ՀՀ  իշխանությունները  չունեն TRIPP-ի իրականացման մեխանիզմների վերաբերյալ ամբողջական պատկերացում

Հայաստանը TRIPP ծրագրին միանալու հարցում առաջնորդվել է ոչ միայն տնտեսական շահերով։ Դրա հիմքում նաև Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղուց դուրս գալու և արտաքին ճնշումների պայմաններում ազգային ինքնիշխանությունն ապահովելու ձգտումն է։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով TRIPP ծրագրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացմանը և տարածաշրջանում ԱՄՆ-ի ներգրավվածությանը։

Դեսպանի խոսքով՝ Հայաստանի պատմության տարբեր փուլերում նկատելի է եղել «աշխարհաքաղաքական խեղդվածության» զգացողություն, և այդ իրավիճակը նպաստել է այն մտածողության ձևավորմանը, որ Հայաստանը պետք է օգտագործի իր ներուժը՝ այդ աշխարհաքաղաքական փակուղուն վերջ տալու համար։ Շիրղոլամիի գնահատմամբ՝ հենց այս մոտեցումը, տնտեսական նկատառումներից ոչ պակաս, դեր է ունեցել այն հարցում, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել միանալու Նախիջևանը Ադրբեջանի տարածքին կապող նախագծին։

«Թե որքանով TRIPP-ը կարող է օգնել վերջ տալու աշխարհաքաղաքական խեղդվածության այդ զգացողությանը, վիճելի հարց է։ Այս հարցում տարաձայնություններ կան, և ժամանակը պետք է ցույց տա, թե որքանով կարող է այդ նպատակը իրականացվել»,- ասել է Իրանի դեսպանը։

Իրանը «Զանգեզուրի միջանցքին» վճռականորեն դեմ է եղել

Շիրղոլամին հիշեցրել է Ադրբեջանի կողմից առաջ քաշված «Զանգեզուրի միջանցքի» պահանջը՝ նշելով, որ այդ գաղափարի շրջանակում առկա էին «ոչ սովորական ինքնիշխանական» բաղադրիչներ, որոնք սպառնալիք էին ստեղծում Հայաստանի ազգային ինքնիշխանության համար։«Զանգեզուրի միջանցքի» գաղափարին Իրանը, ըստ դեսպանի, հենց այդ պատճառով է վճռականորեն դեմ հանդես եկել։«Մենք վճռականորեն դեմ ենք հանդես եկել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, քանի որ գտնում էինք, որ այդ ծրագիրը նպաստում է Հայաստանի ազգային ինքնիշխանության թուլացմանը»,— ասել է Շիրղոլամին։

Նա ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը որևէ երկիմաստություն չունի։«Հայաստանի ազգային ինքնիշխանությունը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար կարմիր գիծ են»,- հայտարարել է դեսպանը։ Նրա խոսքով՝ Իրանը այս պահին չի ցանկանում նախապես դատողություններ անել TRIPP-ի վերաբերյալ, սակայն եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ ազգային ինքնիշխանությունը բացասական ազդեցության ենթարկվեն, Իրանը «բնականաբար շատ վճռական դիրքորոշում» կունենա։

ԱՄՆ-ի ներկայությունը Իրանի սահմանին լուրջ մտահոգություն է առաջացրել

Իրանի դեսպանը առանձին անդրադարձել է TRIPP-ի իրականացման համատեքստում Հայաստանի տարածքում ԱՄՆ-ի ներգրավվածությանը։ Նրա խոսքով՝ Իրանը լուրջ մտահոգություն է ունեցել Հայաստանի և Իրանի սահմանին ամերիկացիների ներկայության կապակցությամբ և այդ մտահոգությունը հայտնել է հայկական կողմին։Շիրղոլամին դա կապել է ԱՄՆ-ի և հատկապես Դոնալդ Թրամփի կառավարության՝ Իրանի նկատմամբ ունեցած «թշնամական վերաբերմունքի» հետ։

«Հաշվի առնելով Միացյալ Նահանգների և հատկապես Թրամփի կառավարության թշնամական վերաբերմունքն Իրանի ժողովրդի նկատմամբ, մենք լուրջ մտահոգություններ ենք ունեցել Հայաստանի և Իրանի սահմանին ամերիկացիների ներկայության վերաբերյալ և դրանք հայտնել ենք», —  նշել է նա։

Միաժամանակ դեսպանը հայտարարել է, որ Իրանի և Հայաստանի «բարեկամական և եղբայրական հարաբերությունները» հնարավորություն են տալիս երկու երկրներին այս հարցը կառավարել։ Նրա խոսքով՝ դեռևս հնարավոր չէ հստակ ասել, թե TRIPP-ի իրականացման գործընթացում ԱՄՆ-ի ներկայությունը որքանով կարող է ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա։ Դա, ըստ նրա, պետք է պարզվի ժամանակի ընթացքում։

Թեհրանը պահանջում է ինստիտուցիոնալ մեխանիզմ Հայաստանի հետ

Շիրղոլամի նշել է, որ TRIPP-ի շուրջ իրանական մտահոգությունները կառավարելու համար անհրաժեշտ է Հայաստանի կառավարության հետ ստեղծել հատուկ ինստիտուցիոնալ մեխանիզմ։ «Իրանական կողմի ունեցած մտահոգությունների փարատման լավագույն տարբերակն այն է, որ Հայաստանի կառավարության հետ ունենանք համատեղ ինստիտուցիոնալ մեխանիզմ, որի միջոցով կկարողանանք փոխանակել տեսակետները, ներկայացնել մեր մտահոգությունները, քննարկել առկա հարցերը և կառավարել առաջացող խնդիրները»,- ասել է նա։

