Հայաստանի կապիտալի շուկայի միջազգայինացման համար միայն արժեթղթերի թողարկումը բավարար չէ․ անհրաժեշտ է ենթակառուցվածք, որը հայկական շուկան տեսանելի և հասանելի կդարձնի օտարերկրյա ներդրողների համար։ Այս ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքը արդեն տալիս է առաջին արդյունքները՝ միջազգային դեպոզիտարիաների հետ փոխադարձ հաշիվներից մինչև բորսաների միջև ուղիղ կապերի ստեղծման փորձեր։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի խոսքով՝ բորսան այդ գործընթացում ինքնին ներդրող կամ թողարկող չէ, այլ շուկայի ենթակառուցվածքի կարևոր օղակը։ Նրա ձևակերպմամբ՝ եթե երկիրը ցանկանում է իր կապիտալի շուկան միջազգայնացնել և միջազգային հարթակում տեսանելի դառնալ, պետք է ունենա համապատասխան ենթակառուցվածքային հնարավորություններ։
«Մենք ենթակառուցվածք ենք, ենթակառուցվածքներ ստեղծողն ենք։ Մեր մանդատից և առաքելությունից մեկն այն է, որ կարողանանք Հայաստանի կապիտալի շուկան ենթակառուցվածքի միջոցով կապել արտասահմանյան ներդրողների հետ»,– ասում է Եգանյանը։
Փոխադարձ հաշիվներից՝ դեպի միջազգային շուկաներ
Այդ կապը վերջին տարիներին սկսել է ձևավորվել միջազգային կենտրոնական դեպոզիտարիաների հետ համագործակցության միջոցով։ Եգանյանի ներկայացմամբ՝ նման փոխադարձ հաշիվներ արդեն ստեղծվել են մի շարք երկրների հետ։ ԱՄԷ հետ համագործակցությունը սկսվել է նախորդ տարիներին, այնուհետև նման հնարավորություն ստեղծվել է Ուզբեկստանի հետ, մինչ այդ փոխադարձ հաշիվներ կային նաև Ղազախստանի հետ։ Անցյալ տարի Հայաստանի շուկայում հաշիվ է բացել նաև լեհական կողմը։
Գործնական նշանակությունը բավական պարզ է․ օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողը կարող է հայկական արժեթուղթ ձեռք բերել և այն պահել իր երկրի դեպոզիտարիայում՝ առանց Հայաստանի շուկայի հետ աշխատանքի ամբողջ գործընթացը զրոյից կառուցելու։ Նույն մեխանիզմը գործում է հակառակ ուղղությամբ՝ հնարավորություն տալով հայկական ներդրողներին հասանելիություն ստանալ այլ շուկաներում շրջանառվող արժեթղթերին։
Հաջորդ փուլը, ըստ Եգանյանի, արդեն բորսաների մակարդակով կապերի ստեղծումն է։ Նպատակն այն է, որ հայկական բորսայի մասնակիցը կարողանա իր աշխատանքային միջավայրում տեսնել այլ երկրների բորսաները, իսկ այդ շուկաների մասնակիցներն էլ՝ հայկական բորսան։ «Մենք դրանով ենք զբաղված՝ կամուրջներ, ենթակառուցվածքներ ստեղծելով»,– ասում է նա։
Արտասահմանյան հաշիվը պետք է աշխատի
Միջազգային կապերի արդյունավետության կարևոր ցուցիչը, սակայն, միայն հաշիվների բացումը չէ։ Եգանյանի գնահատմամբ՝ եթե օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողի համար հաշիվ ես բացում, բայց այն չի օգտագործվում, նման նախագիծը դժվար է հաջողված համարել։ Իրական արդյունքը սկսվում է այն ժամանակ, երբ այդ ենթակառուցվածքը դառնում է գործող ներդրումային կապի մաս։
