Հարկաբյուջետային քաղաքականության նոր դիզայն

Հայաստանին անհրաժեշտ է հարկաբյուջետային քաղաքականության նոր դիզայն

Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության շուրջ քննարկումները ցույց են տալիս, որ այն շարունակում է մնալ տեխնիկական, բայց ոչ ռազմավարական։ Նման կարծիքի է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս համակարգը ապահովում է կարգապահություն և թափանցիկություն, սակայն չի ծառայում որպես տնտեսական աճի և կառուցվածքային փոփոխությունների գործիք։ «Այլ կերպ ասած, մեր բյուջեն միայն հաշվում է, բայց չի զարգացնում։ Այսօրվա համակարգը կարգուկանոն է պահում, բայց չի ստեղծում նոր հնարավորություններ ու աճ»,– ընդգծում է նա։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ ֆիսկալ քաղաքականությունը չունի կանխատեսելի կանոններ և հակացիկլային ճկունություն։ Արդյունքում բյուջեն մնում է պրո-ցիկլիկ, իսկ տնտեսական անկումների ժամանակ ոչ թե մեղմում է իրավիճակը, այլ ընդհակառակը՝ բարդացնում։ «Պետության դրամապանակը պետք է աշխատի մեզ համար, ոչ թե մեր դեմ։ Բայց այսօր այն ճգնաժամերը մեղմելու փոխարեն շատ հաճախ դրանք սրում է»,– պարզաբանում է Անանյանը։

Նա նաև մատնանշում է, որ հարկային քաղաքականությունը կտրված է ֆիսկալ շրջանակից և չի խթանում տնտեսական զարգացումը։ Բացակայում է հարկային բեռի օպտիմալ բաշխումը, արտոնությունների արդյունավետությունը, ինչպես նաև կապը հարկահավաքման որակի և տնտեսական արդյունքների միջև։ «Իրականում հարկային համակարգը քիչ առնչություն ունի մարդկանց ու բիզնեսի կյանքի հետ։ Չկա արդար բեռ, չկան խթաններ ներդրումների ու աշխատանքի համար»,– ասում է նա։

Եզրափակելով՝ Անանյանը նշում է, որ անհրաժեշտ է նոր դիզայն․ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է դառնա տնտեսական ռազմավարության գործիք, իսկ հարկային համակարգը պետք է կառուցվի այնպես, որ միաժամանակ ապահովի կայուն եկամուտներ պետության համար, խթանի նոր ներդրումները և երաշխավորի սոցիալական արդարություն։
«Հարկերն ու բյուջեն պետք է ծառայեն երեք նպատակի՝ կայուն եկամուտներ պետության համար, նոր ներդրումներ տնտեսության համար և արդարություն հասարակության համար»,– ընդգծում է Դավիթ Անանյանը։

Scroll to Top