Հարավային Կովկասում անվտանգային և աշխարհաքաղաքական իրավիճակը բովանդակային առումով փոխվել է, և տարածաշրջանում ձևավորվել է փխրուն խաղաղության իրավիճակ։ Սակայն երաշխավորված խաղաղության մասին խոսելը այս պահին պարզապես միամտություն է։ Այս մասին հայտարարել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում Թուրքիան և Ադրբեջանը փորձել են վերակենդանացնել դեռևս 2000-ականների սկզբին ձևավորված «3+3» ձևաչափը։ Սակայն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո այդ ձևաչափը աստիճանաբար մարում է։ Պետրոսյանի գնահատմամբ՝ դրա պատճառը միայն մասնակից երկրների հետաքրքրվածության բացակայությունը չէ։ Նրա խոսքով՝ Թուրքիայի քաղաքականության հիմքում տարածաշրջանում սեփական դերակատարության վերափոխման ավելի խորքային գործընթաց է։
Թուրքիան փորձում է «1+3» ձևաչափ առաջ մղել
«Թուրքիան ուզում է այս տարածաշրջանում վերածվել «1+3» ձևաչափի առաջմղման նախաձեռնողի»,— նշել է Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ դրա համար Թուրքիան ունի անհրաժեշտ հնարավորությունները։ Վրաստանի հետ Անկարայի հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են, Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակում են մնալ ռազմավարական և դաշնակցային մակարդակում, իսկ Հայաստանի հետ ընթանում է հարաբերությունների կարգավորման գործընթաց։
Փորձագետի խոսքով՝ որոշակի փուլում տրամաբանությունն այն էր, որ տարածաշրջանում և աշխարհում ստեղծված բարենպաստ իրավիճակից Թուրքիան պետք է առավելագույնս օգտվեր՝ չկորցնելով ժամանակը և ամրապնդելով իր դիրքերը տարածաշրջանում։ Դա, ըստ նրա, պետք է ենթադրեր նաև Թուրքիայի կողմից ավելի ինքնուրույն քաղաքականության իրականացում և Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացի առաջմղում։ «Բայց մենք տեսանք այլ քաղաքականություն»,— ասել է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան իր վերադիրքավորման քաղաքականությունը կառուցում է նաև Հայաստան–Ադրբեջան կարգավորման օրակարգի ազդեցությամբ։
«Թուրքիան իրեն չի դրսևորում որպես տարածաշրջանի մեծ պետություն»
Պետրոսյանը նշել է, որ Թուրքիան որոշ դեպքերում իրեն չի դրսևորում որպես տարածաշրջանի մեծ պետություն։ «Թուրքիան փաստացի իրեն չի դրսևորում որպես տարածաշրջանի մեծ պետություն, այլ տուրք է տալիս, օրինակ, Ադրբեջանի ղեկավարության շանտաժին կամ պայմաններին, պահանջներին և այլն»,- ասել է նա։
Միաժամանակ, ըստ փորձագետի, աստիճանաբար ավելի հստակ են դառնում թուրքական քաղաքականության այն ենթատեքստերը, որոնք մինչ այժմ ամբողջությամբ տեսանելի չէին։ Պետրոսյանի գնահատմամբ՝ Թուրքիան «1+3» պայմանական ձևաչափը փորձում է առաջ մղել առաջին հերթին Ադրբեջանի հետ իր դաշնակցային հարաբերությունների միջոցով։
Նա այս գործընթացի դրսևորումներ է համարում Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների շարունակական հանդիպումները, այդ թվում՝ Բաքվում տեղի ունեցող բանակցությունները, ինչպես նաև Թուրքիայում անցկացվող հանդիպումներն ու երկու երկրների միջև ձևավորվող նոր օրակարգերը։
Պետրոսյանի խոսքով՝ Թուրքիան փորձում է իր օրակարգը առաջ մղել միաժամանակ մի քանի մակարդակներում։ «Դա քաղաքականից բացի տնտեսականն է, և ամենակարևորներից մեկը՝ ռազմականը»,- նշել է նա։
Տարածաշրջանում այս պահին հնարավոր չէ խոսել երաշխավորված խաղաղության մասին
Փորձագետի գնահատմամբ՝ տարածաշրջանում այս պահին հնարավոր չէ խոսել երաշխավորված խաղաղության մասին։ «Այս պահին այս տարածաշրջանում՝ թե՛ Հարավային Կովկասում, թե՛ շատ ավելի մեծ տարածաշրջանում, ինչ-որ երաշխավորված խաղաղության, դիվանագիտական ինչ-որ գործընթացների մասին խոսելը պարզապես միամտություն է»,— ասել է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանի դերակատարները պատրաստվում են հնարավոր ռազմական էսկալացիաների՝ հաշվի առնելով տարբեր գործոններ։ Այս համատեքտում նա առանձնացրել է Իրանի գործոնը, ինչպես նաև Ռուսաստանի հնարավոր դերակատարման ակտիվացման կամ պասիվացման հարցը։
Պետրոսյանի գնահատմամբ՝ ներկայում Թուրքիան իր քաղաքականությունն իրականացնում է Ադրբեջանի հետ «շատ ներդաշնակ, փոխադարձ համաձայնեցված մակարդակում»։ Նա այս գնահատականի հիմքում դնում է նաև վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական քայլերը։
«Մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ թե Թուրքիան է ձգձգում Հայաստանի կարգավորման գործընթացը, և նաև տեսնում ենք բավական վերջին շրջանում, հատկապես տեսնում ենք կրկին ապակառուցողական քաղաքական մոտեցումներ և քայլեր նաև Ադրբեջանի կողմից՝ հատկապես քաղաքական հռետորաբանության և քարոզչության մակարդակում»,- ասել է Պետրոսյանը։

