Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը չեն աշխատում իրենց հասարակություններին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ. հայերը շարունակում են մնալ ատելության խոսքի թիրախ։ Այս մասին հայտարարել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Ցանկացած կոմպետենտ մասնագետ, ով ուսումնասիրում է Թուրքիան և այդ երկրում իրական իրավիճակը, կհաստատի, որ հայերի նկատմամբ ատելության քարոզչությունը շարունակվում է։ Եվ ոչ միայն շարունակվում է, այլև չի ցուցաբերում նվազման նշաններ։ Ավելին՝ 2020 թվականից ի վեր հայերի նկատմամբ թշնամանքի կտրուկ աճ է նկատվում։ Այս տվյալները կհաստատի ցանկացած մասնագետ, ով անցկացնում է իրական հետազոտություններ, այլ ոչ թե քարոզչություն», — հայտարարել է Գեղամյանը՝ հավելելով, որ այս տվյալները հաստատում են, որ ՀՀ կառավարության միակողմանի զիջումների քաղաքականությունը արդյունք չի տալիս, ընդհակառակը՝ նույնիսկ սրում է իրավիճակը։
Նա ցավով նշել է, որ այսօր Հայաստանը ապրում է նույն իրավիճակը, որը կար հայ հասարակության մեջ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նախօրեին։ Այն ժամանակ էլ հայերի մեջ կային նաև քաղաքական գործիչներ և մտավորականներ, որոնք կարծում էին, որ փոքր և մեծ զիջումները, վերջին հաշվով, կապահովեն հայերի խաղաղ համակեցությունը և անվտանգությունը։ Սակայն, ինչպես ցույց է տալիս պատմությունը, իրականությունը բոլորովին այլ էր։
«Ընդհանուր առմամբ, խաղաղության հնարավորությունը որևէ փաստաթղթի ստորագրման հետ կապելը միամտություն և մոլորություն է։ Բայց նույնիսկ եթե մենք պատկերացնենք, որ որևէ փաստաթուղթ կարող է խաղաղություն ապահովել, պետք է հասկանանք, որ նման փաստաթղթերը Թուրքիայի պարագայում չեն աշխատում։ Թուրքիան համագործակցության պայմանագրեր ուներ Հունաստանի, Սիրիայի, Իրաքի և Կիպրոսի հետ։ Բոլորը լավ հիշում են Էրդողանի «քաղաքական սիրավեպը» Ասադի հետ, հիշում են, թե ինչպես ոգևորված սիրիացիները, թափահարելով իրենց անձնագրերը, հատում էին Թուրքիայի հետ ցամաքային սահմանը՝ ուրախանալով վիզային ռեժիմի չեղարկմամբ։ Մեկ տարի և հինգ ամիս անց հենց այն տարածքը, որով նրանք հասնում էին սահման, անցավ թուրքական վերահսկողության տակ», — հիշեցրեց Գեղամյանը։

