Կարող է այնպես ստացվել, որ բոլոր հարցերը, որոնցով դուք ուղղում եք Chat GPT-ին, պահպանվեն, նույնիսկ եթե դուք դրանք ջնջում եք կամ պահանջում եք, որ արհեստական բանականությունը դրանք ջնջի: Դրանք կարող են պահպանվել և անհրաժեշտության դեպքում փոխանցվել իրավապահ մարմիններին կամ դատարանին: Այս մասին հայտնել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
NYT ընդդեմ OpenAI
Նրա խոսքով՝ այսպիսի որոշում կայացրել է Նյու Յորքի դատարանը մի գործի շրջանակներում, որն այսօր ամենաաղմկահարույցն է: Խոսքը վերաբերում է NYT ընդդեմ OpenAI-ի գործին: NYT դիմել էր դատարան, պնդելով, որ իր բազմաթիվ հոդվածներ՝ շուրջ 10 հազար, հեղինակային իրավունքի խախտմամբ օգտագործվել են OpenAI-ի կողմից:
«Այս գործը շատ լուրջ, անկյունաքարային նշանակություն է ունենալու արհեստական բանականության և հեղինակային իրավունքի մասով: Բայց հենց այս գործի շրջանակներում դատարանը կայացրել է մի որոշում, որը այս պահին ռումբի էֆեկտ է ունեցել: Բայնն այն է, որ դատարանը նշել է, որ OpenAI պարտավոր է պահպանել օգտատերերի հարցումները, նույնիսկ այն բանից հետո, երբ դրանք կջնջվեն օգտատերերի կողմից, որովհետև դրանք կարող են ունենալ ապացուցողական նշանակություն: Սա նշանակում է, որ անձնական տվյալների պաշտպանության հետ կապված այստեղ լուրջ խնդիրներ են առաջանալու», — նշել է Հովհաննիսյանը։
Գաղտնիությունը հարցականի տակ է
Ըստ նրա՝ OpenAI ընկերության տնօրենն արդեն հայտարարել է այս միջանկյալ որոշումը բողոքարկելու մտադրության մասին: Սակայն, եթե դատարանի այս որոշումը մնա ուժի մեջ, դա կունենա լուրջ հետևանքներ․
«Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Chat GPT-ն կպահպանի բոլոր ձեր հարցումները, ինչպես դա անում է, օրինակ, Google-ը, եթե դուք նույնիսկ ջնջում եք պատմությունը, կամ ինչպես, օրինակ, բջջային կապի օպերատորները, որոնք պահպանում են տվյալներ ձեր զանգերի և SMS-ների մասին, նույնիսկ եթե դուք նրանց ջնջում եք: ԱՄՆ-ում իրենց իրավասության շրջաններում այդ որոշումն անկասկած կնշանակի, որ OpenAI ընկերությունը պարտավոր կլինի տրամադրել տվյալները»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից դուրս իրավասություններին, ապա, ըստ Հովհաննիսյանի, յուրաքանչյուր անգամ անհրաժեշտություն կառաջանա հարցը քննել ընդդատության, իրավասության, դատավարական կանոնների շրջանակներում․
«Բայց մի բան ակնհայտ է՝ կարող է լինել իրավիճակ այլ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, երբ որոշում կայացվի դիմել OpenAI ընկերությանը տվյալների տրամադրման դիմումով որևէ գործի շրջանակներում: Կտրամադրեն տվյալները, թե ոչ; կհարգեն, թե ոչ; մեր պետության համար բավարար կլինի, թե ոչ՝ հարցեր են, որոնց պատասխանը կտրվի ժամանակի ընթացքում: Իսկ այս պահին ընդհամենը տեղեկացված եղեք»:
AI զարգացումն ու հասանելիությունը հարվածի տակ
Բացի Հովհաննիսյանի մատնանշած խնդիրներից, NYT ընդդեմ OpenAI գործը կարող է ունենալ նաև այլ երկարաժամկետ և բազմաշերտ հետևանքներ, ինչպես AI օգտագործման, այնպես էլ հեղինակային իրավունքի և օգտատերերի գաղտնիության պաշտպանության ոլորտում: Նախ՝ եթե դատարանը որոշի, որ NYT-ի նյութերի օգտագործումը առանց թույլտվության խախտում է հեղինակային իրավունքը, դա կարող է սահմանափակել AI մոդելների հասանելիությունը հրապարակված նյութերին: AI ընկերությունները ստիպված կլինեն ֆիլտրել բովանդակությունը, ստուգել լիցենզիաները կամ գնել տեքստերի, պատկերների և այլ նյութերի օգտագործման իրավունքը: Սա էլ իր հերթին կդանդաղեցնի արհեստական բանականության զարգացման տեմպերը և կբարձրացնի AI բաժանորդագրման արժեքը, քանի որ ընկերությունները ստիպված կլինեն մեծացնել ծախսերը իրենց մոդելների ուսուցման համար:
Ավելին՝ այս գործը կարող է ունենալ միջազգային հետևանքներ. ԱՄՆ-ում ստեղծված նախադեպը կարող է ծառայել այլ երկրներում, որտեղ նույնպես գործում են հեղինակային իրավունքների պաշտպանության կանոններ․ նմանատիպ հայցերի հիմնավորման համար: Ընկերությունները ստիպված կլինեն հաշվի առնել տարբեր իրավասությունների պահանջները, ինչը ի վերջո կբարդացնի AI-ի գլոբալ օգտագործումը:

