Ուժեղ հայտարարություններ, թույլ գործողություններ․ ի՞նչ կարելի է իրականում սպասել Իրանից

Թուրքիան սպասում է «աստեղային ժամին»

Թուրքիան այսօր ոչ թե պարզապես հետևում է Իրանի շուրջ զարգացումներին, այլ անհամբեր  սպասում է իր «աստեղային ժամին»։ Եթե Իրանի նկատմամբ սկսվի ռազմական գործողություն, Թուրքիան դրանում տեսնում է առաջին հերթին հնարավորություն։ Նմամ կարծիքի է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի գլխավոր շահն ու ակնկալիքը  այս գործընթացում  Իրանի հնարավոր մասնատումն է։ Ինչ վերաբերում է փախստականներին, ապա դա Թուրքիայի համար մեծ խնդիր չէ․ Թուրքիան ինքն է որոշելու՝ ում, որքան և երբ ընդունել։ «Ինչքան ուզենա՝ կթողնի, ինչքան չուզենա՝ չի էլ թողնի»,— նշում է Լոքմագյոզյանը՝ ընդգծելով, որ Անկարան փախստականների հարցը դիտարկում է ոչ թե մարդասիրական, այլ բացառապես քաղաքական շահի տեսանկյունից։

Իրանի մասնատումը՝ Թուրքիայի ռազմավարական երազանքը

Լոքմագյոզյանի համոզմամբ՝ եթե Իրանում պատերազմ սկսվի, դրա ամենալուրջ հետևանքը լինելու է այդ երկրի մասնատումը։ Այդ գործընթացի արդյունքում ամենամեծ հատվածը, որը կարող է անջատվել Իրանից, Ատրպատականի տարածքն է, և դա Թուրքիայի համար չափազանց շահավետ սցենար է։

Նա ընդգծում է, որ Թուրքիան տասնյակ տարիներ շարունակ համակարգված աշխատել է հենց այդ ուղղությամբ՝ Թուրքիայում բնակվող իրանցի ադրբեջանցիների ռադիկալացման, թուրքացման և ինքնության վերափոխման վրա։ Այդ ամենը արվել է երկարաժամկետ հաշվարկով՝ սպասելով հարմար պահի։

«Ռազմական հարձակումը հակառակ չէ սպասվածին, սա շատ մեծ ցանկություն է Թուրքիայի համար»,— ասում է Լոքմագյոզյանը՝ շեշտելով, որ այդ ծրագիրը պատահական չէ և ունի խորքային պատմական ու քաղաքական հիմք։

Մերձավոր Արևելքը՝ մեկ ընդհանուր ծրարի մեջ

Թուրքագետը նշում է, որ Իրանի շուրջ հնարավոր զարգացումները չի կարելի դիտարկել որպես միայն Միացյալ Նահանգներ–Իրան բախում։ Նրա խոսքով՝ խոսքը ամբողջ տարածաշրջանի վերաձևման մասին է։

Նա հիշեցնում է Իրաքի, Սիրիայի, Լիբանանի դեմ իրականացված հարվածները, ապա անդրադառնում Եգիպտոսին, ինչպես նաև արաբական Հյուսիսային Աֆրիկային՝ ներառյալ Լիբիան։ Այս բոլոր գործընթացները, ըստ Լոքմագյոզյանի, կարելի է դիտարկել մեկ ընդհանուր ռազմաքաղաքական ծրագրի շրջանակում։

«Իրանն էլ է այդ նույն ծրագրի մաս, ինչպես նաև Հայաստանը»,— ասում է նա՝ ընդգծելով, որ խոսքը Մերձավոր Արևելքի ամբողջական վերադասավորման մասին է։ Նրա գնահատմամբ՝ փոքր հարցերը արդեն լուծված են, իսկ ամենամեծ և ամենադժվար հարցը հենց Իրանն է։

«Բոլորին մաքրեցին, հիմա մնաց Իրանը։ Ուզում են Իրանը մաքրել»,— ձևակերպում է նա պարզ և ուղիղ։

Հայաստան–Թուրքիա «հարաբերություններ». գոյություն չունեցող հարաբերություն

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններին՝ Լոքմագյոզյանը ն՛ում է, որ  իրականում որևէ հարաբերություն գոյություն չունի։

«Մեկ-երկու այցելությունը պետությունների հարաբերություն չի կարելի կոչել»,— ասում է նա՝ հավելելով, որ այն, ինչ այսօր ներկայացվում է որպես հարաբերություն, իրականում ստրուկի և տիրոջ հարաբերություններ են։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը տվյալ գործընթացում հանդես է գալիս բացառապես որպես հանձնող կողմ, իսկ մյուս կողմը՝ որպես ստացող։ Ավելին, նա պնդում է, որ արդեն իսկ Ադրբեջանից են գալիս ուղիղ հրահանգներ և պահանջներ՝ ինչ պետք է անել։

«Պարզ ասում են՝ Հայաստանի սահմանները ես եմ որոշելու»,— նշում է թուրքագետը՝ ընդգծելով, որ այստեղ ոչ թե բանակցություն է, այլ պարտադրանք։

Վասալացման վտանգը և պետականության կորուստը

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը արդեն հայտնվել է վասալ պետության վիճակում, իսկ վաղը այդ վիճակը կարող է էլ ավելի խորանալ։

Եթե Իրանի հարցը սրվի, և պատերազմն ավարտվի Իրանի մասնատմամբ, Հայաստանը կարող է պարզապես վերանալ պատմության բեմից կամ գոյություն ունենալ միայն ֆորմալ։

«Իրականում մենք արդեն այսօր այն վիճակում ենք, որ Հայաստան պետականություն գոյություն չունի»,— ասում է նա՝ հավելելով, որ Հայաստանը փաստացի ամբողջացել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Նրա խոսքով՝ այդ գործընթացը ոչ միայն շարունակվելու է և շատ շուտով կարող է դառնալ անդառնալի։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top