Ընտրություններից հետո ընդդիմության կողմից հստակ և վճռական քայլերի բացակայությունը հանգեցրել է հանրային հիասթափության աճին։ Նման կարծիքի է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա գնահատմամբ՝ որքան ընդդիմությունը հետաձգում է իր գործողությունները և չի ներկայացնում գործընթացների վերաբերյալ հստակ դիրքորոշում, այնքան ավելի է կորցնում հասարակության վստահությունը։
Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ նախընտրական վերջին շաբաթներին ընդդիմությունը կարողացել էր զգալի աջակցություն հավաքել, սակայն այդ ձեռքբերումները շատ արագ մսխվել են։ Նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն հաղթող հայտարարելու հայտարարությանը, որը հնչել էր դեռևս քվեների չնչին մասի հաշվարկից հետո, պետք է արժանանար ընդդիմության անհապաղ արձագանքի։ Քաղաքագետի գնահատմամբ՝ հենց այդ պահին անհրաժեշտ էր սկսել փողոցային պայքարը և հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ թույլ չտալու իշխանություններին ժամանակ շահել։ Սակայն, ըստ նրա, ընդդիմությունը նախընտրեց սպասողական մարտավարություն՝ ակնկալելով ԿԸՀ-ի որոշուման հրապարակումը։
«Յուրաքանչյուր ժամ, երբ ընդդիմությունը չի ցուցաբերում հստակ գործողություն, ավելացնում է մարդկանց հիասթափությունը»,– նշում է Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով, որ ընդդիմության վարքագծում հակասություն կա. մի կողմից մեղադրում են իշխանություններին ապօրինի գործողությունների մեջ, մյուս կողմից՝ սպասում են իշխանության կառույցների որոշումներին։
Նրա խոսքով՝ ընտրություններից առաջ հասարակության շրջանում ձևավորվել էր ակնկալիք, որ հունիսի 8-ից հետո քաղաքական իրավիճակը կտրուկ փոխվելու է։ Շատ քաղաքացիներ ժամերով հերթեր էին կանգնել քվեարկելու համար՝ հավատալով, որ իրենց ձայնը կարող է փոփոխություն բերել։ Սակայն այսօր, ինչպես նշում է քաղաքագետը, այդ սպասումների փոխարեն նկատվում է լռություն և հիասթափություն։
Միևնույն ժամանակ նա զգուշացնում է, որ հասարակության լռությունը չպետք է շփոթել անտարբերության հետ։ «Ժողովրդի լռությունից պետք է վախենա և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, որովհետև ժողովրդի լռությունը այնպես չի լռում», — նշեց քաղաքաագետը։ Ըստ նրա՝ հանրության մեջ կուտակվում է բացասական էներգիա և դժգոհություն թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության նկատմամբ։ Մելիք-Շահնազարյանի համոզմամբ՝ եթե ընդդիմությունը չկարողանա արագ կազմակերպել և առաջնորդել քաղաքացիներին, ապա այդ դժգոհությունը կարող է վերածվել լուրջ սոցիալական ու քաղաքական զարգացումների։
Անդրադառնալով ընդդիմության հետագա քայլերին՝ քաղաքագետը նշում է, որ ընդդիմադիր ուժերը հայտնվել են փակուղային իրավիճակում։ Նրա կարծիքով՝ նրանք չեն ցանկանում հրաժարվել խորհրդարանական մանդատներից և ավելի շատ կենտրոնացած են Ազգային ժողովում իրենց ներկայությունն ու ազդեցությունն ընդլայնելու վրա, քան արտախորհրդարանական պայքարի։
Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ ընդդիմության ներսում արդեն քննարկվում է խորհրդարանական գործունեությունը շարունակելու տարբերակը՝ հույս ունենալով հետագայում ավելացնել քաղաքական ազդեցությունը։ Նրա գնահատմամբ՝ ներկայում ընդդիմության գործողությունները վկայում են հենց այդ ուղղությամբ շարժվելու մասին, ինչը կարող է ավելի խորացնել հասարակության հիասթափությունը քաղաքական ամբողջ համակարգի նկատմամբ։

