Նոր Սահմանադրության առաջարկվող նախագծով խորհրդարանական մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը հնարավորություն է ստանում ամբողջական վերահսկողություն հաստատել ոչ միայն օրենսդիր և գործադիր, այլև դատական իշխանության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է իրավաբանական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծով նախատեսվող կարգավորումներին։
«Մեկ ուժը, մեկ անձը կարողանում է իր ձեռքում կենտրոնացնել իշխանության բոլոր ճյուղերը»,- ընդգծել է իրավաբանը։
Դատական իշխանության անկախության երաշխիքները վերանում են
Թավադյանի խոսքով՝ դատական իշխանության նկատմամբ քաղաքական իշխանության վերահսկողությունն ավելի է ուժեղանալու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ձևավորման նոր կարգի արդյունքում։
Գործող Սահմանադրությամբ ԲԴԽ հինգ ոչ դատավոր անդամներն ընտրվում են Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, իսկ մյուս հինգ անդամները՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Առաջարկվող կարգավորմամբ ԲԴԽ ամբողջ կազմի ընտրությունը վերապահվում է խորհրդարանին։
Առանձնակի մտահոգություն է առաջացնում նաև դատավորների վերագնահատման մեխանիզմը։ Նախագծի ընդունման դեպքում բոլոր դատավորները դառնալու են ժամանակավոր պաշտոնակատարներ, իսկ նրանց գործունեությունը գնահատելու է հինգ անդամից բաղկացած խորհուրդը, որի կազմն ընտրելու է խորհրդարանական մեծամասնությունը։
Թավադյանի խոսքով՝ վերջին ութ տարիների ընթացքում դատավորների կազմն արդեն իսկ փոփոխվել է շուրջ 70-80 տոկոսով, սակայն առաջարկվող մեխանիզմը դատավորներին առավել կախված է դարձնելու տվյալ պահին իշխանություն ունեցող քաղաքական ուժից։
«Ես հեռու եմ այն մտքից, որ մենք ունենք անկախ դատական իշխանություն և երբևէ ունեցել ենք, բայց ունեցել ենք անկախության նշույլներ։ Եղել են դատավորներ, որոնք անկախ որոշումներ են կայացրել։ Սրանով այդ անկախության նշույլներն էլ են վերանում, և սա շատ վտանգավոր է»,- նշել է նա։
Միաժամանակ իրավաբանը դրական է գնահատել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը՝ այն համարելով դատական իշխանության իրականացմանը քաղաքացիների մասնակցության ընդունված ձև։ Սակայն, նրա գնահատմամբ, նախագծի մյուս թերությունները չեզոքացնում են այդ փոփոխության դրական նշանակությունը։
Անկախ մարմինների ձևավորումը և ընդդիմության հռչակագրային իրավունքները
Թավադյանն ուշադրություն է հրավիրել նաև Սահմանադրական դատարանի դատավորների, գլխավոր դատախազի և մարդու իրավունքների հանձնակատարի ընտրության համար սահմանված շեմի փաստացի նվազեցման վրա։
Եթե գործող Սահմանադրությամբ նրանց ընտրության համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը, ապա նախագծով այդ պահանջը պահպանվում է միայն քվեարկության առաջին փուլում։ Հաջորդ փուլում ընտրության համար բավարար է լինելու բացարձակ մեծամասնությունը։
Իրավաբանի գնահատմամբ՝ նման պայմաններում իշխող քաղաքական ուժը շահագրգռված չի լինելու ընդդիմության հետ համաձայնության հասնելու հարցում։ «Եթե չարաշահելու հնարավորություն կա, և դրա համար բացասական հետևանք չկա, ուրեմն չարաշահում կլինի»,- ընդգծել է Թավադյանը։
Նախագծով սահմանափակվում են նաև Հանրապետության նախագահի՝ առանց այդ էլ հիմնականում արարողակարգային բնույթ կրող լիազորությունները։ Մասնավորապես, վերանում է գլխավոր դատախազի և մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու նախագահի լիազորությունը։
Ինչ վերաբերում է ընդդիմության իրավունքների ընդլայնմանը, ապա, ըստ իրավաբանի, առաջարկվող երաշխիքները հիմնականում հռչակագրային բնույթ են կրում։
