Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը երեկ հայտարարեց, որ Հայաստանը նպատակ ունի «պոկվել» Մոսկվայից և հայերը՝ ելնելով այդ նպատակից՝ հացահատիկի մի մասը սկսելու են ձեռք բերել Ուկրաինայից: Սակայն խնդիրն այն է, որ ուկրաինական ցորենը 50%-ով թանկ է ռուսականից, և, ըստ ռուսական կողմի, Երևանը պահանջել է, որ ԵՄ-ը փոխհատուցի այդ թանկացած մասը: Ռուսաստանի կողմի այս պնդումը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բացարձակ անհեթեթություն է։
Սակայն հայտարարությունը արդեն դարձել է քննարկվող թեմաներից մեկը, այն հետաքրքրական է ոչ միայն իր ցածր որակի բովանդակությամբ, այլև համատեքստով։ Ի՞նչ նպատակ կարող էր ունենալ նման բովանդակությամբ հայտարարության հրապարակումը մեկնաբանում է Հանուն հավասար իրավունքների կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրահամյանը։
Նրա գնահատմամբ՝ ՌԴ ԱՀԾ-ի այս հայտարարությունը ռուսական վախերի մասին է․
«Դա իրականում նաև ակնհայտ էր, երբ Ադրբեջանը թույլատրեց ղազախական ցորենի տրանզիտը, Ռուսաստանը իր ցորենը շատ ավելի արագ և շատ ավելի առաջընթաց քայլերով ուղարկեց՝ ցույց տալու, որ իրենք են այստեղ, ի վերջո այդ ուղղությամբ հիմնական մենաշնորհը իրենցը պետք է լինի»։
Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի ապաշրջափակման և դիվերսիֆիկացման ցանկացած նոր հնարավորություն, հայկական կողմի այդ ուղղությամբ ցանկացած ջանք մեծագույն խանդով է ուղեցվելուելու ռուսական կողմից: Ըստ նրա՝ որքան նվազեցնում է կախվածությունը պարենային անվտանգության տեսանկյունից, այնքան փոքրանում են Հայաստանի վրա ազդելու լծակները։
«Ռազմական կախվածությունը արդեն վերացել է: Եթե նախկինում 96%-ով Ռուսաստանից էր ներկրվում ողջ մեր սպառազինությունը, այժմ նույնքան՝ 96%-ով հենց այլ երկրներից է ներկրվում: Այս տեսանկյունից, տնտեսական կախվածությունը, պարենային կախվածությունը և էներգետիկ կախվածությունը՝ այն հիմնական երեք գործոններն են, որոնք Ռուսաստանին թույլ են տալիս պահպանել այս տարածաշրջանում իր ազդեցության լծակները: Բնականաբար պարենային անվտանգության տեսանկյունից որևէ դիվերսիֆիկացիայի փորձերին իրենք վերաբերելու են շատ լուրջ խանդով և զայրույթով։ Այսպիսի հայտարարությունները՝ բացարձակ ակնհայտ անհեթեթություն են, որոնք ի ցույց է դնում իրենց այս վախերը», — համոզված է փորձագետը:
Ինչ վերաբերվում է Կիևին օգնելու ռուսական մեղադրանքներին, ապա, ըստ Աբրահամյանի, Ուկրաինան հացահատիկի սպառման առումով բացարձակ խնդիր չունի։
«Ուկրաինան այս ապրանոի գծով շուկայի խնդիր չունի: Մեծ հաշվով եվրոպական երկրների մեծ մասը հենց ուկրաինական ցորենի սպառմամբ են հիմնականում ապահովում իրենց մատակարարումները: Այսինքն՝ Հայաստանի կողմից նման «օգնության» կարիքը Ուկրաինան չունի», — նշեց նա:
Բացի դրանից, հավելեց Աբրահամյանը, Ադրբեջանի կողմից Ուկրաինան շատ ավելի ծանրակշիռ օգնություն էր ստանում, բայց նման արձագանք Մոսկվայից չկար․
«Ինչու հանկարծ հիշեցին, որ դա խնդիր է։ Ադրբեջանի մասով երբևէ որևէ հայտարարություն չի արվե: Այսինքն՝ եթե Ադրբեջանի ջանքերը բացարձակ խնդիր չեն Ռուսաստանի համար, ինչո՞ւ մեր քայլերը հանկարծ խնդիր համարվեցին։ Այս առումով ևս ՌԴ ԱՀԾ հայտարարության անհեթեթություն ակնհայտ է դառնում»:
Եթե հարցը թշնամուն օգնելն է, ապա ինչու Ռուսաստանը գնում էր նման քայլի՝ զինելով Ադրբեջանը:
«Ընդ որում՝ Ադրբեջանին վաճառում էին նոր զենք: Հայաստանին չի տրվել նոր սպառազինություն, այո վաճառվել է ցածր գնով, բայց դրանք եղել են օգտագործված զենքեր։ Ավելին՝ այս նոր որակի պատերազմ վարելու համար դրանք բացարձակ անպիտանի զենքեր էին», — ասաց Աբրահամյանը:

