TRIPP-ի ռիսկերը չեն սահմանափակվում Իրանի գործոնով. ի՞նչ հաշվի չեն առնում Հայաստանում

Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանային գործընթացները սերտորեն փոխկապակցված են, սակայն, ի տարբերություն սահմանադրական բարեփոխումների, TRIPP ծրագրի հետագա ընթացքը պայմանավորված է նաև այնպիսի արտաքին գործոններով, որոնց վրա Երևանն անմիջականորեն ազդելու հնարավորություն չունի։ Այս մասին ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով TRIPP ծրագրի և Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի քննարկումների միաժամանակյա մեկնարկին։

Սահմանադրական փոփոխություններն ու TRIPP-ը՝ ընդհանուր քաղաքական տրամաբանության շրջանակում

Քաղաքագետի գնահատմամբ՝ երկու գործընթացներն էլ տեղավորվում են ընդհանուր քաղաքական տրամաբանության մեջ, որը ներառում է ինչպես Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետագիծը, այնպես էլ իշխանությունների որդեգրած խաղաղության օրակարգը։

Նրա խոսքով՝ Հայաստանի պարագայում ներքին քաղաքական և տարածաշրջանային գործընթացներն այնքան փոխկապակցված են, որ ընտրությունները, սահմանադրական փոփոխությունները կամ քաղաքական ուժերի դասավորության փոփոխությունն անխուսափելիորեն արձագանք են ստանում տարածաշրջանում։ Միաժամանակ արտաքին քաղաքական զարգացումներն իրենց հերթին ազդեցություն են ունենում Հայաստանի ներքին օրակարգի վրա։

Ընդ որում, խոսքը միայն Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների մասին չէ։ Մինասյանի գնահատմամբ՝ նույնիսկ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները կարող են անմիջական ազդեցություն ունենալ TRIPP-ի հետագա ընթացքի վրա։ Նույն համատեքստում պետք է դիտարկել նաև հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների զարգացումները։

Երևանի ազդեցության հնարավորությունները սահմանափակ են

Միաժամանակ նա ընդգծում է, որ եթե Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա կարող են ազդել երկրի հասարակությունը, քաղաքական ուժերն ու իշխանությունները, ապա TRIPP-ի իրականացման հարցում Երևանի ազդեցության հնարավորությունները սահմանափակ են։

Ծրագրի հետ կապված ռիսկերի թվում Մինասյանն առանձնացնում է ինչպես Իրանի շուրջ ռազմաքաղաքական զարգացումները, այնպես էլ ԱՄՆ ներքաղաքական գործընթացները։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունների խնդիրն է ներքաղաքական գործընթացներն այնպես կազմակերպել, որպեսզի դրանք չվնասեն տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը՝ միաժամանակ շարունակելով դիվանագիտական և քաղաքական աշխատանքը միջազգային գործընկերների հետ։

Մինասյանը դրական է գնահատում այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումների և ընտրությունների հարցերը Հայաստանում բաց քաղաքական քննարկումների ու պայքարի առարկա են։

Նրա խոսքով՝ չնայած առկա բոլոր խնդիրներին՝ Հայաստանում մեծամասամբ բաց և ժողովրդավարական քաղաքական գործընթաց է ընթանում, ինչը երկիրն առանձնացնում է ինչպես հետխորհրդային տարածքի, այնպես էլ Մեծ Մերձավոր Արևելքի մի շարք պետություններից և լրացուցիչ նշանակություն հաղորդում Հայաստանի քաղաքական դիրքավորմանը։

Թրամփի անվան հետ TRIPP-ի անմիջական կապը կարող է լրացուցիչ ռիսկեր ստեղծել

Մինասյանի գնահատմամբ՝ TRIPP-ն արդեն իսկ որոշակիորեն կատարել է իր անվտանգային դերակատարությունը։ Օգոստոսի 8-ի պայմանավորվածություններն ու ծրագրի գաղափարը կայունացնող ազդեցություն են ունեցել ինչպես տարածաշրջանային մակարդակում, այնպես էլ հայ-ադրբեջանական և մասամբ հայ-թուրքական հարաբերություններում։

Սակայն տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության փոփոխությունները նոր ռիսկեր են առաջացնում։ Քաղաքագետն այդ համատեքստում առանձնացնում է մի հանգամանք, որը, նրա կարծիքով, Հայաստանում բավարար ուշադրության չի արժանանում. TRIPP-ը ոչ միայն հաղորդակցային, քաղաքական և աշխարհաքաղաքական նախագիծ է, այլև անմիջականորեն կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան հետ։

Հետևաբար հարց է առաջանում, թե ինչպես կշարունակվի ծրագրի իրականացումն ԱՄՆ ներքաղաքական նոր իրողությունների պայմաններում։

Մինասյանը նշում է, որ ԱՄՆ քաղաքական և սահմանադրական համակարգի առանձնահատկությունները նախագահին արտաքին քաղաքականության ոլորտում գործողությունների բավական լայն ազատություն են տալիս։ Միաժամանակ Կոնգրեսում ուժերի դասավորության փոփոխությունը դեմոկրատներին հնարավորություն է տալիս, առաջին հերթին ֆինանսական լծակների միջոցով, ազդելու Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականության վրա։ TRIPP-ի դեպքում այդ ազդեցությունը կարող է դրսևորվել հաղորդակցային կամ այլ ծրագրերի ֆինանսավորման հարցում։

Այդուհանդերձ, քաղաքագետի մոտ տպավորություն է ստեղծվել, որ TRIPP-ի շուրջ ԱՄՆ-ում ձևավորված երկկուսակցական կոնսենսուսը պահպանվում է։

Ավելին, նրա գնահատմամբ՝ նույնիսկ այդ կոնսենսուսի բացակայության դեպքում Հայաստանը դիվանագիտական աշխատանքի հնարավորություններ ունի։ ԱՄՆ դեմոկրատական քաղաքական շրջանակները, վերլուծական կենտրոններն ու հասարակական կազմակերպություններն ավանդաբար հանդես են գալիս հետխորհրդային տարածքում Միացյալ Նահանգների ավելի ակտիվ ներգրավվածության օգտին։

Այս առումով Մինասյանը կարևորում է ինչպես հայկական դիվանագիտության և սփյուռքի կազմակերպությունների, այնպես էլ Հայաստանի փորձագիտական ու հասարակական շրջանակների աշխատանքը՝ հայկական կողմի դիրքորոշումը ոչ միայն հանրապետական վարչակազմին, այլև դեմոկրատական քաղաքական շրջանակներին ներկայացնելու ուղղությամբ։

TRIPP-ի նկատմամբ Իրանի դիրքորոշումը դուրս է գալիս հայ-իրանական հարաբերությունների շրջանակից

Անդրադառնալով Իրանի գործոնին՝ Մինասյանը նշում է, որ Երևանը փորձում է օգտագործել առկա հնարավորությունները՝ Թեհրանին ներկայացնելու TRIPP-ի իրականացման վերաբերյալ իր մոտեցումները։ Սակայն Իրանի դիրքորոշումը պայմանավորված է շատ ավելի լայն ռազմավարական և ռազմաքաղաքական համատեքստով, քան հայ-իրանական երկկողմ հարաբերություններն են։

Քաղաքագետի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող ռազմական գործողությունները, ինչպես նաև ամերիկյան ներքաղաքական զարգացումներն անմիջական ազդեցություն են ունենում Թեհրանի հաշվարկների վրա։

Մինասյանի դիտարկմամբ՝ ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություն է նկատվում։ Նա չի բացառում, որ իրանական որոշ շրջանակներում ակնկալիքներ են ձևավորվել Մեծ Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Պարսից ծոցում և հարակից տարածաշրջաններում ԱՄՆ ռազմական ու քաղաքական ներկայության հնարավոր փոփոխության վերաբերյալ։

Հետևաբար, ըստ քաղաքագետի, TRIPP-ի նկատմամբ Իրանի մոտեցումները պետք է գնահատել ոչ միայն հայ-իրանական հարաբերությունների, այլև ԱՄՆ-Իրան հակամարտության և տարածաշրջանային ավելի լայն ռազմաքաղաքական զարգացումների համատեքստում։

👉 Քաղաքականություն

Scroll to Top