Հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումների տեսանկյունից առանցքային նշանակություն կարող է ունենալ դեկտեմբերի 3-ին նախատեսվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Հայաստանի համար լավագույն սցենարը կլինի Մոսկվայի հետ հարաբերությունների նոր ձևաչափի շուրջ փոխըմբռնման հասնելը, իսկ վատագույնը՝ Ռուսաստանի կողմից միակողմանի որոշումների ընդունումը, հիմնականում տնտեսական ոլորտում։ Այս մասին հարցազրույցում նշել է վերլուծաբան Մելքոնյանը։
Փաշինյան-Պուտին հանդիպումը կարող է որոշիչ լինել
Վերլուծաբանի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հիմնական որոշումները, ամենայն հավանականությամբ, կընդունվեն դեկտեմբերի 3-ին նախատեսվող երկկողմ հանդիպման ընթացքում։ Իսկ դեկտեմբերի 22-ին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին, ըստ Մելքոնյանի, կարող են ամրագրվել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ եվրասիական ինտեգրմանը վերաբերող հատվածները։ Մինչդեռ, ըստ նրա, Փաշինյան-Պուտին երկկողմ բանակցությունների օրակարգն ավելի լայն կլինի՝ ներառելով երկաթուղու, ատոմակայանի և համագործակցության այլ ուղղություններին առնչվող հարցեր։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը, ապա վերլուծաբանը չի ակնկալում էական փոփոխություններ։ Նրա գնահատմամբ՝ ռուսական կողմը գիտակցում է, որ Երևանը չի վերանայելու կազմակերպության նկատմամբ իր մոտեցումը։ «Ինձ թվում է՝ ռուսական կողմը գիտի և հասկանում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի վերաբերյալ իր մոտեցումը չի փոխելու։ Այս էջն արդեն թերթված է»,- նշել է նա՝ հավելելով, որ առաջիկա բանակցությունների օրակարգում, ամենայն հավանականությամբ, ավելի պրագմատիկ հարցեր կլինեն։
Մոսկվան Հայաստանի արտաքին քաղաքականությունը դիտարկում է որպես շրջադարձ
Մելքոնյանի համոզմամբ՝ Ռուսաստանը ներկայում Հարավային Կովկասի նկատմամբ հստակ ռազմավարություն չունի։ Նրա խոսքով՝ այս հարցում իր գնահատականը 2024 թվականից ի վեր չի փոխվել։
Ռուսաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության հիմնական առաջնահերթությունները կապված են Ուկրաինայի և Արևմուտքի հետ, ինչի հետևանքով Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան Մոսկվայի համար երկրորդական նշանակություն են ստացել։
Միաժամանակ վերլուծաբանն ուշադրություն է հրավիրել Հայաստանում Ռուսաստանի վերաբերյալ մասնագիտական ուսումնասիրությունների պակասի վրա։ Նրա խոսքով՝ հայաստանյան փորձագիտական քննարկումները հաճախ կրում են զգացմունքային բնույթ կամ հիմնված են ենթադրությունների վրա, քանի որ երկրում դեռևս չկա լուրջ հաստատություն, որը կզբաղվեր Ռուսաստանի հարցերով մասնագետների պատրաստմամբ։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարներին՝ Մելքոնյանը նշել է, որ Հայաստանի համար առավել բարենպաստ տարբերակը կլինի հարաբերությունների նոր ձևաչափի շուրջ համաձայնության հասնելը։
Խոսքը ոչ միայն երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա ուղղությունների հստակեցման, այլև Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունների և դրանց սահմանների վերաբերյալ փոխըմբռնման մասին է։
