Ընտրություններ 2026․ կողմնորոշված փոքրամասնություն և անորոշության մեջ գտնվող մեծամասնություն

Ընտրություններ 2026․ կողմնորոշված փոքրամասնություն և անորոշության մեջ գտնվող մեծամասնություն

Հայաստանի առաջիկա ընտրությունները տեղի են ունենում բոլորյուրօրինակ քաղաքական միջավայրում։ Խնդիրը այն խորքային հոգեբանական և սոցիալական վիճակն է, որի մեջ գտնվում է ընտրողը։ Ընտրական գործընթացը մտել է մի փուլ, որտեղ լրջությունն ու անլրջությունը համընկել են՝ ստեղծելով քաղաքական համակարգի փոշիացման վտանգ։

Քաղաքական դաշտում այսօր կարելի է առանձնացնել հարաբերականորեն կայուն կողմնորոշված երկու փոքր բևեռ։ Մոտավորապես 15 տոկոսի չափով ընտրողներ կան, որոնք պատրաստ են քվեարկել գործող իշխանության օգտին՝ անկախ նախընտրական գործընթացի բովանդակությունից։ Նույնքան էլ ընտրողներ կան, որոնք իշխանությանը համարում են բացարձակապես անընդունելի և ցանկացած դեպքում քվեարկելու են նրա դեմ։ Այս երկու խմբերը վաղուց կողմնորոշված են, և նախընտրական քարոզչությունը նրանց վրա էական ազդեցություն ունենալ չի կարող։

Իրական քաղաքական պայքարը ընթանում է մնացած ընտրողների շուրջ, որոնք կազմում են մոտ կեսից ավելի՝ 50–60 տոկոս։ Սակայն այս զանգվածն էլ միասնական չէ․ այն բաղկացած է տարբեր սոցիալական, տարիքային և գաղափարական շերտերից, որոնց միավորում է ընդհանուր դժգոհությունը քաղաքական համակարգից։ Սա այն ընտրողներն են, որորք «բոլորին դեմ են», սակայնայդ «բոլորին դեմ լինելը» տարբեր պատճառներ և դրսևորումներ ունի։

Իշխանության սոցիալական հենարանը և դրա սահմանները

Գործող իշխանությունն ունի որոշակի սոցիալական հենարան, որը ձևավորվում է հիմնականում տարիքային ակտիվ ընտրողների շրջանում։ Հատկապես 65+ տարիքային խումբը ընտրությունների ամենաակտիվ մասնակիցներից է, և սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ խմբում իշխանության օգտին քվեարկողների տոկոսը հարաբերականորեն բարձր է։

Վերջին շրջանում ընդունված համընդհանուր բժշկական ապահովագրության մեխանիզմը կարող է որոշ չափով ընդլայնել այդ աջակցությունը։ Թեև սա ունի նախընտրական սոցիալական քայլի հատկանիշներ, այն միաժամանակ իրական դրական ազդեցություն է թողնում հատկապես տարեց քաղաքացիների վրա։ Սակայն սա չի նշանակում, որ բոլոր թոշակառուները կամ տարեց ընտրողները միանշանակ կքվեարկեն իշխանության օգտին։ Թոշակների չբարձրացումը, սոցիալական ընդհանուր անբավարարությունը և ապագայի անորոշությունը շարունակում են մնալ լուրջ հակակշիռ։

Ընդդիմադիր դաշտի խնդիրները

Ընդդիմադիր դաշտում ակնհայտ է կենտրոնացման պակասը։ Քաղաքական նոր համակարգը, ընտրական կանոնները և քաղաքական բոնուսների տրամաբանությունը հանգեցրել են նրան, որ բազմաթիվ քաղաքական ուժեր պարզապես չեն հաղթահարելու նվազագույն շեմը։ Սա ստեղծում է փոշիացման երևույթ, երբ ձայները բաշխվում են բազմաթիվ փոքր միավորների միջև՝ չձևավորելով իրական մրցունակ այլընտրանք։

Այս պայմաններում ընդդիմադիր դաշտում հնարավոր է ձևավորվեն երկու կամ առավելագույնը երեք հարաբերականորեն խոշոր բևեռներ, իսկ մնացած ուժերը կմնան քաղաքական դաշտի լուսանցքում՝ առանց իրական ազդեցության։

Երիտասարդությունը՝ ամենախնդրահարույց սեգմենտը

Ամենաբարդ և միևնույն ժամանակ ամենակարևոր ընտրազանգվածը երիտասարդությունն է։ Մինչև 30 տարեկան քաղաքացիները ամենաքիչն են մասնակցում ընտրություններին, և դա ունի ոչ թե միայն քաղաքական, այլ խորքային սոցիալական պատճառներ։

Երիտասարդների մի հատվածը գաղափարապես արևմտամետ է, սակայն դա ինքնին չի նշանակում իշխանամետություն։ Նրանց մի մասը դեմ է գործող իշխանությանը, սակայն միաժամանակ չի ընդունում նաև նախկին քաղաքական համակարգը։ Այս խումբը փնտրում է նոր դեմքեր, նոր քաղաքական առաջարկներ և նոր լեզու, որը ներկայումս գրեթե բացակայում է քաղաքական դաշտում։

Երիտասարդների հիմնական խնդիրը ընտրական խոստումների մեջ չէ, այլ ապագայի ընկալման։ Նրանք իրենց հարցնում են՝ արդյոք այս երկրում հնարավոր է որակյալ կրթություն, արժանապատիվ աշխատանք, սոցիալական առաջընթաց և կանխատեսելի կյանք։ Երբ այս հարցերին համոզիչ պատասխաններ չեն տրվում, ընտրություններին մասնակցելը կորցնում է իմաստը։

Ընտրության իրական առանցքը

Առաջիկա ընտրությունների առանցքային հարցը այն չէ, թե ով քանի տոկոս կհավաքի, այլ այն, թե արդյոք քաղաքական համակարգը կկարողանա խոսել այդ մեծ, անորոշ, դժգոհ զանգվածի հետ։ Եթե քաղաքական ուժերը շարունակեն աշխատել միայն արդեն կողմնորոշված ընտրողների համար, ընտրությունները կդառնան տեխնիկական գործընթաց՝ առանց իրական քաղաքական փոփոխության։

Այս իրավիճակում ընտրության լրջությունը հենց այն է, որ այն տեղի է ունենում խորքային լուրջ խնդիրների առկայության  պայմաններում, երբ հասարակությունը կորցրել է հավատը քաղաքական խոսքի, խոստումների և ինստիտուտների նկատմամբ։ Այդ ճեղքը հաղթահարելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պարզապես ընտրություններում հաղթելը։

Scroll to Top