Հունվար-հունիս ամիսներին գնաճը արագացել է, իսկ պետական պարտքն ավելացել, սակայն ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի պմդմամբ՝ բոլոր ցուցանիշները կառավարելի են։
Տնտեսական միջավայրն ու արտաքին գործոնները
Նախարարի խոսքով հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի գործընկեր երկրների տնտեսական աճը շարունակել է մնալ դրական տիրույթում: ԱՄՆ-ում ու Ռուսաստանում աճը կտրուկ դանդաղել է սպառողական պահանջարկի թուլացման պատճառով, մինչդեռ Չինաստանում եւ եվրագոտում աճը հիմնականում պայմանավորված է եղել սպառման ու արդյունաբերական արտադրանքի ավելացմամբ:
Արտահանման ու ներմուծման փոփոխություններ
«ՀՀ-ում արտահանումը նվազել է 52,8 տոկոսով, որին հիմնականում նպաստել է ոսկու, արծաթի ու պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումը, դրան զուգահեռ հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10,3 տոկոսով»,- նշել է Հովհաննիսյանը:
Ներմուծումն այս ընթացքում նվազել է 38,6 տոկոսով, ինչը եւս պայմանավորված է վերաարտահանման կրճատմամբ:
Տնտեսական ակտիվություն եւ ոլորտային զարգացումներ
Տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին կիսամյակում աճել է 6,3 տոկոսով, հիմնականում ծառայությունների աճի հաշվին: Առաջանցիկ աճեր են գրանցվել գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում:
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է, իսկ վարձու աշխատողների թիվն աճել է 5 տոկոսով: Այս աճը հիմնականում գրանցվել է առեւտրի, շինարարության, պետական կառավարման եւ պաշտպանության ոլորտներում:
Հունվար-հունիս ամիսներին գնաճը արագացել է՝ մոտենալով ԿԲ 3 տոկոս թիրախին:
Պետական պարտք
Եկամուտների տարեկան ճշտված ցուցանիշը կազմել է 2 տրիլիոն 848 միլիարդ դրամ, ծախսերը՝ 3 տրիլիոն 466 միլիարդ դրամ: Դեֆիցիտը կազմել է 39,2 միլիարդ դրամ՝ պլանավորված 325 միլիարդի փոխարեն:
2025 թվականի առաջին կիսամյակում պետական պարտքը դրամային արտահայտությամբ աճել է 4.5 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 7.9 տոկոսով: Կառավարության պարտքն աճել է 4.8 տոկոսով, մինչդեռ ԿԲ պարտքը նվազել է 2.2 տոկոսով: Ընդհանուր պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 323 միլիարդ դրամ կամ 13 միլիարդ 852 միլիոն դոլար:
Պարտքի պորտֆելի ռիսկային ցուցանիշները պահպանվել են իրենց սահմաններում: Միջին կշռված տոկոսադրույքը մնացել է 7.2 տոկոսի մակարդակին: Ներքին պարտքը գերազանցում է արտաքին պարտքին՝ կազմելով 52 տոկոս: Դրամային պարտքն էլ կազմում է 51 տոկոս՝ արտարժութային պարտքի 49 տոկոսի համեմատ:

