Բաքուն կփորձի նախաստորագրված խաղաղության համաձայնագրում լրացուցիչ կետեր ավելացնել

Բաքուն կփորձի խաղաղության համաձայնագրում կետեր ավելացնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կփորձի նախաստորագրված շրջանակային խաղաղության համաձայնագրում լրացուցիչ կետեր ավելացնել։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Սա տրամաբանական է՝ հաշվի առնելով փաստաթղթում արտացոլված ձևակերպումների ակնհայտ անհավասարակշռությունը, ինչի պատճառով համաձայնագիրն ավելի շատ հիշեցնում է կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ։ Համաձայնագրում ներառված ձևակերպումները այնքան «սուր» չեն, որ հայ հասարակության կողմից բացասական վերաբերմունք առաջացնեն, և այնուամենայնիվ, ողջ բովանդակությունը ցույց է տալիս, որ այս փաստաթուղթը ավելի ուժեղ կողմի կամքի թույլ կողմին պարտադրվելու արդյունք է», — ասել է նա։


Ղևոնդյանի խոսքով՝ այս ամենը հետևանք է հայկական կողմը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի քաղաքականության։ Փաշինյանը, պնդում է փորձագետը, պատրաստ էր ցանկացած զիջման միայն թե  նախընտրական շրջանում «խաղաղություն» բառով որևէ փաստաթուղթ ստանար։ Հենց այս իրողությունները հաշվի առնելով՝ Ադրբեջանը չստորագրեց խաղաղության համաձայնագիրը, այլ միայն նախաստորագրեց այն՝ «չփակելու փաստաթղթում նոր պահանջներ ներառելու հնարավորությունների պատուհանը»։

Նա վստահ է, որ առաջիկա ժամանակահատվածում Բաքուն կկազմակերպի սադրանքներ՝ պնդելով այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան, պնդելով այսպես կոչված անկլավների «վերադարձը», բայց այս ամենը կբարձրաձայնվի միակողմանիորեն. ոչ ոք չի պնդի, օրինակ, հայ փախստականների կամ Արծվաշենի վերադարձի հարցը։ 

«Պարզ ասած՝ մենք գործ ունենք միակողմանի քաղաքական գործընթացի հետ, որում հայկական կողմը՝ ի դեմս գործող վարչապետի, սպասարկում է Ադրբեջանի շահերը», — կարծում է նա։

Նշենք, որ միջազգային իրավունքը, այդ թվում՝ 1969 թվականի Վիեննայի պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիան (հոդվածներ 10–18), չի արգելում նախաստորագրված տեքստում փոփոխություններ կատարելը։ Դա հնարավոր է միայն բոլոր կողմերի համաձայնությամբ և նոր բանակցությունների շրջանակներում։

Այլ կերպ ասած, եթե կողմերից մեկը ցանկանում է նոր կետ ավելացնել, ապա պետք է սկսի նոր խորհրդակցություններ։ Սա կարող է ներառել աշխատանքային խմբերի մակարդակով քննարկումներ կամ դիվանագիտական հանդիպումների կազմակերպում։ Այնուամենայնիվ նոր կետերի ներառումը կարող է ընկալվել որպես ձեռք բերված համաձայնությունները վերանայելու փորձ, ինչը միջազգային պրակտիկայում մի շարք դեպքերում հանգեցրել է փաստաթղթի ստորագրման ձախողմանը։

Պարզ ասած, ադրբեջանական կողմի կողմից լրացուցիչ կետեր ավելացնելու փորձերը տեսականորեն կարող են խաթարել Վաշինգտոնի բոլոր պայմանավորվածությունները: Միացյալ Նահանգները այս դեպքում կհայտնվի դժվարին իրավիճակում. մի կողմից՝ նրանք հետաքրքրված են առաջընթացով, մյուս կողմից՝ Բաքվի մաքսիմալիստական պահանջները կարող են մեծ հարված հասցնել Վաշինգտոնի հեղինակությանը՝ որպես գործընթացի արբիտր։ Գործընթացի խաթարումից անպայման կօգտվի Ռուսաստանը՝ պնդելով, որ խաղաղությունն անհնար է առանց իր մասնակցության: Այսպիսով՝ Ռուսաստանը, օգտագործելով Ադրբեջանի դիրքորոշումը, կարող է իրականացնել Վաշինգտոնի պայմանավորվածությունների արժեզրկման նույն սցենարը, որը ժամանակին կիրառվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նկատմամբ։

Սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև այսօրվա հարաբերությունները հեռու են այն մակարդակից, որ Բաքուն կանխամտածված խաթարեր վաշինգտոնյան պայմանավորվածությունները՝ Մոսկվային էստաֆետը փոխանցելու համար։ Այնուամենայնիվ, գործընթացի խափանումը կարող է ձեռնտու լինել Բաքվին մեկ այլ պատճառով։ Ադրբեջանն այժմ ակտիվորեն դիտարկվում է որպես հակաիրանական սցենարների անմիջական մասնակից։ Ավելին, մի շարք վերլուծաբանների կարծիքով, վաշինգտոնյան համաձայնագրերը Բաքվի՝ Իրանի դեմ գործողություններին մասնակցությունն ապահովելու առաջին քայլն են։ Բաքվին այս հակամարտության մեջ ներքաշելը կհանգեցնի նաև Թուրքիայի ավտոմատ ներգրավմանը, և Անկարան դա լավ գիտակցում է, ուստի չի ոգեշնչվում ներկայիս գործընթացների արագացմամբ։

Հենց այս իրողությունները հաշվի առնելով՝ Հայաստանի հետ հաշտեցման գործընթացը անորոշության մեջ պահելու մարտավարությունը կարող է ձեռնտու լինել Անկարայի և Բաքվի համար։ Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի «լրացման» հնարավոր աշխատանքները, եթե Բաքուն իրականում սկսի բարձրացնել այս հարցը, ինչպես ենթադրում է Ղևոնդյանը, կարող են լավ «արդարացում» դառնալ Իրանի դեմ գործողություններին չմասնակցելու կամ մասնակցությունը հետաձգելու համար՝ հղում անելով Երևանի «խնդրահարույց վարքագծին»։ Նման տրամաբանությունը թույլ է տալիս Բաքվին ցույց տալ, որ Ադրբեջանն իբր սահմանափակված է հանգամանքներով, այլ ոչ թե գիտակցված ընտրություն է կատարում Իրանի դեպ գործողություններից հեռու մնալու օգտին։

Այսպիսով, անորոշության պահպանումը դառնում է ռացիոնալ ռազմավարություն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի համար. առաջինը հնարավորություն է ստանում խուսափել անցանկալի հակամարտության մեջ ներքաշվելուց, մինչդեռ երկրորդը պահպանում է հավասարակշռությունը Իրանի հետ հարաբերություններում՝ առանց հարկադրված ընտրության իրավիճակում հայտնվելու։

Scroll to Top