Դիվանագիտական պաթոս և light-երաշխիքներ. ի՞նչ տվեց Վաշինգտոնյան հանդիպումը Երևանին

Վաշինգտոնյան և Նոյեմբերի 9-ի փաստաթղթերը անհամեմատելի են ներկայիս փուլում

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի համեմատությունը Վաշինգտոնյան փաստաթղթի հետ կախված է ժամանակահատվածից։ Նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Նրա կարծիքով, եթե համեմատենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ այն ժամանակաշրջանում, երբ Լաչինի միջանցքը գործում էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, ապա ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ավելի նպաստավոր էր։

«Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը դեռ բնակեցված էր հայերով, և ձևավորվել էր որոշակի նոր ստատուս-քվո։ Սակայն, երբ Ադրբեջանը սկսեց քանդել այդ ստատուս-քվոն՝ արգելափակելով Լաչինի միջանցքը, շրջափակելով Լեռնային Ղարաբաղը և, ի վերջո, իրականացնելով էթնիկ զտում, նոյեմբերի 9-ի փաստաթղթի առավելությունների մասին խոսելն այլևս դարձավ անիմաստ», — ասաց Գրիգորյանը։

Ըստ նրա՝ եթե դիտարկենք միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, որը վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցության ուղիներին, և համեմատենք այն Վաշինգտոնյան փաստաթղթի հետ, ապա Վաշինգտոնյան փաստաթղթում կան մի շարք առավելություններ հայկական կողմի համար։

«Մասնավորապես, այնտեղ հստակ նշված են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքները։ Իսկ «անխոչընդոտ անցման» խնդրահարույց ձևակերպումը «արտագաղթել է»  նոյեմբերի 9-ի փաստաթղթից և հասել է Վաշինգտոն», — նշում է փորձագետը։ 

Գրիգորյանի գնահատմամբ՝ այս փաստաթղթերը համեմատել դժվար է, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հիմնական խնդրո առարկան՝ Լեռնային Ղարաբաղը, այլևս գոյություն չունի։ Ըստ նրա՝  իրատեսական չէ խոսել նոյեմբերի 9-ի պայմանների կատարման մասին, քանի որ ներկայիս պայմաններում անհնար է վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, ապահովել մարդկանց վերադարձը կամ վերականգնել Լաչինի միջանցքը։

Այնուամենայնիվ, եթե համեմատությունը կատարվում է տարբեր ժամանակաշրջանների համատեքստում, ապա նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ավելի նպաստավոր էր միայն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը գոյություն ուներ, և Հայաստանի հետ կապն անխափան էր։

Scroll to Top