Մոսկվան մինչև ուկրաինական պատերազմի ավարտը պատրաստ կլինի փոխզիջումների գնալ ՀՀ-ի հետ

Ռուսաստանը, Ուկրաինայի պատերազմի, Եվրոպայի հետ հարաբերությունների և տնտեսական խնդիրների պայմաններում, շահագրգռված չէ սրել իրավիճակը Հարավային Կովկասում և, ամենայն հավանականությամբ, մինչև ուկրաինական պատերազմի ավարտը պատրաստ կլինի որոշակի փոխզիջումների գնալ Հայաստանի հետ։ Այս մասին ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով՝ Մոսկվան այսօր բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած և չի ցանկանում ևս մեկ տարածաշրջան դարձնել լարվածության աղբյուր։ Սակայն Դանիելյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը կարող է երկիրը տանել այնպիսի ճանապարհով, որը վտանգավոր է Հայաստանի համար։

«Այն քաղաքականությունը, որը վարում է իշխանությունը Հայաստանը երկրորդ Ուկրաինա սարքելու քաղաքականություն է»,– ասել է նա։

Հայաստանի դեպքում իրավիճակն ավելի աբսուրդային է

Եվրոպայի հետ չունենք ցամաքային կապ։ Սա ավելի աբսուրդային է, քան ուկրաինական տարբերակը»,– ասել է քաղաքագետը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը սահմանակից է Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին և Իրանին, իսկ Ռուսաստանի և Եվրամիության հետ ցամաքային սահման չունի։ Այդ պատճառով, ըստ նրա, եվրոպական ինտեգրման գործընթացը պետք է դիտարկել նաև Հայաստանի աշխարհագրական և անվտանգային իրականության համատեքստում։

Դանիելյանը զուգահեռ է անցկացրել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ուղղությամբ արված քայլերի հետ։ Նա հիշեցրել է, որ Պյոտր Պորոշենկոյի նախագահության շրջանում Ուկրաինայի Սահմանադրությունում ամրագրվեց երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ռազմավարական նպատակը, դրանից հետո սկսվեց գործընթաց, որը բերեց պատերազմի։

Նրա խոսքով՝ այսօր Ուկրաինայի շուրջ ընթացող բանակցություններում արդեն քննարկվում է այն տարբերակը, որ երկիրը չի անդամակցի ՆԱՏՕ-ին, իսկ Սահմանադրությունից համապատասխան դրույթը պետք է հանվի հանրաքվեի միջոցով։

Հայաստանը ծուղակի մեջ է հայտնվել

Դանիելյանը նշել է, որ Ուկրաինայի օրինակը պետք է դիտարկել որպես նախազգուշացում։ Նրա խոսքով՝ երկրի Սահմանադրությունում ամրագրված արտաքին քաղաքական նպատակն ի վերջո չի ապահովել անվտանգություն, իսկ պատերազմի հետևանքով Ուկրաինան կանգնել է ծանր ժողովրդագրական և սոցիալական խնդիրների առաջ։

«Դու Սահմանադրության մեջ գրում ես մի կետ, որի պատճառով պատերազմի մեջ ես հայտնվում, քո բնակչությունից 12 միլիոնից ավելի մարդ երկրից դուրս է գնացել։ Հիմա Ուկրաինայում մեկ ծնված երեխային չորս մահ է հասնում, բնակչությունը ճգնաժամի մեջ է, ու դրանից հետո դու հանում ես այդ կետը՝ ոչ մի ՆԱՏՕ չես տեսնում»,– ասել է նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանի դեպքում Եվրամիությանն անդամակցության գործընթացը նույնպես կարող է ստեղծել խնդիրներ, քանի որ քաղաքական նպատակները չեն համադրվում երկրի իրական հնարավորությունների և գործող տնտեսական կապերի հետ։«Այդ օրենքը երբ ընդունվեց, ես հասկացա՝ Հայաստանը ծուղակի մեջ է հայտնվել»,– ասել է Դանիելյանը։

Նա նշել է, որ Հայաստանի՝ Եվրամիության անդամ դառնալու հեռանկարն ինքնին առանձին քննարկման թեմա է և իր գնահատմամբ՝ այդ գործընթացի իրագործելիությունը լուրջ հարցեր է առաջացնում։ Սակայն նույնիսկ եթե անդամակցություն տեղի չունենա, Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ Եվրասիական տնտեսական միության հետ, որի շրջանակում այսօր ունի «շատ լուրջ տնտեսական համագործակցություն»։

Դանիելյանը պնդեց, որ արտաքին քաղաքական ուղղության փոփոխությունը չի կարող սահմանափակվել միայն քաղաքական հայտարարություններով։ Այն կարող է հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսական և անվտանգային համակարգերի համար, հատկապես այն դեպքում, երբ նոր ուղղությունը դեռևս չի ապահովում երկրի համար հստակ այլընտրանքներ։

👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top