Ձևական թշնամություն, լուռ համագործակցություն․ Թուրքիա–Իսրայել հարաբերությունների իրական դեմքը

Ձևական թշնամություն, լուռ համագործակցություն․ Թուրքիա–Իսրայել հարաբերությունների իրական դեմքը

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները հաճախ հայտնվում են սուր քաղաքական հայտարարությունների և փոխադարձ քննադատությունների կենտրոնում։ Սակայն այս երկր ների հարաբերությունները  այնքան խորքային և փոխկապակցված են, որ նման նույնիսկ ադրեսիվ հռետորաբանությունը չի կարող  իրական ազդեծություն ունենալ։ Նման կարծիքի է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Նրա խոսքով՝  պետական մակարդակում հարաբերությունները կառուցված են փոխադարձ շահերի և երկարաժամկետ հաշվարկների վրա։ Լոքմագյոզյանը ընդգծում է, որ Թուրքիան այն երկրներից է, որտեղ գործում է «խորքային պետություն», և հենց այդ շրջանակներում էլ ձևավորվում են Իսրայելի հետ սերտ կապերը։ Այս հարաբերությունները փոխադարձ են՝ երկու պետություններն էլ շահագրգռված են պահպանել համագործակցության որոշակի մակարդակ, անկախ հրապարակային հռետորաբանությունից։

«Եթե հարաբերությունները իսկապես լինեին հակամարտային մակարդակի վրա, ապա Թուրքիան կարող էր օգտագործել իր տարածքով անցնող էներգետիկ ենթակառուցվածքները՝ ճնշում գործադրելու համար Իսրայելի վրա։ Սակայն նման քայլեր չեն ձեռնարկվում, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հրապարակային թշնամական հռետորաբանության տակ առկա է համագործակցության իրական հարթակ», — նշում է նա։

Հատկանշական է նաև, որ Իսրայելի արձագանքը հիմնականում սահմանափակվում է պաշտպանողական հայտարարություններով։ Թեև երբեմն արձագանքները հնչում են նույնիսկ ռազմական շրջանակներից, դրանք ևս չեն վերածվում կոնկրետ գործողությունների Թուրքիայի դեմ։

Թուրքիայի հակաիսրայելական հռետորաբանությունը, ըստ Լոքմագյոզյանի, հիմնականում ուղղված է ներքին լսարանին։ Այն ծառայում է որպես քաղաքական գործիք՝ հասարակության աչքերում «արտաքին թշնամու կերպար» ձևավորելու համար՝ իշխանության ներքին դիրքերը ամրապնդելու նկատառումներից ելնելով։ Թուրքիայում, նրա խոսքով, կա մշտական պահանջ նման կերպարի առկայության՝ թեև իրական թշնամիներ, որոնք պատրաստեն թուրքական պետության դեմ իրական գործողությունների իրականում չկան, կամ գրեթե չկան։

Միևնույն ժամանակ, այս հռետորաբանությունը ունի նաև արտաքին նպատակներ։ Անկարան ձգտում է դիրքավորվել որպես իսլամական աշխարհի առաջնորդներից մեկը՝ հանդես գալով որպես իսլամի, հատկապես սուննի ուղղության պաշտպան։ Այս համատեքստում Թուրքիան մրցակցում է այնպիսի երկրների հետ, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, փորձելով ամրապնդել իր ազդեցությունը արաբական և իսլամական աշխարհում։

Այսպիսով, փորձագետի գնահատմամբ, Թուրքիա–Իսրայել հարաբերությունները պետք է դիտարկել ոչ թե միայն քաղաքական հայտարարությունների, այլ իրական շահերի և ռազմավարական փոխկապակցվածության համատեքստում։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top