Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններից մեկը՝ Եպիսկոպոսաց ժողովը, առաջիկայում կհավաքվի Հայաստանի սահմաններից դուրս։ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով ժողովը նախատեսված է անցկացնել Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ը։
Քաղաքագետ Արմեն Այվազյանի գնահատմամբ՝ Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունից դուրս ոչ թե տեխնիկական կամ կազմակերպչական որոշում է, այլ պատմական և քաղաքական առումով տխուր իրողության ուղիղ արտացոլում։ Նրա խոսքով՝ ներկայումս Հայոց Եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում փաստացի զրկված է ազատ գործելու հնարավորությունից։
Այվազյանը շեշտում է, որ Եկեղեցին ոչ միայն պաշտպանված չէ, այլև ենթարկվում է բացահայտ ճնշումների և հալածանքների։ Նա հիշեցրեց, որ այսօր արդեն ունենք կալանավորված արքեպիսկոպոսներ, տարբեր աղանդավորական խմբեր գործում են ոստիկանական ուժերի պաշտպանության ներքո։
Քաղաքագետի խոսքով՝ ճնշումները սահմանափակված չեն միայն ֆիզիկական կամ վարչական միջամտությամբ։ Նա նշում է, որ Եկեղեցու նկատմամբ պարտադրվում են ներեկեղեցական և դավանաբանական կանոնական փոփոխություններ, իսկ պետական ամենաբարձր մակարդակներից գրեթե ամեն օր հնչում են վիրավորանքներ, սպառնալիքներ, հայհոյանքներ և շանտաժ։
«Սա այն միջավայրն է, որի մեջ այսօր պարզապես գոյատևում է Հայոց Եկեղեցին»,— ընդգծում է Այվազյանը՝ նկարագրելով ստեղծված իրավիճակը որպես համակարգային և նպատակային ճնշման դրսևորում։
Թեև, ինչպես նշում է քաղաքագետը, ինքը բավական երկար ժամանակ հնարավորություն չի ունեցել հանդիպելու բարձրաստիճան եկեղեցականների հետ և անմիջականորեն քննարկելու ստեղծված իրավիճակը, այնուամենայնիվ կարող է մոտավորապես պատկերացնել, թե ինչ շարժառիթներով է Եպիսկոպոսաց ժողովը տեղափոխվել հեռավոր Ավստրիա։
Այվազյանի գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող փաշինյանական իշխանությունը կարող էր տարբեր միջոցներով խաթարել Եպիսկոպոսաց ժողովի աշխատանքը՝ դիմելով ամենացածրորակ սադրանքների։
Այվազյանը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունում Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման ընթացքում հնարավոր էին մի շարք իրական վտանգներ, որոնք կապված էին իշխանության կողմից ցուցաբերված ճնշումների հետ։ Նա ընդգծում է, որ իշխանությունները տարբեր միջոցներով կարող էին խաթարել ժողովականների աշխատանքը՝ օգտագործելով ամենացածրորակ սադրանքներ։ Օրինակ, հնարավոր էր օդանավակայանում որևէ պատրվակով կազմակերպել միջադեպեր Գարեգին Երկրորդին հավատարիմ եպիսկոպոսների հետ, որոնց գրպաններում կամ պայուսակներում կարող էին տեղադրել արգելված իրեր, ինչպես որ տեղի է ունեցել Արշակ սրբազանի կալանավորման դեպքի ժամանակ։
Նմանատիպ շանտաժային գործիքներ կարող էին կիրառվել նաև գաղտնալսումների միջոցով՝ անձնական զրույցները կեղծելով և հրապարակելով, ինչի օրինակ է Բագրատ սրբազանի հետ կատարվածը։ Ժողովի օրերին Մայր Աթոռը, ըստ Այվազյանի, կարող էր կրկին լցվել աղանդավորների ու իշխող կուսակցության ակտիվիստների կողմից՝ աղմկոտ ցույցեր կազմակերպելու նպատակով, իսկ ոստիկանական ուժերի միջոցով ցուցադրաբար շրջափակումը և ուժային ազդակները կարող էին ուղղվել ժողովականների կայացնելիք որոշումների վրա։ Բացի այդ, հնարավոր էին էլեկտրամատակարարման անընդմեջ խափանումներ կամ այլ գործողություններ, որոնք ուղղված կլինեին միջավայրը ճնշող դարձնելուն և Եկեղեցու բնական գործունեությունը խափանելու նպատակով։
Այս պատկերով, ընդգծում է Այվազյանը, նույնիսկ հեռավոր Ավստրիա տեղափոխվող Եպիսկոպոսաց ժողովի քայլը ոչ միայն տրամաբանական էր, այլև անհրաժեշտ՝ ստեղծված վտանգների և ճնշումների պայմաններում ապահովելու համար Եկեղեցու աշխատանքների բնականոն ընթացքը։

