Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների և բարձրաստիճան հոգևորականների խմբի հետ դարձավ այն իրադարձությունը, որը շատերը գնահատում են որպես Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված գործողությունների կարևոր, միգուցե նաև բեկումնային կետ։ Այս հանդիպումը ոչ միայն բացեց ներեկեղեցական լարվածության խորքային շերտերը, այլ նաև ցույց տվեց, այդ կառույցի վրա իշխանության ներգործության սահմանները ։
Ըստ քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանի՝ տեղի ունեցածը գործընթացի գագաթնակետն էր։ «Սա Նիկոլ Փաշինյանի «վերջին հաղթաթուղթն» էր․ ամիսներ շարունակ ձգված ճնշման փորձերն իրենց տրամաբանական ավարտին հասան», — նշում է փորձագետը։
Նրա խոսքով՝ բոլորն էլ հասկանում էին, որ գործընթացը չի սահմանափակվելու առանձին քահանաներով․ «Աշխատանք էր տարվում շատ ավելի բարձր մակարդակներում, այդ թվում՝ եպիսկոպոսական դասի ներսում։ Այս հանդիպումը վերջնականապես բացահայտեց Փաշինյանի “ագենտուրան” Հայաստանում, եթե կարելի է այդպես ասել»։
Տիգրանը նշում է, որ իշխանության ակտիվացումը պատահական չէր․ եկեղեցու դեմ արված նախորդ փորձերը՝ Օհանավանքից մինչև Թալին, տապալվել էին։ «Թալինում Փաշինյանը մեծ ընտրական աջակցություն ուներ, բայց նույնիսկ այնտեղ մարդիկ չմիացան իշխանության կազմակերպած նախաձեռնություններին։ Դա ցույց տվեց, որ իշխանությունը չի ստանում այն, ինչ ուզում է։ Հետևաբար՝ անհրաժեշտ էին ավելի կտրուկ քայլեր»։
Փաշինյանի ճնշման վերջին կետը
Փորձագետի կարծով՝ իշխանության ռեսուրսները գրեթե սպառված են։ «Հնարավոր է դեռ մեկ-երկու թեմի առաջնորդ հայտնվի Փաշինյանի կողքին։ Բայց այս գործընթացների գագաթնակետը արդեն տեսանք․ դա Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի ներկայությունն էր։ Արարատյան թեմի առաջնորդը միշտ համարվել է Կաթողիկոս ընտրվելու հիմնական հավակնորդներից, և նրա մասնակցությունն ունի սիմվոլիկ առումով ծանր նշանակություն»։
Նրա խոսքով՝ Փաշինյանի իրական ոչ միայն նոր իր կողմից վերահսկվող Կաթողիկոսի ընտրությունն է, այլև Հայ առաքելական եկեղեցին ապամոնտաժումն է որպես ազգային կառույց, կամ առնվազը այդ կառույցի բարոյազրկումը։
Հոգևորականների միջև «կոմպրոմատային պատերազմը»
Այս համատեքտում Քոչարյանը նշում է հոգևարականների միջև «կոմպրոմատային պատերազմի» վտանգը։
«Դա չի կարելի թույլ տալ։ Դա կլինի անդառնալի կորուստ։ Անկախ նրանից՝ ով ինչ ճնշման տակ է, սրբազաններն այս պահին խաղում են կառույցի 1700-ամյա հեղինակության հետ։ Եթե այս ամենը վերածվի փոխադարձ հարվածների, մարդիկ ուղղակի կզզվեն տեսածից։ Դա կլինի հրաշալի միջավայր աղանդների համար»։
Նրա խոսքով՝ եկեղեցին «խանութ» չէ, որի փոխարեն նորն է հնարավոր բացել․ «Եթե մեկ անգամ տանուլ տաս եկեղեցին, դա այլևս չի վերականգնվի։ Վատիկանը, Մերձավոր Արևելքի հին եկեղեցիները, ԱՄՆ-ի և Եվրոպայի թեմերը հետևում են գործընթացներին։ Հայ Առաքելական եկեղեցին ունի համաշխարհային արժեք, և դրա հեղինակության կորուստը համահայկական խնդիր է»։
Կաթողիկոսի լեգիտիմությունը որոշվում է ոչ միայն Հայաստանում
Փորձագետի գնահատմամբ՝ Կաթողիկոսը բավականին ճկուն քայլ արեց՝ չսրելով իրավիճակը։ «Եթե գնային սրման՝ դա հենց այն էր, ինչին սպասում էր Փաշինյանը», — նշեց նա։
Քոչարյանը հավելեց, որ որոշ խնդիրներ եկեղեցու ներսում իրականում գոյություն ունեն, և դրանց լուծումը պետք է ապահովվի հավասարակշռված քաղաքականությամբ․ «Կաթողիկոսի լեգիտիմությունը որոշվում է ոչ միայն Հայաստանում գտնվող եպիսկոպոսներով։ Կա Ամենայն Հայոց երկու պատրիարքարան, Երուսաղեմի պատրիարքարանը, Արամ Ա.–ի աջակցությունը։ Այս ամբողջ համակարգը Փաշինյանը չի կարող վերահսկել»։
Բացի այդ, նույնիսկ պառակտված խմբի ներկայացուցիչները չեն ասում, որ ուզում են հանել Կաթողիկոսին․ «Նրանք ասում են՝ լուծել կոնկրետ անձի հարցը։ Դա արդեն ուրիշ թեմա է։ Բայց այստեղ կա կարմիր գիծ, և այն չպետք է անցնի ոչ մեկի կողմից»։

