Իշխանությունը չի հաղթում, ընդդիմությունն է պարտվում․ կարծիք

Ընդդիմության հաղթանակի բաղադրատոմսը՝ 1,4 մլն ընտրողների մասնակցություն

Ի սկզբանե ակնհայտ էր, որ Հայաստանում մեկ միասնական ընդդիմադիր դաշինք չի ձևավորվելու։ Այս մասին նշել է աղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ 

Նրա խոսքով՝ «միասնական ընդդիմության» գաղափարը արհեստական թեզ է, աշխարհի որևէ երկրում ընդդիմադիր բոլոր ուժերը մեկ ցուցակում չեն համախմբվում։ Սուրենյանցը ընդգծում է, որ ընդդիմությունը, ի տարբերություն իշխանության, վերտիկալ կառուցվածք չունի և հենց իր բազմազանությամբ է ուժեղ։ Ըստ նրա՝ ընդդիմադիր դաշտում ներկայացված են տարբեր սոցիալական և քաղաքական սեգմենտների շահեր, ինչը ընդդիմությանը դարձնում է բովանդակային և մրցունակ։

Կոնսոլիդացիոն կենտրոնների ձևավորումը

Քաղաքագետի խոսքով՝ ներկայումս ընդդիմադիր դաշտում ձևավորվում են կոնսոլիդացիոն կենտրոններ՝ մի քանի հզոր բևեռների տեսքով, որոնք կարող են իրական մրցակցային միջավայր ստեղծել ընտրություններինՒ

Նա նշեց, որ համախմբում է տեղի ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ՝ «Առաջարկ Հայաստան» ծրագրի հարթակում, որտեղ քննարկումներին մասնակցում են նաև այլ քաղաքական դերակատարներ։ Միաժամանակ, Սուրենյանցի խոսքով, կոնսոլիդացիա կա Ռոբերտ Քոչարյանի շուրջ, ինչպես նաև Սամվել Կարապետյանի շուրջ։ Նա չի բացառում, որ առաջիկայում կձևավորվեն նաև այլ ընդդիմադիր կենտրոններ։

Քաղաքագետի համոզմամբ՝ այս գործընթացները լուրջ անհանգստություն են առաջացնում իշխանության շրջանում։

Մասնակցության գործոնը՝ որպես վճռորոշ պայման

Սուրենյանցի գնահատմամբ՝ եթե ընտրություններին մասնակցի ընտրողների առնվազն 55%, ինչը կազմում է մոտ 1,4 միլիոն քաղաքացի, ապա գործող իշխանության պարտությունը կդառնա անխուսափելի։ Նրա խոսքով՝ նույնիսկ վարչական ռեսուրսների կիրառումը կամ ռեպրեսիվ մեխանիզմների գործարկումը չի փոխի այդ արդյունքը։

Քաղաքագետը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի միակ իրական դաշնակիցը այլևս ոչ թե քաղաքական համակարգի մաս է կամ սոցիալական խմբերի շրջանում, այլ հասարակության ապատիկ հատվածում։ Նրա խոսքով՝ ճնշումները, ռեպրեսիաներն ու քաղաքական մթնոլորտի լարվածությունը հենց այդ նպատակին են ծառայում՝ հասարակությանը հուսահատ պահել, նվազեցնել ընտրություններով իշխանափոխության հնարավորության հանդեպ հավատը և մարդկանց հեռու պահել ընտրատեղամասերից։

Ընդդիմության հիմնական խնդիրը

Սուրենյանցի համոզմամբ՝ ընդդիմության առաջ կանգնած հիմնական և փաստացի միակ խնդիրը ընտրողին ընտրատեղամաս հասցնելն է։ Ըստ նրա՝ դա հնարավոր է միայն ակտիվ քարոզչության, հստակ խոսույթի, իրատեսական ծրագրերի, արդյունավետ առաջնորդության և հասարակությանը հասկանալի քաղաքական բանաձևերի միջոցով։

Նշենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալնելի, Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 489 031 քաղաքացի։ Ընտրողների ամենամեծ թիվը գրանցված է Երևանում՝ 843 278 ընտրող։ Երևանին հաջորդում է Արմավիրի մարզը՝ 224 696 ընտրող։  Ամենաքիչ ընտրողներ գրանցված են Վայոց ձորի մարզում՝ 43 751 քաղաքացի։

Scroll to Top