Դեսպանի խոսքով՝ նման մեխանիզմի անհրաժեշտությունն արդեն զգացվում է։ Միաժամանակ նա նշել է, որ նույնիսկ Հայաստանի ներսում TRIPP-ի վերաբերյալ տարբեր տեսակետներ կան։ Շիրղոլամիի խոսքով՝ Իրանի համար Հայաստանի ազգային շահը կենսական նշանակություն ունի, քանի որ իրանական կողմը Հայաստանը դիտարկում է որպես մեկ ամբողջական ժողովուրդ և քաղաքակրթական միավոր։

Բաքու–Նախիջևան կապի դիմաց՝ երկաթուղի դեպի Իրան

Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը աջակցել է «Խաղաղության խաչմերուկ» գաղափարին, սակայն խաչմերուկը, նրա խոսքով, պետք է գործի բոլոր ուղղություններով։ Նա ընդգծել է, որ եթե Հայաստանը TRIPP-ի շրջանակում օգնում է ցամաքային կապ հաստատել Բաքվի և Նախիջևանի միջև՝ դա ներկայացնելով որպես խաղաղության գործընթացի մաս, ապա Ադրբեջանը ևս պետք է կատարի իր դերը։

Մասնավորապես, Ադրբեջանը պետք է հնարավորություն տա Նախիջևանի տարածքով Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային կապի ստեղծմանը։«Ինչպես Հայաստանը պատասխանատու կերպով աջակցում է ծրագրին և փորձում է օգնել Ադրբեջանին՝ Բաքվի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ստեղծելու հարցում՝ դրանով իր ներդրումն ունենալով խաղաղության գործընթացում, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է պատասխանատու կերպով ապահովի Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային կապի հնարավորությունը Նախիջևանի տարածքով»,- ասել է Շիրղոլամին։

Նրա խոսքով՝ Ջուղա–Երասխ երկաթուղային կապի ստեղծումը Հայաստանին կարող է նոր տարանցիկ հնարավորություններ տալ՝ այն դարձնելով Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի՝ Սև ծովին կապող ուղղության կարևոր օղակ։

TRIPP-ի մեխանիզմները պետք է ամրապնդեն, ոչ թե թուլացնեն Հայաստանի ինքնիշխանությունը

Շիրղոլամին կարևորել է ոչ միայն TRIPP-ի բուն իրականացումը, այլև այն մեխանիզմները, որոնց միջոցով այն պետք է գործի։ Նրա խոսքով՝ այդ մեխանիզմները «ինքնին նույնքան կարևոր են, որքան հենց նախագծի իրականացումը»։«Այդ մեխանիզմները պետք է այնպես լինեն, որ ամրապնդեն և կայունացնեն Հայաստանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,— նշել է նա։

Միաժամանակ այդ մեխանիզմները, ըստ դեսպանի, պետք է տնտեսական շահ ապահովեն Հայաստանի համար։ Նա ընդգծել է, որ այս հարցում անհրաժեշտ է «չափազանց մեծ» ուշադրություն ցուցաբերել, քանի որ մեխանիզմների հստակ սահմանումը նախագծի առանցքային հարցերից է։

Դեսպանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները, իր ընկալմամբ, դեռևս չունեն TRIPP-ի իրականացման մեխանիզմների վերաբերյալ ամբողջական և համապարփակ պատկերացում։ «Մինչև հիմա, որքան ես հասկանում եմ, Հայաստանի պաշտոնյաները դեռևս ամբողջական և համապարփակ պատկերացում չունեն, թե այդ մեխանիզմներն ուր են տանելու»,- ասել է նա։

Իրանի համար սա Հայաստանի ռազմավարական ընտրության «պատմական փորձություն» է

Շիրղոլամին TRIPP-ը բնութագրել է նաև որպես Հայաստանի համար «պատմական փորձություն»՝ հասկանալու, թե որքան ռազմավարական տեսլական ունի երկիրը ներկա և ապագա իրավիճակի նկատմամբ։

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է կարողանա այս զգայուն հարցը կառավարել այնպես, որ միաժամանակ տնտեսական օգուտներ ապահովի Հայաստանի ժողովրդի համար, երկարաժամկետ հեռանկարում չվնասի երկրի տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը, ինչպես նաև կարողանա կառավարել հարաբերությունները հարևանների հետ։

«Նախագիծը կարող ենք գնահատել որպես պատմական փորձություն՝ հասկանալու համար, թե որքան ռազմավարական տեսլական ունի Հայաստանը ներկա իրավիճակի և ապագայի նկատմամբ»,- ասել է Իրանի դեսպանը։

Նա ընդգծել է, որ Իրանը Հայաստանի կողքին է և ցանկանում է տեսնել ուժեղ և բարեկեցիկ Հայաստան։ «Կարճաժամկետ հատվածում անկախ առկա տարբեր մտահոգություններից և հարցերից՝ երկարաժամկետ հեռանկարում և ապագայի տեսլականում Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ցանկանում է, որ իր կողքին լինի ուժեղ, բարեկեցիկ և ազգային ինքնություն ունեցող Հայաստան»,— եզրափակել է Շիրղոլամին։


👉 Քաղաքականություն — Vectors.am

👉 Տարածաշրջան — Vectors.am

Scroll to Top