Ադրբեջանի դեմ ցեղասպանության հայց կարող է ներկայացնել ոչ միայն Հայաստանը

Նոյեմբերի 19-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պատմական վճիռ կայացրեց «Գամբիան ընդդեմ Մյանմայի» գործով՝ իր պատմության մեջ առաջին անգամ պետությանը պատասխանատու ճանաչելով ցեղասպանության կատարման համար։ 9 կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ Դատարանը հաստատեց, որ Մյանման խախտել է 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան՝ 2017 թվականին Ռաքհայն նահանգում ռոհինջա էթնիկ և կրոնական փոքրամասնության նկատմամբ իրականացված ռազմական գործողությունների ընթացքում։ 

Այս նախադեպային որոշմամբ, որն ընդունվեց հակամարտությանն ուղղակիորեն չառնչվող երրորդ պետության՝ Գամբիայի հայցի հիման վրա, Դատարանը Մյանմային պարտավորեցրեց անհապաղ դադարեցնել իրավախախտումները, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և երկու տարվա ընթացքում զեկուցել տուժածներին փոխհատուցելու և փախստականների անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին։

Անդրադառնալով վճռի՝ Արցախի հայության իրավունքների պաշտպանության տեսանկյունից ունեցած նշանակությանը՞ նսխկին պատգամավոր, իրավաբան  իրավաբան Տարոն Սիմոնյանը նշեց, որ թեև վճիռն ուղղակիորեն չի առնչվում Արցախին, այն սահմանում է կարևոր իրավական չափանիշներ, որոնց հիման վրա պետք է գնահատվեն նաև Ադրբեջանի գործողություններն Արցախի հայության նկատմամբ։

Պիտակը չի փոխում արարքի էությունը

Իրավաբանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Մյանման, ինչպես և Ադրբեջանը, իր ռազմական գործողությունները ներկայացրել է որպես պայքար զինված խմբավորումների դեմ։ Սակայն դատարանը մերժել է այդ հիմնավորումը, քանի որ ռազմական գործողությունների ընթացքում տարբերակում չի դրվել զինվորականների և խաղաղ բնակչության միջև, իսկ զոհերի ու ավերածությունների ծավալները զգալիորեն գերազանցել են ռազմական անհրաժեշտության սահմանները։

Սիմոնյանը հիշեցնում է, որ Ադրբեջանը ևս 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացրած ռազմական հարձակումը որակել էր որպես «հակաահաբեկչական միջոցառում», իսկ Արցախի պետական ինստիտուտները՝ որպես «ահաբեկչական» կառույցներ։ «Պիտակը չի փոխում արարքի էությունը»,- ընդգծում է իրավաբանը։

Նրա խոսքով՝ դատարանի վճռի առանցքային դրույթներից է նաև այն, որ զինված հակամարտության առկայությունը, անգամ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջների պահպանումը, չեն բացառում ցեղասպանության իրականացումը։ Վճռորոշ նշանակություն ունի խմբին՝ որպես այդպիսին, ոչնչացնելու հատուկ մտադրության առկայությունը։

Ատելության խոսքն ու բռնի տեղահանումը՝ որպես մտադրության ապացույցներ

Սիմոնյանի դիտարկմամբ՝ առանձնահատուկ նշանակություն ունի նաև դատարանի անդրադարձն ատելության խոսքին։ Դատարանը կարևորել է այն հանգամանքը, թե ում կողմից է հնչեցվում այդ խոսքը՝ ընդգծելով բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների, պետական մակարդակով կազմակերպված քարոզչության, ինչպես նաև քարոզչության ու բռնությունների ժամանակային համընկնման նշանակությունը։

Արցախի պարագայում իրավաբանն այս համատեքստում մատնանշում է Ադրբեջանի նախագահի հակահայկական հայտարարությունները, այդ թվում՝ «շների պես կքշենք» արտահայտությունը, «İti qovan» («շներ քշող») անվանումով անօդաչու թռչող սարքը, ինչպես նաև ադրբեջանական դպրոցական դասագրքերում հայերի նկատմամբ ատելության քարոզչությունը։

Նա հիշեցնում է, որ այդ երևույթները տարիներ շարունակ արձանագրվել են ՄԱԿ-ի հանձնաժողովների և Եվրոպայի խորհրդի մարմինների կողմից, իսկ դեռևս 2021 թվականին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել էր կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը։