Ինչ վերաբերում է ընդդիմության լիազորությունների ընդլայնմանը, ապա, Թավադյանի խոսքով, նախագծով նախատեսվում է քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորություն՝ առանց դրա կազմի հաստատման հարցում խորհրդարանական մեծամասնությունից կախվածության։ Սակայն ընդդիմությանը վերապահվող մյուս իրավունքը՝ անկախ կոլեգիալ մարմինների անդամի թեկնածու առաջադրելու հնարավորությունը, ըստ իրավաբանի, առավելապես հռչակագրային բնույթ է կրում։
Բանն այն է, որ ընդդիմության առաջադրած թեկնածուի ընտրությունը երաշխավորված չէ և շարունակում է կախված մնալ խորհրդարանական մեծամասնության քաղաքական կամքից։ Ավելին, նույնիսկ ընտրվելու դեպքում ընդդիմության առաջադրած թեկնածուն յոթ կամ տասը անդամից բաղկացած մարմնում փոքրամասնություն է կազմելու։
«Սա շատ պարզ իրավաբանական տեխնիկա է, որը հնարավորություն է տալիս ասել՝ տեսեք, դուք իրավունքներ ունեք, բայց դա ընդամենը հռչակագրային բնույթ է կրում»,- ասել է Թավադյանը։
Նոր Սահմանադրությունն ընդունելն ավելի հեշտ կլինի, իսկ հետագայում փոփոխելը՝ շատ ավելի դժվար
Իրավաբանն անդրադարձել է նաև սահմանադրական հանրաքվեի անցկացման կարգի փոփոխությանը։
Գործող Սահմանադրությամբ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը, մինչդեռ առաջարկվող նախագծով այդ շեմը նվազեցվում է մինչև երեք հինգերորդ։
Թավադյանի գնահատմամբ՝ փոփոխությունը նպատակ ունի հեշտացնելու քաղաքական իշխանության գործողությունները, մինչդեռ Սահմանադրության ընդունումը պետք է հիմնված լինի լայն քաղաքական համաձայնության վրա։
Միաժամանակ նախագծով բարձրացվում է հանրաքվեի միջոցով Սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ նվազագույն կողմ ձայների շեմը՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի մեկ քառորդից հասցնելով մեկ երրորդի։
Իրավաբանն այս երկու կարգավորումների համադրության մեջ հակասություն է տեսնում։ Նրա գնահատմամբ՝ առաջարկվող փոփոխությունների արդյունքում հետագայում Սահմանադրությունը փոփոխելը կարող է չափազանց դժվար դառնալ։
Քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը՝ միջազգային պարտավորությունների խաղտում
Թավադյանն անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիությունից զրկելու հնարավորության սահմանադրական ամրագրմանը՝ ընդգծելով, որ գործող Սահմանադրությունն արգելում է քաղաքացիությունից զրկելը։
Առաջարկվող ձևակերպումներից հստակ չէ՝ կարգավորումը վերաբերելու է երկքաղաքացիներին, հետագայում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց, թե նաև ծննդյան ուժով ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին։
Նա հիշեցրել է, որ նախ Հայաստանն ունի քաղաքացիություն չունեցող անձանց առաջացումը կանխելուն ուղղված միջազգային իրավական պարտավորություններ, որոնք այս նախագծով հաշվի չեն առնվում։ Բացի այդ, որքանով է հիմնավորված քաղաքացիությունից զրկելու մեխանիզմի ներդրումը, եթե համապատասխան արարքների համար արդեն իսկ նախատեսված է քրեական պատասխանատվություն, նշում է Թավադյանը։ «Եթե մենք ունենք քրեական պատասխանատվություն որոշակի արարքի համար, ապա կիրառեք այդ քրեական պատասխանատվությունը»,- ընդգծել է նա։
Իրավաբանը չի բացառել նաև, որ պետության և եկեղեցու հարաբերություններին վերաբերող նոր սահմանադրական կարգավորումները կարող են հետագայում օգտագործվել հոգևորականների քաղաքական գործունեությունը սահմանափակելու նպատակով։ Նա հիշեցրել է, որ գործող օրենսդրությամբ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին թույլատրվում է զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Ընդհանուր առմամբ, Թավադյանի գնահատմամբ՝ ներկայացված փաստաթուղթը դեռևս «նախագծի նախագիծ» է։ Այն պարունակում է բազմաթիվ չհղկված, տարակարծությունների և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող ձևակերպումներ։ Իրավաբանի համար հիմնավորված չէ նաև Սահմանադրության ավանդական կառուցվածքից հրաժարվելը, մասնավորապես՝ մի շարք հիմնարար իրավունքների առանձին հոդվածներով ամրագրման փոխարեն դրանք մեկ հոդվածի շրջանակում ներառելը։

