«Գլոբալ Արևմուտքը» Հայաստանից հակաիրանական ակնկալիքներ չունի

«Գլոբալ Արևմուտքը» Հայաստանից հակաիրանական ակնկալիքներ չունի

Հայաստանի անկախությունից ի վեր երկրի քաղաքական դաշտում երկար ժամանակ գերիշխել է մի դոմինանտ թեզ․ գլոբալ Արևմուտքը Հարավային Կովկասում և հետխորհրդային տարածքում չունի իրական շահեր՝ ո՛չ տնտեսական, ո՛չ անվտանգային, և նրա միակ նպատակը Ռուսաստանին խնդիրներ ստեղծելն է։ Այդ ընկալման արդյունքում Հայաստանի անվտանգության և զարգացման միակ հնարավոր ուղին դիտարկվել է Ռուսաստանի կողմից առաջարկվող անվտանգային ճարտարապետությունն ու տնտեսական համագործակցությունը։ Նման կարծիքի է «Ռեստարտ» հիմնադրամի տնօրեն Յուրի Ավագյանը։

Նրա խոսքով՝ այս թեզը երկար տարիներ ոչ միայն հասարակական, այլև քաղաքական մտածողության հիմքում է եղել։ Սակայն վերջին տարիների իրադարձությունները պայթեցրել են այդ քաղաքական կոնստրուկտը։

Պարտավորությունների չկատարում և վստահության ճգնաժամ

2020 թվականի պատերազմը, 2023 թվականին ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում Արցախի հայաթափումը, ինչպես նաև Ջերմուկի ուղղությամբ տեղի ունեցած հայտնի դեպքերը ցույց տվեցին, որ Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները՝ թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ Հայաստանի հետ երկկողմ դաշնակցային պայմանագրի շրջանակում։

Ավագյանը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրում նաև ռազմայկան մատակարարման խնդրի վրա։ Նրա խոսքով՝ Հայաստանը վճարել էր ռուսական կողմին, սակայն համապատասխան սպառազինությունը չէր մատակարարվում։ Սա պաշտոնապես կամ կիսապաշտոնապես արդարացվում էր Ուկրաինայում ընթացող պատերազմով, սակայն վերջին շրջանում Ռուսաստանի նախագահը հրապարակային հայտարարեց, որ Ռուսաստանը կատարել է ռազմական մատակարարումներ ավելի քան 30 պետությունների։

«Սա ակնհայտորեն ցույց էր տալիս, որ խնդիրը ոչ թե ընդհանուր էր, այլ ստեղծվում էր կոնկրետ Հայաստանի պարագայում»,– նշում է Ավագյանը։

Դիվերսիֆիկացիա՝ ուշացած և հարկադրված

Այս իրավիճակից հետո միայն Հայաստանի իշխանությունները սկսեցին այլընտրանքային ուղիներ որոնել՝ Հնդկաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից զինատեսակներ ներգրավելու ուղղությամբ։ Ավագյանի գնահատմամբ՝ սա ոչ թե մտածված բալանսավորման քաղաքականություն էր, այլ ավելի շուտ ուշացած ու հարկադրված քայլ։

Նրա համոզմամբ՝ հենց այդ տրամաբանությամբ էլ սառեցվեց Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Այլ դերակատարների մոտ առկա էր մտավախություն, որ Հայաստանի հետ կիսվող ռազմական տեխնոլոգիաները կարող են հայտնվել ռուսական վերահսկողության ներքո։

«Այս ամբողջ դիվերսիֆիկացման գործընթացը, կոպիտ ասած, կրկին տեղի ունեցավ հայի հետին խելքի տրամաբանությամբ՝ արդեն ողբերգական հետևանքներից հետո»,– ընդգծում է Ավագյանը։

Վախերի վրա կառուցված նարատիվներ և Իրանի թեման

Ավագյանի խոսքով՝ ցանկացած գործընթաց, որը միտված է Հայաստանի կողմից Ռուսաստանից կախվածությունների նվազեցմանը, բախվում է ակտիվ դիմադրության։ Այդ դիմադրությունը հաճախ արտահայտվում է հասարակական վախերի վրա խաղալու միջոցով։

Վերջին շրջանում շրջանառվում է նոր նարատիվ, ըստ որի՝ որոշ նախաձեռնությունների, այդ թվում՝ ենթակառուցվածքային TRIPP ծրագրի նպատակը Իրանի դեմ գործընթացներ նախաձեռնելն ու հայ-իրանական սահմանը վտանգելն է։

Սակայն, Ավագյանի գնահատմամբ, այս մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ թե՛ Եվրամիությունը, թե՛ ԱՄՆ-ն տարիներ շարունակ հստակ գիտակցում են, որ Հայաստանը արդեն խնդիրներ ունի իր չորս անմիջական հարևաններից երկուսի հետ, և որևէ շահ չունեն ՀՀ-ին ներքաշելու գործընթացների մեջ, որոնք կարող են խնդիրներ ստեղծել նաև Իրանի հետ։

Կոնսենսուս գլոբալ Արևմուտքում

«ԱՄՆ-ում և ԵՄ-ում ընդհանրապես չկա որևէ պահանջ կամ ակնկալիք Հայաստանից՝ մասնակցելու հակաիրանական գործընթացների»,– նշում է Ավագյանը։ Նրա խոսքով՝ այն դիրքորոշումը, որ Հայաստանը չի ցանկանում, ոչ էլ ի վիճակի է ներգրավվել նման սցենարներում, կոնսենսուսային է գլոբալ Արևմուտքում և նույնիսկ քննարկման առարկա չէ։

Այսպիսով, Ավագյանի գնահատմամբ, անվտանգության և արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի շուրջ շրջանառվող վախերը հիմնականում տեղեկատվական մանիպուլացիաների արդյունք են և չեն արտացոլում իրական աշխարհաքաղաքական հաշվարկները։

Scroll to Top