Ուկրաինայի պատերազմի շուրջ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկվող և ընթացքի մեջ ձևափոխվող խաղաղության ծրագիրը շարունակում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում։ Չնայած բարձր սպասումներին՝ խորքային հակասությունները թույլ չեն տալիս այն դիտարկել որպես իրական լուծում։ Արցախի Հանրապետութեան նախկին արտգործնախարար, դիվանագետ Արման Մելիքյանը ընդգծում է․ նույնիսկ եթե որոշ համաձայնություններ ձեռք բերվեն, աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը և մեծ ուժերի շահերի բախումները շարունակելու են թելադրել իրենց տրամաբանությունը։ Իսկ Հարավային Կովկասը, նրա խոսքով, կանգնած է նոր, ավելի վտանգավոր մարտահրավերների առաջ, որոնք Ուկրաինայի ճակատագրի հետ կապակցված չեն։
Թրամփի միջնորդական փորձը՝ առանց հաջողության հեռանկարի
Մելիքյանի խոսքով՝ չնայած այն բանին, որ Դոնալդ Թրամփը հրապարակավ հույս է հայտնել հնարավոր հանդիպման վերաբերյալ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ, իրական քաղաքական պայմանները թույլ չեն տալիս ենթադրել, թե նման բանակցությունները կարող են շուտ սկսվել.
«Ռուսաստանն ու Ուկրաինան արագ չեն նստելու միևնույն սեղանի շուրջ։ Նույնիսկ եթե որոշ հարցերի շուրջ հնարավոր լինի սկզբնական փոխըմբռնում, խնդիրն այնքան խճճված է և այնքան դերակատարներ ունի, որ Վաշինգտոն-Մոսկվա-Կիև եռանկյունին բավարար չէ իրական լուծման համար»,– նշում է նա։
Դիվանագետը վստահ է, որ համաշխարհային ուժային կենտրոնների շահերի հակասությունների պատճառով, նույնիսկ եթե կողմերը հրապարակայնորեն ողջունեն ծրագիրը, ոչ ոք իրականում շահագրգռված չի լինի դրա գործնական իրականացմամբ.
«Թրամփի առաջարկը կարող է հնչել որպես լավ գաղափար, բայց բոլորն էլ կանեն ամեն ինչ, որպեսզի այն կյանքի չկոչվի։ Ավելին՝ նույնիսկ երե հաջողվի առաջընթաց ապահովել, խաղաղությունը լինելու է պայմանական, քանի որ ռուս-ուկրաինական հակասությունները հաղթահարելի չեն, և միշտ պատերազմի վերսկսման համար կարող են որպես առիթ ծառայել»։
Ըստ Մելիքյանի՝ նախագահ Թրամփը և իր թիմը այդ ամենը շատ լավ գիտակցում են և պատրաստ են երկարատև խաղ տանել։
Հարավային Կովկասը՝ գլոբալ աշխարհաքաղաքական ծրագրի մաս
Մելիքյանը ընդգծում է, որ Ուկրաինայի հարցի այս կամ այն լուծումը վճռորոշ դեր չի ունենալու Հարավային Կովկասում ընթացող և սպասվող գործընթացներում.
«Մեր տարածաշրջանում իրադարձությունները կզարգանան անկախ նրանից, Ուկրաինայում կհաստատվի խաղաղություն, թե ոչ»։
Նրա դիտարկմամբ՝ առաջիկայում ամենաազդեցիկ գործոնը լինելու է Իրանի շուրջ ձևավորվող նոր ճնշումների քաղաքականությունը։ Դիվանագետը նշում է, որ վերջին ամիսների միտումները վկայում են՝ Իրան–ԱՄՆ հակասությունները ոչ միայն չեն մեղմվում, այլ կարող են սրվել.
«Իսրայելը շահագրգռված է ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառման տարբերակով։ Ադրբեջանը անսահմանափակ քանակությամբ զինվում է, և դժվար է ենթադրել, որ այդ գործընթացը Իրանի հետ կապ չունի»։
Այս համատեքստում Հարավային Կովկասը, Ուկրաինական ճակատը, ինչպես նաև Մերձավոր Արևելքը և Կենտրոնական Ասիան, ըստ Մելիքյանի, դառնում են ավելի մեծ՝ գլոբալ աշխարհաքաղաքական ծրագրի մասեր, որոնք կարող են անկախ միմյանցից «ակտիվացվել» կամ «սառեցվել»։
Դիվանագետի գնահատմամբ՝ Իրանի հնարավոր թուլացումը միաժամանակ նաև Չինաստանի ազդեցության նվազեցման գործիք է.
«Մեր տարածաշրջանում իրադարձությունները շարունակվելու են նախ Իրանի դիրքերի թուլացման ուղղությամբ կատարվելիք գործողություններով։ Բայց նաև պետք է հասկանանք, որ Իրանի թուլացումը նաև Չինաստանի դիրքերի թուլացումն է, ընդ որում ոչ միայն հենց Իրանում կամ Պարսից ծոցում Իրանով միջնորդավորված, այլև ընդհանուր առմամբ այս ողջ տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում ևս։ Հարավային Կովկասը այդ տարածաշրջաններից մեկն է, որտեղ Չինաստանի գործողությունները կարող են կաշկանդվել առաջիկայում»։

