Նոր Սահմանադրության նախագիծը իշխանության վերարտադրման իրավական հիմք է ստեղծում

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը ոչ միայն ժողովրդավարական ձեռքբերումներից հետընթաց է ենթադրում, այլև իրավական հիմքեր է ստեղծում գործող իշխանության վերարտադրման համար։ Այս մասին հայտարարել է իրավաբան Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով փաստաթղթի բովանդակությանը և դրա մշակման գործընթացին։

Իրավաբանի գնահատմամբ՝ նոր Սահմանադրության ներկայացման հիմքում երեք հիմնական գործոն է ընկած՝ Ադրբեջանի պահանջները, Թուրքիայի պահանջները և գործող իշխանության վերարտադրման համար իրավական հիմքերի ստեղծումը։

Նախագծի հեղինակների և մշակման գործընթացի շուրջ անորոշությունը

Մելոյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ, ի տարբերություն նախորդ սահմանադրական փոփոխությունների, այս անգամ հանրությանը հայտնի չէ, թե ովքեր են փաստաթղթի հեղինակները։

Նրա խոսքով՝ նախկինում սահմանադրական բարեփոխումների գործընթացում ներգրավված էին իրավաբանական, գիտական և ակադեմիական համայնքների հեղինակավոր ներկայացուցիչներ, որոնց մասնագիտական հեղինակությունը կասկածի տակ չէր դրվում՝ անկախ նրանց նկատմամբ քաղաքական վերաբերմունքից։

«Հիմա չգիտենք՝ ովքեր են հեղինակները։ Խորհուրդը, որը ստեղծվել էր Սահմանադրության նախագիծը մշակելու նպատակով, հայտարարեց, որ իրենք չեն գրել և չգիտեն՝ ով է գրում»,- նշել է Մելոյանը։

Իրավաբանի խոսքով՝ խախտվել են նաև վարչապետի համապատասխան որոշմամբ սահմանված պահանջները, որոնք վերաբերում էին խորհրդի կազմին, աշխատանքային ընթացակարգերին և սահմանված վերջնաժամկետներին։

Մելոյանն ընդգծել է, որ Հայաստանի պատմության մեջ չի եղել սահմանադրական բարեփոխումների՝ հանրությունից այսքան մեկուսացված գործընթաց։

Նախորդ բարեփոխումների ժամանակ, նրա խոսքով, հրապարակվել են հայեցակարգեր, կազմակերպվել հանրային քննարկումներ, իսկ բովանդակային առաջարկներ ներկայացրած քաղաքացիները նույնիսկ հրավիրվել են հանձնաժողով՝ իրենց առաջարկները քննարկելու նպատակով։ 

Մելոյանը քննադատել է նաև արդարադատության նախարարության՝ նոր Սահմանադրության հայեցակարգ չներկայացնելու որոշումը։«Ութ տարի օրակարգում ունենալ սահմանադրական փոփոխությունների հարցը և այդ ընթացքում անգամ մեկ հոդված չներկայացնել ժողովրդին՝ չլսված բան է»,- ընդգծել է նա։

Իրավաբանը համոզված է, որ Վենետիկի հանձնաժողովը չի կարող անտեսել ներկայիս գործընթացի թերությունները, քանի որ հանրային հաշվետվողականությունը, մասնակցայնությունն ու թափանցիկությունը սահմանադրական բարեփոխումների նկատմամբ այդ կառույցի հիմնարար պահանջներից են։ 

Դատական իշխանության անկախությունը վտանգի տակ է

Անդրադառնալով նախագծի բովանդակությանը՝ Մելոյանը հայտարարել է, որ առաջարկվող կարգավորումներով չեղարկվում են նախորդ երկու հիմնական սահմանադրական բարեփոխումների արդյունքում արձանագրված ժողովրդավարական մի շարք ձեռքբերումներ, որոնք դրական գնահատականի էին արժանացել եվրոպական կառույցների կողմից։

Առավել խնդրահարույց դրույթներից մեկը, ըստ իրավաբանի, վերաբերում է դատական իշխանությանը։ Մելոյանի խոսքով՝ առաջարկվող կարգավորումների համաձայն՝ բացառությամբ Սահմանադրական դատարանի դատավորների, մյուս բոլոր դատավորները վերածվելու են ժամանակավոր պաշտոնակատարների, իսկ հետագայում նրանց պաշտոնավարման հարցը կախված է լինելու համապատասխան ստուգման արդյունքներից։

Իրավաբանի գնահատմամբ՝ նման մեխանիզմը լրջորեն վտանգում է դատական իշխանության անկախությունը՝ դատավորներին դնելով իրենց հետագա պաշտոնավարման վերաբերյալ որոշումներից կախվածության մեջ։

«Սա դատական իշխանության անկախության, դատավորի՝ իր խղճին և օրենքին հավատարիմ մնալու հիմնարար սկզբունքների թաղումն է։ Պատկերացնո՞ւմ եք այն դատավորին, որի հետագա նշանակման հարցը դեռևս լուծված չէ, և որը պետք է որոշում կայացնի, այն էլ՝ քաղաքական բնույթի գործերով»,- ասել է Մելոյանը։

Նրա համոզմամբ՝ նման պայմաններում դատավորները կարող են հայտնվել առավել մեծ քաղաքական և հոգեբանական ճնշման ներքո, հատկապես այն գործերով, որոնց ելքը կարող է հակասել գործող իշխանության շահերին։

Որոշումների ընդունման շեմերի նվազեցումը՝ իշխանության վերարտադրման միջոց

Մելոյանն անդրադարձել է նաև խորհրդարանում մի շարք որոշումների ընդունման համար անհրաժեշտ ձայների շեմերի նվազեցմանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են այդ փոփոխությունները ներկայացնել որպես որոշումների ընդունման գործընթացը դյուրացնող կարգավորումներ, մինչդեռ դրանց հիմքում, իր գնահատմամբ, քաղաքական հաշվարկ է ընկած։

Իրավաբանը կարծում է, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո գործող իշխանությունը գիտակցել է հանրային աջակցության նվազման և խորհրդարանում երեք հինգերորդի մեծամասնություն ապահովելու հետ կապված խնդիրները։ Հենց այդ հանգամանքով է նա պայմանավորում մի շարք հարցերով որակյալ մեծամասնության պահանջից հրաժարումը և պարզ մեծամասնությամբ որոշումներ ընդունելու հնարավորության ամրագրումը։

Մելոյանի գնահատմամբ՝ այդ փոփոխությունների նպատակն իշխանությանը հնարավորություն տալն է առանց լայն խորհրդարանական աջակցության ապահովման ընդունել իր համար անհրաժեշտ որոշումները։

Իրավաբանի համոզմամբ՝ նոր Սահմանադրության նախագիծը ոչ թե ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն է ուղղված, այլ գործող իշխանության քաղաքական դիրքերի պահպանմանը։ Ընդ որում, նրա խոսքով, իշխանությունները փորձում են ժողովրդավարական երաշխիքների թուլացումը հանրությանը ներկայացնել որպես բարեփոխում։


👉 Օրենսդրություն

Scroll to Top