Սահմանադրությունը տասը տարին մեկ փոխելը երկրի կայունության մասին չի վկայում

Նոր Սահմանադրության նախագծում ամրագրված գաղափարների մեծ մասն ընդունելի է, սակայն դրանց իրավական ձևակերպումները լուրջ վերանայման կարիք ունեն։ Այս մասին հայտարարել է սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով ներկայացված նախագծի բովանդակային և կառուցվածքային խնդիրներին։

Նրա խոսքով՝ Սահմանադրության պարագայում կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է գրված, այլև այն, թե ինչպես է գրված։ Այս առումով ներկայացված փաստաթղթի վրա դեռևս մեծ աշխատանք պետք է կատարվի՝ սկսած հայոց լեզվի ձևաբանական, շարահյուսական և ոճաբանական խնդիրներից մինչև ինստիտուցիոնալ կարգավորումների վերանայում։

«Գաղափարների մեծ մասը կարող եմ համարել ընդունելի, բայց դրանց իրավական ամրագրումը՝ բավականին խոտելի է»,- նշել է սահմանադրագետը՝ ընդգծելով, որ առաջիկա հանրային քննարկումները պետք է հանգեցնեն նաև տեքստի վերանայմանը։

Սահմանադրության պարբերական փոփոխությունները պետական կայունության մասին չեն վկայում

Խալաթյանի համոզմամբ՝ նոր Սահմանադրության ընդունումից հետո առնվազն մի քանի սերունդ պետք է զերծ մնա այն փոփոխելու գայթակղությունից։

«Սահմանադրությունը ենթաօրենսդրական ակտ չէ, սովորական օրենք չէ, որ երբ ուզես՝ վերցնես, փոխես, կամ Սահմանադրությունը գրելիս ունենաս հետին միտք, որ եթե մի բան բաց թողած լինենք, հետո կավելացնենք»,- ասել է նա։

Սահմանադրագետի գնահատմամբ՝ Հայաստանում դեռևս 1990-ականների կեսերից ձևավորվել է Սահմանադրության պարբերական փոփոխությունների արատավոր մշակույթ։ Հիմնական օրենքը փաստացի փոփոխվել է յուրաքանչյուր տասը տարին մեկ, ինչը, ըստ նրա, ամենևին չի վկայում երկրի սահմանադրական, ժողովրդավարական և պետական կայունության մասին։

ԲԴԽ ձևավորման նոր կարգը կխաթարի դատական իշխանության անկախությունը

Խալաթյանը սկզբունքորեն անընդունելի է համարում Բարձրագույն դատական խորհրդի ամբողջ կազմի ընտրությունն Ազգային ժողովին վերապահելու առաջարկը։

«Դա ուղղակի իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում է, ավելին ասեմ՝ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնարարականների խախտում է»,- հայտարարել է սահմանադրագետը։

Նրա խոսքով՝ դատավորների ինքնակառավարման և ինքնակարգավորման մարմինների ձևավորումը ենթադրում է որոշակի հավասարակշռություն դատական և օրենսդիր իշխանությունների միջև։ Եթե գործադիր իշխանության միջամտությունն այս գործընթացին անթույլատրելի է, ապա օրենսդիր իշխանության մասնակցությունն ընդունելի է այն պայմանով, որ ապահովվի դատավորների հավասար կամ գերակշռող ներկայացվածությունը։

Գործող Սահմանադրությամբ ընտրվել է հավասար ներկայացվածության սկզբունքը, որը, Խալաթյանի գնահատմամբ, ընդունելի կարգավորում էր։

«Եթե Ազգային ժողովն ամբողջապես ձևավորելու է Բարձրագույն դատական խորհուրդը, դա նշանակում է, որ դատական իշխանության անկախությունն ուղղակիորեն խաթարվելու է օրենսդիր իշխանության քաղաքական միջամտությամբ»,- ընդգծել է նա։

Սահմանադրագետի կարծիքով՝ իրավիճակը չի փոխում նաև այն հանգամանքը, որ ԲԴԽ անդամներից մեկը կարող է ընտրվել ընդդիմության առաջարկով, քանի որ քաղաքական նշանակումը շարունակում է մնալ քաղաքական նշանակում՝ անկախ նրանից, թե որ խմբակցությունն է առաջադրել թեկնածուին։

Սահմանադրության փոփոխության ընթացակարգը չպետք է պարզեցվի

Խալաթյանը խոցելի էհանարում նաև սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու համար անհրաժեշտ խորհրդարանական մեծամասնության շեմը երկու երրորդից երեք հինգերորդի իջեցնելու առաջարկին։ Նրա համոզմամբ՝ Սահմանադրության փոփոխության բարդացված ընթացակարգը պետք է պահպանվի։

Միաժամանակ սահմանադրագետը դրական է գնահատել 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ներդրված այն կարգավորման վերացումը, որով Սահմանադրության որոշ դրույթներ կարող էին փոփոխվել Ազգային ժողովի կողմից, իսկ մյուսները՝ բացառապես հանրաքվեի միջոցով։

Նրա խոսքով՝ նոր նախագծով վերականգնվում է 2005 թվականի Սահմանադրության տրամաբանությունը, համաձայն որի՝ Հիմնական օրենքի ցանկացած դրույթի փոփոխություն պետք է իրականացվի հանրաքվեի միջոցով։ Սակայն դրան զուգահեռ անհրաժեշտ է պահպանել հանրաքվեի դրվող փոփոխությունների համար այսօր գործող բարդացված ընթացակարգը։

«Սահմանադրության փոփոխությունը պետք է դառնա արտակարգ իրավիճակների կամ իսկապես հասունացած խնդիրների լուծման միջոց։ Իսկ սահմանադրական մակարդակում նման խնդիրները հասունանում են, ասենք, 50 տարին մեկ»,- եզրափակել է Խալաթյանը։


👉 Օրենսդրություն

Scroll to Top