Այս առումով շուկայում տեղի ունեցած փոփոխություններից մեկը նա համարում է ինստիտուցիոնալ ներդրողների ներկայության աճը։ Նրա խոսքով՝ այսօր արդեն մոտ 12% մասնաբաժինն ինստիտուցիոնալ ներդրողների ձեռքում է, ինչը շուկայի կառուցվածքային կարևոր փոփոխություն է։
Միաժամանակ, օտարերկրյա ներդրողին հայկական արժեթուղթ առաջարկելը չի սահմանափակվում հաշիվ բացելով կամ տեխնիկական ենթակառուցվածք ստեղծելով։ Դրա համար անհրաժեշտ են «ռոուդշոուներ», ներկայացումներ, հետազոտություններ և երկարատև աշխատանք։
Եգանյանը նշում է, որ նախկինում օտարերկրյա ներդրողներն էին գալիս Հայաստան, մասնակցում ներկայացումներին և ուսումնասիրում տեղական հնարավորությունները, մինչդեռ այժմ արդեն հակառակ գործընթացն է նկատվում․ հայկական ներդրումային ընկերություններն ու նույնիսկ փոքր և միջին բանկերն են փորձում արտասահմանում գտնել ինստիտուցիոնալ ներդրողների, որոնց կարող են առաջարկել հայկական պետական կամ կորպորատիվ արժեթղթեր։
Այստեղ, նրա խոսքով, առանց հետազոտական աշխատանքի հնարավոր չէ առաջ գնալ։ Ներդրողին պարզապես որևէ արժեթուղթ առաջարկելն անհնար է, քանի որ նա պետք է հասկանա դրա ռիսկերը, եկամտաբերությունը և շուկայի հեռանկարները։
Կապիտալի շուկան մեկ կառույցի գործը չէ
Հայկ Եգանյանը կապիտալի շուկայի զարգացումը դիտարկում է որպես ամբողջ ֆինանսական էկոհամակարգի փոփոխություն։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին ակտիվացել են նաև տեղական թողարկումները, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի կողմից, ինչը ցույց է տալիս, որ շուկայի զարգացումը դուրս է գալիս միայն խոշոր ընկերությունների շրջանակից։
Այս գործընթացում կարևոր դեր է ունեցել կառավարության աջակցության ծրագիրը, որի արդյունքում արդեն ավելի քան 20 թողարկում է իրականացվել։ Շուկա են դուրս եկել նաև այնպիսի ընկերություններ, որոնք նախկինում անգամ չէին դիտարկում արժեթղթերի թողարկումը որպես ֆինանսավորման տարբերակ։
Եգանյանի գնահատմամբ՝ սա կարևոր է նաև այն պատճառով, որ կապիտալի շուկայի զարգացումը մեկ ընկերության կամ մեկ կառույցի աշխատանքի արդյունք չէ։ Այստեղ միաժամանակ անհրաժեշտ են պետական քաղաքականություն, կարգավորում, բորսայական ենթակառուցվածք, ներդրումային ընկերություններ, բանկեր, տեղաբաշխողներ և, ի վերջո, ներդրողներ։
Շուկայի ամենակարևոր փոփոխությունը կարող է լինել մանր ներդրողի ակտիվացումը
Բորսայի ղեկավարի խոսքով՝ հայկական արժեթղթերի շուկայում նկատելի փոփոխություն է նաև մանրածախ ներդրողների ակտիվացումը։ Ընկերությունների ցուցակման կամ արժեթղթերի տեղաբաշխման ժամանակ կարևոր հարցերից մեկը ներդրողների կառուցվածքն է, և վերջին շրջանում դրա մեջ զգալի տեղ են զբաղեցնում հենց մանրածախ ներդրողները։
