Հայ-ամերիկյան հարաբերություններում փոխվում են թե՛ բովանդակությունը, թե՛ ձևը

Հայ-ամերիկյան հարաբերություններում փոխվում են թե՛ բովանդակությունը, թե՛ ձևը

Հայաստան–Միացյալ Նահանգներ հարաբերությունները ներկայումս անցնում են որակական փոփոխությունների երկու կարևոր փուլ։ Առաջինը վերաբերում է բովանդակությանը, երկրորդը՝ հարաբերությունների ձևաչափին։ Այս մասին նշում է քաղաքագետ Նարեկ Մինասյանը։ 

Նրա խոսքով՝ եթե նախորդ՝ դեմոկրատական վարչակազմի շրջանում Վաշինգտոնը գործընկերությունը կառուցում էր հիմնականում արժեքային բաղադրիչի վրա՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և հարակից թեմաներ, ապա նոր վարչակազմի առաջնահերթությունները էականորեն տարբեր են։ Այժմ առանցքային գործոնը տնտեսական շահն է։

Տնտեսական շահը՝ որպես արտաքին քաղաքական հիմք

Մինասյանը նշում է, որ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը իր հարաբերությունները թե՛ Եվրամիության, թե՛ եվրոպական առանձին երկրների, ինչպես նաև Մեքսիկայի, Բրազիլիայի, Կանադայի և այլ պետությունների հետ վերանայում ու կառուցում է հենց տնտեսական շահի տրամաբանությամբ։ Այդ գործընթացում կիրառվում են ամենատարբեր լծակներ՝ ներառյալ մաքսատուրքերը և տնտեսական ճնշման մեխանիզմները։

Քաղաքագետի գնահատմամբ՝ առաջիկա երեք տարիներին հայ-ամերիկյան հարաբերություններում Վաշինգտոնի համար գերակա է լինելու հենց տնտեսական բաղադրիչը, և հայկական կողմը ևս պետք է իր քաղաքականությունը կենտրոնացնի տնտեսական գործընկերության խորացման վրա։

Սպառողից՝ գործընկեր

Երկրորդ կարևոր փոփոխությունը, ըստ Մինասյանի, վերաբերում է հարաբերությունների ձևաչափին։ Եթե նախկինում Հայաստանը հիմնականում դիտարկվում էր որպես օգնության սպառող՝ այդ թվում նաև ռազմական ոլորտում, ապա այժմ իրավիճակը փոխվում է։

Նրա խոսքով՝ Հայաստանը աստիճանաբար անցնում է գործընկերոջ դերին՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական համագործակցության շրջանակում։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանի հետ կնքել պայմանագրեր, ստանձնել համատեղ պարտավորություններ և իրականացնել ռազմական նշանակության արտադրանքի վաճառք։

Մինասյանը առանձնահատուկ կարևորում է այն հանգամանքը, որ հետախուզական նշանակության անօդաչու սարքերի վաճառքը իրականացվել է ռազմական գործարքի, այլ ոչ թե օգնության շրջանակում։ Նրա գնահատմամբ՝ սա, հավանաբար, Հայաստանի հետ Foreign Military Sales ծրագրի շրջանակում առաջին նման գործարքն է, որը ճանապարհ է բացում հետագա համագործակցության համար։ Քաղաքագետը ընդգծում է՝ ամերիկյան մոտեցումն այս հարցում պարզ է․ «ունեք ֆինանսական միջոցներ, մենք ունենք տեխնոլոգիա, կարելի է պայմանավորվել»։

Հարավային Կովկասը՝ ԱՄՆ ուշադրության կենտրոնում

Մինասյանի խոսքով՝ Միացյալ Նահանգների  արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերանայման ֆոնին Հարավային Կովկասը հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Նա հիշեցնում է, որ դեռ մեկ տարի առաջ մտավախություններ կային, թե նոր վարչակազմի համար տարածաշրջանը կարող է ընդհանրապես հետաքրքիր չլինել, և  նախորդ վարչակազմի հետ Հայաստանի ստորագրած ռազմավարական գործընկերության փաստաթուղթը կզրոյացվի։

Սակայն, նրա գնահատմամբ, իրավիճակը զարգացել է հակառակ ուղղությամբ՝ այդ թվում նաև հայկական կողմի դիվանագիտական ջանքերի արդյունքում։ Այսօր արդեն ակնհայտ է, որ Վաշինգտոնը մտադիր է մեծացնել իր տնտեսական և ենթակառուցվածքային ներգրավվածությունը տարածաշրջանում, ինչը Հարավային Կովկասը ներառում է նաև ԱՄՆ աշխարհաքաղաքական առաջնահերթությունների շարքում։

Տնտեսական ներկայությունը՝ որպես անուղղակի երաշխիք

Քաղաքագետը շեշտում է, որ թեև անվտանգության ոլորտում ուղղակի երաշխիքներ Հայաստանը չի ստանում, սակայն տնտեսական բաղադրիչը ձևավորում է որոշակի հարակից երաշխիքային դաշտ։ Նրա խոսքով՝ TRIPP նախագծի շրջանակում և դրան զուգահեռ Հայաստանը և Ադրբեջանը ստանում են տարբեր «բոնուսներ»՝ երկկողմ հուշագրերի և պայմանավորվածությունների տեսքով, որոնք շահագրգռում են կողմերին առաջ շարժվել հենց ներկայիս գործընթացների տրամաբանությամբ, այլ ոչ թե պատերազմական սցենարով։

Մինասյանը հիշեցնում է, որ օգոստոսի 8-ին հայկական կողմը ստորագրել է երեք հուշագիր՝ հաղորդակցությունների, արհեստական բանականության և այլ ոլորտներում, և արդեն այսօր նկատելի են դրանց գործնական արդյունքները։ Խոսք է գնում շուրջ 4 միլիարդ դոլարի պլանավորվող ներդրումների մասին, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների Հայաստանում աճող ակտիվության մասին։

Տարածաշրջանային բալանսավորումը

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, քաղաքագետի խոսքով, Վաշինգտոնը փորձել է ապահովել որոշակի բալանսավորում։ Եթե Հայաստանը ստացել է ռազմավարական գործընկերության կանոնադրություն, ապա Ադրբեջանի հետ ևս դա պետք է արվեր, նաև Բաքվի հետ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ, այդ թվում՝ էներգետիկայի և արհեստական բանականության ոլորտներում։

Նրա գնահատմամբ՝ թեև Հայաստանի պայմանավորվածությունները ներկայումս մեկ քայլ առաջ են՝ ինչպես բովանդակությամբ, այնպես էլ իրականացման փուլով, այդ «բոնուսները» նաև խթանել են Բաքվի հետաքրքրվածությունը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցում։

Հետևողականության գործոնը

Մինասյանը կարևորում է ամերիկյան կողմի հետևողականությունը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ղեկավարության ուղերձներում հստակ նշվում է, որ օգոստոսի 8-ի հայտարարությունը ընդամենը առաջին քայլն էր։ Այժմ հայկական կողմի հիմնական խնդիրն է այդ պայմանավորվածությունները և խաղաղության հռչակագիրը դարձնել գործնական իրականություն՝ հիմնվելով փոխադարձ տնտեսական շահերի և կապերի խորացման վրա։

Scroll to Top