Պակաս կարևոր չէ նաև բռնի տեղահանման և բնակչության վերադարձը խոչընդոտելու հանգամանքը։ Սիմոնյանի խոսքով՝ թեև բռնի տեղահանումն ինքնին ցեղասպանություն չի համարվում, բնակելի տների ավերումը, վերադարձի հնարավորության վերացումը և դատարկված տարածքներն այլ բնակչությամբ բնակեցնելը կարող են վկայել տվյալ տարածքը որոշակի խմբից «մաքրելու» մտադրության մասին։

Իրավաբանը հիշեցնում է, որ Արցախն ամբողջությամբ հայաթափվել է, իսկ Արդարադատության միջազգային դատարանը դեռևս 2023 թվականի նոյեմբերին Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել տեղահանված արցախցիների անվտանգ վերադարձը։

Ցեղասպանության մտադրությունը պետք է գնահատել փաստերի ամբողջության հիման վրա

Սիմոնյանի գնահատմամբ՝ վճռի կարևորագույն իրավական դրույթներից է այն, որ ցեղասպանություն իրականացնելու մտադրությունը հաստատելու համար պարտադիր չէ ունենալ ուղղակի հրամանի ապացույց։ Նման մտադրության առկայության մասին եզրակացություն կարելի է անել փաստերի ամբողջության ուսումնասիրության հիման վրա։ Ընդ որում՝ ցեղասպանության մտադրությունը կարող է գոյակցել այլ նպատակների հետ։

Իրավաբանի խոսքով՝ անուղղակի ապացույցներն առավել մեծ նշանակություն են ստանում այն դեպքերում, երբ պետությունը սահմանափակում է տվյալ տարածք մուտք գործելու հնարավորությունը և չի համագործակցում ՄԱԿ-ի առաքելությունների հետ։

Արցախի դեպքում, ըստ Սիմոնյանի, անհրաժեշտ է մեկ ամբողջական համատեքստում դիտարկել իննամսյա շրջափակումը, սննդամթերքի և դեղորայքի պակասը, ռազմական հարձակումը, ամբողջ հայ բնակչության տեղահանումը, Արցախի ղեկավարության ձերբակալությունները և հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը։

«Առանձին դրվագները հատվածներ են, միասին՝ դրանք քաղաքականություն են»,- ընդգծում է նա։

Ադրբեջանի դեմ հայց կարող է ներկայացնել ոչ միայն Հայաստանը

«Գամբիան ընդդեմ Մյանմայի» գործի կարևոր առանձնահատկություններից մեկը, ըստ Սիմոնյանի, այն է, որ դատական գործընթացը նախաձեռնել է մի պետություն, որն անմիջականորեն չի տուժել Մյանմայի գործողություններից։ Գամբիան դատարան է դիմել՝ որպես Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետություն, իսկ հետագայում գործին ներգրավվել են ևս 11 պետություններ։

Այս հանգամանքը, իրավաբանի գնահատմամբ, կարևոր նշանակություն ունի նաև Արցախի համար, քանի որ Ադրբեջանի նկատմամբ նման դատական գործընթաց կարող է նախաձեռնել ոչ միայն Հայաստանը, այլև Կոնվենցիայի մասնակից մեկ այլ պետություն՝ դատարանի իրավասության անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում։

Սիմոնյանն առանձնակի կարևորություն է տալիս նաև ցեղասպանության հետևանքների վերացման և տուժածների իրավունքների վերականգնման վերաբերյալ դատարանի սահմանած պարտավորություններին։

Նրա ներկայացմամբ՝ դատարանը Մյանմային պարտավորեցրել է ապահովել ռոհինջաների անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձը, գույքի վերադարձը, անհայտ կորածների որոնումը, տուժածների իրավունքների վերականգնումը, խտրականությունից պաշտպանությունն ու փոխհատուցումը՝ ինչպես անհատներին, այնպես էլ ամբողջ խմբին։ Մյանման պարտավոր է նաև հետաքննել կատարված հանցագործությունները և պատժել մեղավորներին։

Սիմոնյանի համոզմամբ՝ Արցախի հայության դեպքում ևս արդարադատության օրակարգը պետք է ներառի վերադարձի իրավունքի իրացումը, գույքային իրավունքների վերականգնումը, անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանումը և գերիների ազատ արձակումը։

«Ճանաչումն առանց վերադարձի կիսատ արդարություն է։ Անպատժելի ցեղասպանությունը կրկնվում է։ Այս որոշումը ևս ցույց է տալիս, որ արդարադատությունը ուշանում է, բայց հնարավոր է։ Արցախի հայության պարագայում ևս արդարադատությունը ոչ միայն հնարավոր է, այլև՝ պարտադիր»,- եզրափակում է իրավաբանը։


👉 Օրենսդրություն

Scroll to Top