ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար ձևն ու մեթոդները առաջնային չեն, ամենակարևորը` նպատակին հասնելն է ու Միացյալ Նահանգների շահերի առաջխաղացումն ապահովելը։ Այս հարցում նա գործում է բավական արդյունավետ, սակայն, անձնական փիառի նկատառումներից ելնելով, այս գործողությունները նա ներկայացնում է, որպես խաղաղության ապահովման ջանքեր։ Այս մասին հայտարարեց կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ նախկինում կարծիք կար, որ ժողովրդավարության միջոցով ձեռք բերած խաղաղությունը հավերժ է։ Սա շատ տարածված էր Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, սակայն այս մեխանիզմը ամենուր չէ, որ աշխատում էր։ Ներկայում Թրամփը փորձում է առաջ մղել իր սեփական խաղաղության հասնելու ձևաչափը՝ տնտեսական շահերի և նյութական օգուտների միջոցով։ Նա պնդում է, որ խաղաղության կարելի է հասնել հեշտ և արագ՝ խոստանալով աջակցություն և ներդրումներ, սակայն իրականում յուրաքանչյուր նախաձեռնության հետևում ընկած են միայն ԱՄՆ շահերը։
Սրա վառ վկայությունն է այն փաստը, որ «խաղաղություն քարոզելով» ամերիկյան կողմը իրականում չի խոչընդոտում ուժային լուծումներին, եթե դրանք տեղավորվում են Վաշինգտոնի համար անհրաժեշտ շրջանակներում։«Չի հաջողվում «հաշտեցնել» Ռուսաստանին ու Ուկրաինային՝ թող շարունակեն պատերազմել, իսկ ամերիկացիները այդ ընթացքում կվաճառեն զենքը Եվրոպային։ Եվրոպան այն կհասցնի Ուկրաինա, Ուկրաինան կկրակի Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա՝ և դա նույնպես գտնվում է ԱՄՆ շահերի շրջանակում», — որպես օրինակ նշեց Մարտիրոսյանը։
ԱՄՆ շահերի համատեքստում փորձագետը առաջարկում է դիտարկել նաև TRIPP նախագիծը։ Նախագծի շնորհիվ ԱՄՆ-ը կարող է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, թույլ չտալ Իրանի կապը ՌԴ-ի հետ և դառնալ գլխավոր վերահսկող գործոն, որը կարող է ազդեցություն ունենալ և ճնշում գործադրել բոլորի վրա՝ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան ու Իրան։ «Քաղաքականությունում գոյություն ունի «ռազմավարական անորոշություն» հասկացություն, երբ միտումնավոր օգտագործվում են ձևակերպումներ, որոնք յուրաքանչյուր երկիր կարող է մեկնաբանել յուրովի։ Մի կողմը կարող է ասել «միջանցք», մյուսը՝ ճանապարհ, բայց կարևորն այն է, որ հնարավոր լինի առաջ մղել սեփական շահերը», — ընդգծեց փորձագետը։
Սակայն իրական խաղաղության հասնելու տեսանկյունից Թրամփի մեխանիզմը չի աշխատում, այն միայն ապահովում է որոշակի հետաձգում: Ներդրումների առումով Մարտիրոսյանը նույնպես կասկածամտորեն է տրամադրված:
«Եկեք չմոռանանք, թե ինչպես էր Թրամփը իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում «լուծում» էր Կոսովոյի խնդիրը։ Կոսովոյում էլ կա Թրամփի լիճ։ Այնտեղ նույնպես խոստացվել էին ներդրումներ, շահավետ նախագծեր, ասվում էր, որ դա կփոխի տարածաշրջանը և ապահովի խաղաղություն, սակայն ոչինչ չի արվել։ Այո, Թրամփը չէր ընտրվել, սակայն երբ նա կրկին ընտրվեց 4 տարի անց, այս նախագծին ոչ ոք չի անդրադարձել։ Թրամփը դրա մասին չի հիշում, իսկ եթե նրան հիշեցնեն, հաստատ կասի՝ «մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», բայց այսպես կարելի է ասել անվերջ», — եզրափակեց նա։

