Միացյալ Նահանգներն Իրանի ուղղությամբ կատարվող քայլերի հստակ ռազմավարություն չունեն։ Վաշինգտոնում որոշումները հաճախ կայացվում են ոչ թե երկարաժամկետ ռազմավարական հաշվարկների հիման վրա, այլ որոշ խմբերի ճնշումների տակ և ցանկությունները բավարարելու քաղաքականությամբ։ Նման կարծիքի է քաղաքագետ Արման Գրիգորյանը։
Սակայն այս պահի դրությամբ, Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ լայնածավալ պատերազմի հավանականության մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրական ռազմաքաղաքական իրավիճակին, նշում է փորձագետը։ Նրա համոզմամբ՝ Վաշինգտոնը չունի ոչ անհրաժեշտ ռազմական ռեսուրսների մոբիլիզացիայի պատրաստակամություն, ոչ Իրանի նկատմամբ վճռորոշ հաղթանակի հնարավորություն։
Լայնածավալ ցամաքային պատերազմը «հեքիաթների ժանրից» է
Գրիգորյանը նշում է, որ այսօր շրջանառվող վարկածները ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ լայնամասշտաբ ցամաքային գործողությունների մասին գործնականում իրատեսական չեն։ Նրա խոսքով՝ Իրանի դեմ նման պատերազմն իմաստ կունենար միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները մոբիլիզացներ մի քանի հարյուր հազար զինծառայող և նպատակ դներ գրավել Թեհրանը։
Նա ընդգծում է, որ որևէ այլ սցենար՝ լինի Հորմուզի նեղուցի հարակից տարածքներում հենակետերի ստեղծումը կամ առանձին կղզիների վերահսկողությունը, ռազմական իմաստ չի ունենա։ Քաղաքագետի համոզմամբ՝ նման օբյեկտները մշտապես կհայտնվեն Իրանի հրթիռային և հեռահար հրետանային հարվածների տակ, իսկ դրանց մատակարարման և պահպանման լոգիստիկան գործնականում անհնար կլինի ապահովել։
Գրիգորյանի խոսքով՝ եներկայումս որևէ նշան չկա, որ ԱՄՆ-ը պատրաստվում է մոբիլիզացնել նման ծավալի զորքեր կամ իրականացնել Թեհրանի գրավման օպերացիա, իսկ նման որոշումը քաղաքական առումով ևս անհնար և անհեռանկար է։
Իրանը՝ Իրաքը կամ Աֆղանստանը չէ
Քաղաքագետը հիշեցնում է, որ Իրանի դեմ հնարավոր պատերազմը չի կարող համեմատվել Իրաքի, Լիբիայի կամ նույնիսկ Աֆղանստանի հետ։ Նրա գնահատմամբ՝ նույնիսկ եթե տեսականորեն հաջողվեր գրավել Թեհրանը, դրա գինը Միացյալ Նահանգների համար կլիներ չափազանց ծանր։
Նրա խոսքով՝ Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ը սկզբնական փուլում հաջողությամբ իրականացրեց դասական ռազմական գործողությունները, սակայն հետագայում չկարողացավ վերահսկողություն հաստատել և պարտություն կրեց պարտիզանական պատերազմի պայմաններում։ Իսկ Իրանի դեպքում նույնիսկ այդ առաջին՝ կոնվենցիոնալ պատերազմի փուլը բոլորովին այլ տեսք կունենա։
Գրիգորյանը նշում է, որ ռազմական փորձագետների շրջանում արդեն խոսվում է տասնյակ հազարավոր հնարավոր զոհերի մասին։ Նրա խոսքով՝ Իրանի աշխարհագրական պայմանները պաշտպանվող կողմին զգալի առավելություն են տալիս, և այդ հանգամանքը պատերազմը դարձնում է ԱՄՆ-ի համար չափազանց ծանր և վտանգավոր։
Վաշինգտոնի միակ տարբերակը կարող է լինել ենթակառուցվածքների դեմ հարվածները