Սակայն այդ ճանապարհին առանցքային խնդիր է կողմերի միջև վստահության բացակայությունը։ Եթե Երևանն իր արտաքին քաղաքականությունը ներկայացնում է որպես դիվերսիֆիկացում, ապա Մոսկվայում այն ընկալում են որպես արտաքին քաղաքական շրջադարձ։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ դրական սցենարի դեպքում Ռուսաստանը կընդունի Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման տրամաբանությունը, իսկ կողմերը փոխըմբռնման կհասնեն այդ գործընթացի հնարավորությունների և սահմանափակումների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ փոխըմբռնման բացակայության դեպքում Ռուսաստանը կարող է անցնել միակողմանի որոշումների ընդունման՝ հիմնականում տնտեսական ոլորտում։
Գազի թանկացումը՝ Ռուսաստանի ազդեցության վերջին լծակներից մեկը
Վերլուծաբանը հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակը պարադոքսալ է համարում։ Ռուսաստանը Հայաստանում շարունակում է ունենալ ռազմաբազա, ռազմական ներկայություն, վերահսկում է գազային և երկաթուղային ենթակառուցվածքները, սակայն այդ լծակների առկայությունը նրան հնարավորություն չի տալիս ազդելու Հայաստանի քաղաքական որոշումների ընդունման գործընթացի և դրանց ուղղվածության վրա։
Մելքոնյանի խոսքով՝ միջազգային հարաբերությունների տեսության համաձայն՝ նման լծակների առկայությունը պետք է պետությանը հնարավորություն տար ազդելու մեկ այլ երկրի քաղաքականության վրա։ Սակայն 21-րդ դարի միջազգային հարաբերությունների փորձը ցույց է տալիս, որ այդ մեխանիզմները միշտ չէ, որ արդյունավետ են։
Այս համատեքստում վերլուծաբանն անդրադարձել է նաև Հայաստանի համար ռուսական գազի գնի հնարավոր բարձրացմանը։
Նրա խոսքով՝ ռուսական փորձագիտական շրջանակների առնվազն մի մասում գազի թանկացումը դիտարկվում է որպես ազդեցության վերջին լծակ։ Դրա կիրառումը, սակայն, չի երաշխավորում, որ Հայաստանը կփոխի իր արտաքին քաղաքականությունը։
Ավելին՝ այդ միջոցին դիմելուց հետո Մոսկվան կարող է սպառել նաև ազդեցության այդ հնարավորությունը՝ առանց ցանկալի քաղաքական արդյունքի հասնելու։ Հետևաբար, ըստ Մելքոնյանի, Ռուսաստանում ևս գիտակցում են, որ անհրաժեշտ է նախ փորձել ազդեցության այլ միջոցներ՝ նախքան գազի գնի բարձրացմանը դիմելը։
Ռուսաստանը կարող է փորձել ձգձգել TRIPP-ի իրականացումը
Մելքոնյանը չի կարծում, որ TRIPP նախագծի իրականացման մեկնարկի մասին հայտարարությունն ուղղակիորեն կապված է առաջիկա հայ-ռուսական բանակցությունների հետ։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախագծի վերաբերյալ վերջին հայտարարություններն ավելի մեծ արձագանք են ստացել Իրանում, քան Ռուսաստանում։
Միաժամանակ, նրա գնահատմամբ, Մոսկվան ունի նախագծի իրականացումը ձգձգելու կամ նույնիսկ դրա հետագա ընթացքը փոխելու որոշակի հնարավորություններ։
Այդպիսի հնարավորություններից մեկը Մեղրիի տարածաշրջանից ռուս սահմանապահների դուրսբերման գործընթացի ձգձգումն է։ Ռուսաստանը, օրինակ, կարող է առաջարկել սահմանապահների դուրսբերման երկարաժամկետ ճանապարհային քարտեզ մշակել։
Վերլուծաբանը նման սցենարն իրատեսական է համարում, թեև դրա իրականացումը կախված կլինի հայ-ռուսական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից։
Մոսկվայի համար գործընթացի ձգձգումն ինքնին կարող է ռազմավարական նշանակություն ունենալ, քանի որ ժամանակի ընթացքում քաղաքական պայմանները կարող են փոխվել՝ հանգեցնելով նախագծի վերափոխման կամ նույնիսկ չեղարկման։
Մելքոնյանը չի բացառում նաև, որ Ռուսաստանը կարող է փորձել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը վերադարձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իններորդ կետի տրամաբանության շրջանակներ։

