Հայաստանի ներդրումային շուկան վեց անգամ աճել է

Հայաստանի ներդրումային շուկան վեց անգամ աճել է

Հայաստանի ներդրումային ոլորտը վերջին տարիներին գրանցել է աննախադեպ աճ․ ակտիվների ծավալը մոտ 68 միլիարդ դրամից հասել է ավելի քան 400 միլիարդի, իսկ շուկայում գործող ընկերությունների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Այս մասին նշել է Dimension Investments-ի գլխավոր գործադիր տնօրեն Գրիգոր Հարությունյանը։

Նրա խոսքով՝ 2021-2022 թվականներից առաջ ներդրումային ընկերությունների թիվը մոտ 13-14 էր, իսկ այժմ հասել է 27-ի։ Նույն ժամանակահատվածում սեփական կապիտալն աճել է մոտ 12 միլիարդից մինչև շուրջ 130 միլիարդ դրամ։ Հարությունյանի գնահատմամբ՝ այս աճը միայն հաշվեկշռային կամ ժամանակավոր փոփոխություն չէ և ընդհանուր առմամբ բավական առողջ հիմքեր ունի։ Սակայն դրա կայունությունը գնահատելու համար անհրաժեշտ է տարանջատել այն գործոնները, որոնք կարող են ժամանակավոր լինել, և այն փոփոխությունները, որոնք արդեն վերափոխել են Հայաստանի ֆինանսական շուկայի միջավայրը։

Ռուս-ուկրաինական պատերազմը փոխեց շուկայի պահանջարկը

Շուկայի արագ ընդլայնման վրա էական ազդեցություն է ունեցել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Հայաստան տեղափոխված կապիտալի մի մասը մնացել է երկրում, մի մասը հեռացել է, իսկ դրա արդյունքում որոշ ժամանակահատվածում ավելացել են միջնորդավճարները, սեփական կապիտալն ու ընկերությունների շահույթները։

Սակայն Հարությունյանի խոսքով՝ շուկայի փոփոխության միայն այս հատվածը կարող է ժամանակի ընթացքում թուլանալ։ Ավելի կարևոր է այն, որ Հայաստան տեղափոխված կապիտալը ձևավորել է որակյալ ներդրումային ծառայությունների և ավելի լայն ներդրումային պրոդուկտների պահանջարկ։

«Այդ կապիտալը, որ եկավ, նաև շատ մեծ պահանջարկ ստեղծեց որակյալ ներդրումային ծառայությունների, ավելի լայն ներդրումային պրոդուկտների ու աշխարհի կարևոր շուկաների հասանելիության նկատմամբ»,— ասել է նա։

Այս պահանջարկը, իր հերթին, ստիպեց շուկայի մասնակիցներին զարգացնել համապատասխան ենթակառուցվածքներ։ Եվ հենց այդ ենթակառուցվածքներն են, ըստ Հարությունյանի, այն փոփոխություններից, որոնք կարող են պահպանվել նույնիսկ այն դեպքում, երբ արտաքին գործոնների ազդեցությունը նվազի։

Հայաստան եկած մասնագետների փորձը կարող է մնալ շուկայում

Փոփոխության մյուս կարևոր շերտը մասնագիտական ներուժն է։ Վերջին տարիներին Հայաստան են եկել փորձառու մասնագետներ, որոնք իրենց հետ բերել են գիտելիք, մասնագիտական կապեր և միջազգային շուկաների փորձ։

Հարությունյանի խոսքով՝ նույնիսկ եթե Հայաստան տեղափոխված կապիտալի մի մասը հետագայում հեռանա, այդ մասնագետների բերած փորձը և ձևավորված կապերը կարող են շարունակել աշխատել հայկական ֆինանսական համակարգում։

«Եկան նաև որակյալ մասնագետներ, բերեցին իրենց փորձառությունը, բերեցին իրենց կապերը արտաքին աշխարհի, արտաքին շուկաների հետ»,— նշել է նա։

Նրա գնահատմամբ՝ առաջիկայում ոլորտի աճի տեմպը կարող է դանդաղել, սակայն վերջին տարիներին ստեղծված ենթակառուցվածքները կենսունակ են, և շուկան արդեն որակապես փոխվել է։

Կապիտալի շուկա են մտնում նոր ոլորտների ընկերություններ

Փոփոխությունները նկատելի են նաև կապիտալի շուկայի կառուցվածքում։ Հարությունյանի խոսքով՝ վերջին տարիներին ավելացել է ոչ ֆինանսական ոլորտի ընկերությունների մասնակցությունը պարտատոմսերի շուկայում։

Եթե նախորդ տարիներին նոր թողարկողների թվում ոչ ֆինանսական ընկերությունները սահմանափակ էին, ապա այս տարի միայն վերջին երկու ամիսներին Dimension Investments-ը կապիտալի շուկա է բերել վեց նոր ընկերություն ոչ ֆինանսական ոլորտից։ Նրանց համար սա առաջին քայլն է կապիտալի շուկա։

Այս գործընթացը ցույց է տալիս, որ կապիտալի շուկան աստիճանաբար դառնում է ֆինանսավորման այլընտրանքային աղբյուր նաև այն ընկերությունների համար, որոնք նախկինում հիմնականում չէին դիտարկում նման գործիքները։


👉 Տնտեսություն — Vectors.am

Scroll to Top