Քաղաքագետը հիշեցնում է, որ նախկինում բազմիցս ասել է՝ ԱՄՆ-ը չունի արդյունավետ ռազմական լուծում, և եթե փորձի ուժեղացնել ճնշումը, ապա ստիպված կլինի դիմել քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների։ Սակայն Իրանի պատասխան քայլերը, շատ ավելի ցավալի կլինեն։
Գրիգորյանը առանձնապես վտանգավոր է համարում աղազերծման կայանների թիրախավորումը։ Նրա խոսքով՝ մի շարք ռազմական մասնագետների հետ համակարծիք է, որ նման հարվածները կարող են լրջագույն հետևանքներ ունենալ հենց ԱՄՆ-ի դաշնակիցների համար։
Նա նշում է, որ Սաուդյան Արաբիայի խմելու ջրի շուրջ 70 տոկոսը ստացվում է աղազերծման կայաններից, իսկ Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Օմանի դեպքում այդ կախվածությունն ավելի մեծ է։
Քաղաքագետի խոսքով՝ Իրանի կողմից արդեն պատասխան հարված է հասցվել Քուվեյթի աղազերծման կայաններից մեկին, ինչից հետո, իր տեղեկություններով, Պարսից ծոցի երկրների և Դոնալդ Թրամփի միջև տեղի են ունեցել լուրջ քննարկումներ՝ Իրանի նմանատիպ օբյեկտներին այլևս չհարվածելու անհրաժեշտության վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ եթե այդ կայանները ոչնչացվեն, ծոցի մի շարք երկրներ կարող են պարզապես դառնալ բնակության համար ոչ պիտանի։
Իրանը դեռ ունի էսկալացիայի մի շարք լծակներ
Գրիգորյանի խոսքով՝ Իրանը շարունակում է պահպանել հակազդման բազմաթիվ այլ հնարավորություններ։ Նա հիշեցնում է, որ երկար ժամանակ քննարկվում էր հութիների միջոցով Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակման հավանականությունը։
Նրա գնահատմամբ՝ եթե Հորմուզի նեղուցի հետ միասին փակվի նաև Բաբ էլ-Մանդեբը, ապա համաշխարհային նավթային շուկան կարող է բախվել լրջագույն ճգնաժամի, քանի որ Պարսից ծոցից արտահանվող նավթի զգալի մասը տեղափոխվում է հենց այդ երթուղով։
Քաղաքագետը նշում է նաև, որ Իրանը սպառնում է հարվածի տակ վերցնել Ֆուջայրայի նավահանգիստը, որը ևս կարևոր դեր ունի նավթի արտահանման համակարգում։ Նրա խոսքով՝ մինչ այժմ նավթի գների կտրուկ աճ տեղի չունեցավ, քանի որ Հորմուզի նեղուցը ամբողջությամբ չէր փակվել, Բաբ էլ-Մանդեբը շարունակում էր գործել, իսկ Միացյալ Նահանգները լայնորեն օգտագործում էր իր ռազմավարական նավթային պաշարները։ Սակայն, Գրիգորյանի համոզմամբ, այդ պաշարները բավարար չեն, և եթե Իրանի սպառնալիքներն իրականացվեն, նավթի գները կարող են կտրուկ աճել։
Ռիսկերը կարող են տարածվել նաև Իրաքում
Քաղաքագետը նշում է, որ Իրանի դաշնակիցների ակտիվացումը հնարավոր է ոչ միայն Եմենում, այլև Իրաքում։ Նրա խոսքով՝ Իրաքի ներկայիս իշխանությունները փաստացի դաշնակից հարաբերություններ ունեն Իրանի հետ, և վտանգ կա, որ ամերիկյան ներկայությունը կարող է հայտնվել նոր հարձակումների թիրախում։
Նա անդրադառնում է նաև այն տեղեկություններին, թե Իրանի դեմ հնարավոր ցամաքային գործողություններում կարող են օգտագործվել քրդական ուժերը։ Սակայն, ըստ Գրիգորյանի, այդ սցենարն էլ լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնել, քանի որ քրդական ուժերը կարող են բախվել հենց Իրաքի իշխանությունների դիմադրությանը։

