հաշվի առնելուց հետո, աճում է մինչև 3555 կիլոմետր, ինչը վկայում է շուկա մուտք գործելու լրացուցիչ բարդությունների մասին։

«Այս գործիքը սովորաբար օգտագործվում է այն ժամանակ, երբ ընկերությունները գնահատում են, թե որտեղ է ավելի նպատակահարմար ներդրում կատարել, արտադրություն կազմակերպել կամ արտահանում իրականացնել։ Այն տալիս է առաջին ազդակը, թե որքանով է հեշտ կամ դժվար տվյալ շուկա մուտք գործելը», — եզրափակում է տնտեսագետը։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top