Չորացող անտառներ, նվազող ջուր․ ինչու է հրդեհների ռիսկը կտրուկ աճել Հայաստանում

Չորացող անտառներ, նվազող ջուր․ ինչու է հրդեհների ռիսկը կտրուկ աճել Հայաստանում

Վերջին օրերին անտառային հրդեհները միաժամանակ բռնկվեցին Քաջարանում, Բերդում և Դիլիջանում՝ հարուցելով նոր մտահոգություններ ոչ միայն անվտանգության, այլև պետական կառավարման արդյունավետության վերաբերյալ։ Հասարակական դիսկուրսում շրջանառվում են մի քանի վարկածներ՝ անփութությունից մինչև դիվերսիա, սակայն մասնագետները զգուշացնում են․ պատճառների վերհանումը պետք է թողնել հատուկ ծառայություններին, իսկ հանրային ուշադրության կենտրոնում անհրաժեշտ է պահել համակարգային վտանգներն ու կանխարգելումը։

Բնապահպան-փորձագետ Ինգա Զարաֆյանը  շեշտում է, որ այս հրդեհների հիմնական պատճառները ընդհանուր բնապահպանական և կլիմայական ռիսկերն են, որոնք տարիներ շարունակ խորացել են։

Կլիմայի փոփոխությունը և անտառների չորացումը՝ հիմնական ռիսկեր

«Այսօր հրդեհները սկսվում են ոչ թե մեծ օջախներից, այլ միկրո-բռնկումներից։ Խնդիրն այն է, որ մեր անտառային էկոհամակարգը վերջին տարիներին կտրուկ փոխվել են», — ասում է փորձագետը։

Նրա խոսքով՝ անտառային հողը այլևս խոնավություն չի պահում, շատ հատվածներում տարիներ շարունակ իրականացված անօրինական կամ անկառավարելի հատումները հիմքից փոխել են էկոհամակարգը։ Ավելին՝ անտառային ջրային պաշարները նվազել են, ինչը նույնպես մեծացնում է վտանգը։ Անտառների մի զգալի մասը դարձել է չափազանց չոր՝ «բռնկվող», ասաց Զարաֆյանը։

«Եթե տարիներ առաջ խիտ անտառ մտնելիս հողը միշտ խոնավ էր, այսօր նույն տարածքներում քայլում ես չոր տերևների և փշրված, փոշիացած հողի վրա։ Այդ միջավայրում մի փոքր կայծը բավարար է, որ կրակը տարածվի վայրկյանների ընթացքում», — ընդգծում է նա։

Անտառների շուրջ ստեղծված խոտածածկ գոտիները պայթյունավտանգ են

Փորձագետի գնահատմամբ՝ ոչ անտառապատված, խոտածածկ լանջերը դարձել են հրդեհների արագ տարածման «մայրուղիները»՞ քանի որ արևահարված շերտերը անհամեմատ արագ են բռնկվում, իսկ չոր խոտի միջավայրում կրակը տարածվում է զանգվածաբար և անկանխատեսելի ուղղություններով։

Ըստ նրա՝ այստեղ մեծ դեր ունի մարդկային գործոնը․ անտառում թողած շշերը, ապակու բեկորները դառնում են  միկրո-բռնկումների պատճառ․

«Շատ դեպքերում հրդեհի գրանցված օջախները միանշանակ կապված են մարդկային անփութության հետ։ Եվ դա ոչ միայն Հայաստանում․ նույն իրավիճակը տեսնում ենք Ավստրալիայում, Կանադայում, Ռուսաստանում։ Այդ երկրներում դժվար թե խոսվի դիվերսիայի մասին։ Խնդիրը կլիման է, չորությունը և անտառների աղքատացած վիճակը»։

Ինչ վերաբերում է հանրային հնչող դիվերսիոն վարկածներին՝ փորձագետը դրանք չի համարում առաջնային․

 «Դիվերսիայի մասին խոսելը լուրջ հիմքեր է պահանջում։ Միջազգային փորձն էլ է ցույց տալիս, որ անտառային հրդեհների գերակշիռ մասն ունի կամ կլիմայական, կամ մարդկային անփութային պատճառ»։

Ուղղաթիռների ուշացած ներգրավման քննադատությունը

Հասարակության մեջ քննադատություններ եղան, թե հրշեջ ուղղաթիռները ուշացան, և ավելի արագ արձագանքը կթեթևացներ վնասները։ Փորձագետը այս թեմայում զգուշավոր է․

«Այսպիսի իրավիճակներում ամենակարևորը պատրաստվածությունն է։ Ոչ միայն տեխնիկապես, այլ տեղեկացվածության առումով։ Եթե չունենք հստակ, ամենօրյա ռեժիմով գործող մոնիթորինգի համակարգ, ապա հրդեհի օջախը տեսանելի է դառնում միայն այն ժամանակ, երբ այն արդեն մեծացել է։ Իսկ երբ կրակը մեծացել է, իրավիճակը կառավարելը արդեն ավելի բարդ է»։

Նա հավելում է, որ այս պահին Հայաստանին անհրաժեշտ է անտառային ռիսկերի արագ հայտնաբերման լիարժեք համակարգ․

«Հրդեհի փոքր օջախը կարող է նկատելի լինել միայն մասնագիտացված համակարգերի միջոցով․ տեսախցիկներ, ջերմային սենսորներ, անտառային դիտարաններ։ Առանց դրանց՝ մենք միշտ արձագանքելու ենք արդեն մեծացած հրդեհներին»։

Անտառային հրդեհները` նոր իրականություն

Փորձագետը զգուշացնում է՝ նման հրդեհները դառնալու են ավելի հաճախակի կլիմայական փոփոխությունների պատճառով։

«Դրանք այն խնդիրներից են, որոնք առաջիկա տարիներին մենք տեսնելու ենք ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ՝ որպես նոր նորմա։ Եթե այսօր չկառուցենք կանխարգելման համակարգ, վաղը արդեն կհասնենք անդառնալի վնասների», եզրափակեց Զարաֆյանը։

Scroll to Top