Եգանյանի համար սա առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ինստիտուցիոնալ ներդրողը, որպես կանոն, արդեն ունի ֆինանսական գիտելիք, ներդրումային ռազմավարություն և հստակ չափանիշներ։ Մանրածախ ներդրողի դեպքում իրավիճակն այլ է․ նրա ներգրավումը պահանջում է ֆինանսական կրթություն, բացատրական աշխատանք և հասանելի գործիքներ։
«Ինստիտուցիոնալ ներդրողն արդեն գիտի՝ ինչ է ուզում։ Նրա հետ կարող ես 15 րոպե խոսել, մի քանի հարցի պատասխանել, և ինքը որոշում կկայացնի։ Բայց մանրածախ ներդրողի դեպքում պետք է աշխատանք տարվի»,– նշում է նա։
Այս աշխատանքի արդյունքում մանրածախ ներդրողների թիվը, Եգանյանի փոխանցմամբ, արդեն մոտենում է 15 հազարի, իսկ որոշ տվյալներով՝ 11 հազարի սահմանում է։ Նրա խոսքով՝ շուկայի այս հատվածի ընդլայնմանը նպաստում են նաև վերջին շրջանում ստեղծվող թվային ներդրումային լուծումները։
Հայկական պարտատոմսից դեպի բաժնետոմս
Թվային հարթակների զարգացման համատեքստում Եգանյանը կարևորում է, որ ներդրումային ծրագրերը չսահմանափակվեն միայն հայկական արժեթղթերով։ Նրա կարծիքով՝ ավելի արդյունավետ կլինի, եթե այդ համակարգերը հնարավորություն տան ներդրողին տեսնել նաև միջազգային բորսաներում և արտաբորսայական շուկաներում հասանելի արժեթղթերը։
Տրամաբանությունը, նրա խոսքով, պարզ է․ ներդրողը նախ պետք է տեսնի, որ նման գործիք գոյություն ունի, ապա սկսի հարցեր տալ և շփվել ֆինանսական ծառայություն մատուցող ընկերության հետ։ Այդ շփումն էլ աստիճանաբար ձևավորում է ներդրումային մշակույթ։
Եգանյանը կարծում է, որ շուկայի զարգացումը կարող է փոխել նաև հայկական բիզնեսի վերաբերմունքը սեփական կապիտալի նկատմամբ։ Այսօր շատ գործարարներ արդեն հանդես են գալիս որպես ներդրողներ, ուսումնասիրում են արժեթղթերը և հասկանում շուկայի տրամաբանությունը։ Հաջորդ քայլը կարող է լինել այն գիտակցումը, որ սեփական ընկերությունը նույնպես կարող է դառնալ կապիտալի շուկայի մասնակից՝ թողարկելով պարտատոմսեր կամ բաժնետոմսեր։
Նրա խոսքով՝ պարտատոմսերի շուկայի ներկայիս ակտիվությունը կարող է աստիճանաբար ճանապարհ բացել բաժնետոմսերի թողարկումների համար։
Միաժամանակ, Եգանյանը մատնանշում է մեկ կարևոր խնդիր․ միջազգային շուկա դուրս գալու և օտարերկրյա ներդրողներին հայկական արժեթղթերը ներկայացնելու աշխատանքում պետք է հստակեցնել նաև սպասելիքները։ Տեղական թողարկողները երբեմն ակնկալում են, որ ռոուդշոուներից և միջազգային տեսանելիության բարձրացումից հետո արտասահմանյան խոշոր ներդրողները ինքնաբերաբար կգան և ձեռք կբերեն իրենց բաժնետոմսերն ու պարտատոմսերը։
Մինչդեռ միջազգային կապիտալ ներգրավելու համար միայն շուկայի տեսանելիությունը բավարար չէ։ Անհրաժեշտ են ֆինանսական հետազոտություններ, ներդրողների հետ շարունակական աշխատանք, վստահելի ենթակառուցվածք և այնպիսի շուկա, որտեղ օտարերկրյա ներդրողի համար հայկական արժեթուղթը կլինի ոչ թե պարզապես հասանելի, այլ նաև հասկանալի և ներդրումային առումով գրավիչ։

