Օդի աղտոտվածությունը Երևանում․ ինչ է իրականում կատարվում

Օդի աղտոտվածությունը Երևանում․ ինչ է իրականում կատարվում

Վերջին շաբաթներին Երևանի և ամբողջ Արարատյան դաշտի բնակիչները կրկին ահազանգում են օդի վտանգավոր աղտոտվածության մասին։ Քաղաքը մշուշածածկ է, բազմաթիվ թաղամասերում նկատվում են ծանր հոտեր։ Քաղաքապետարանը, հիդրոմետ ծառայությունը և առողջապահական կառույցները հրապարակում են տարբեր պարզաբանումներ, սակայն հանրային մտահոգությունը չի նվազում։ 

Էկոլոգ-փորցագետ Քնարիկ Գրիգորյանը նշում է, որ միջազգային չափորոշիչներով PM2.5 չափի մասնիկների համար նորմա համարվում է մինչև 15 միկրոգրամ/մ³ ցուցանիշը։ Երևանի մի շարք հատվածներում այս թիվը անցնում է 200–220-ը, ինչը համարվում է առողջության համար վտանգավոր մակարդակ։ Ամենաաղտոտված թաղամասերը, ըստ վերջին չափումների, Առինջի, Նորքի և Սայաթ-Նովայի հատվածներն են։ Մտահոգիչ տվյալներով՝ որոշ ժամերին օրինակ Առինջում PM2.5-ի մակարդակը հասնում է 280–300-ի, իսկ նույնիսկ նվազելուց հետո մնում է բարձր շեմում։

Քնարիկ Գրիգորյանը նշում է, որ աղտոտվածության աճին նպաստում են մի քանի գործոններ։ Առաջինը՝ ծանրաբեռնված տրանսպորտը։ Քաղաք մտնող բեռնատարների մեծ մասը աշխատում է դիզելային վառելիքով, որն արտանետում է ոչ միայն գազեր, այլև ծանր մետաղներով մասնիկներ։ «Դրա հետ մեկտեղ Երևանում շենքերը բարձրացել են, ադ նշանակում է օդափոխությունը շատ դժվար է կատարվում, դա նպաստում է նրան, որ ինչ որ այրեցինք ինքը մնում է այդ տարածքում», — ասավ փորձագետը:
Երկրորդը՝ շինարարական աշխատանքները։ Հիմքերի քանդման, տեղափոխման ու շինավայրերի չծածկված հողի պատճառով մեծ քանակությամբ փոշի է բարձրանում օդ։ Երրորդը՝ որոշ արտադրություններ և հանքեր, որոնք, թեև քիչ են, բայց ազդեցություն ունեն մայրաքաղաքի օդի որակի վրա։

Վերջին օրերին աղտոտվածության նկատելի աճին նպաստել է նաև եղանակը։ Քամիների բացակայության, օդի շրջանառության դանդաղման և տեղումների սակավության պայմաններում փոշին չի ցրվում։ Դրա հետ մեկտեղ երկրում մի քանի մարզերում տեղի ունեցած անտառային հրդեհները և գյուղատնտեսական այրումներն էլ իրենց բաժինն են ունեցել՝ երկարատև ծխային շերտ ստեղծելով օդում։ Մասնագետը շեշտում է, որ տան մոտ տերևների կամ չոր խոտի այրումը, որը նախկինում «վնասակար չէր համարվում», այսօր շատ ավելի վտանգավոր է, քանի որ հողերի մեջ մնացած թունաքիմիկատները այրման արդյունքում կարող են վերածվել քաղցկեղածին նյութերի։

Բարձր աղտոտվածության պայմաններում, նշում է նա, առաջինը տուժում են շնչառական և սրտանոթային խնդիր ունեցող մարդիկ։ Փոքր մասնիկները խորապես թափանցում են թոքերի ալվիոլների մեջ, խոչընդոտում թթվածնի ներթափանցումը արյան մեջ և առաջացնում մշտական հոգնածություն, թուլություն, գլխապտույտ, ճնշման տատանումներ և սրտի աշխատանքի արագացում։ Որպես ինքնապաշտպանություն մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել ոչ թե բժշկական, այլ N95 կամ KN95 տեսակի ռեսպիրատորներ։

Scroll to Top